Աշխարհ

03.03.2017 10:55


Լսողության պահպանման համաշխարհային օրն է

Լսողության պահպանման համաշխարհային օրն է

2007 թվականի մարտի 3-ին Պեկինում անցկացված Լսողության խանգարումների կանխարգելմանն ու լսողության վերականգնման խնդիրներին նվիրված առաջին միջազգային գիտաժողովն առիթ դարձավ, որպեսզի ամեն տարի նշվի Լսողության պահպանման համաշխարհային օրը: Այն նպատակ ունի բարձրացնելու իրազեկվածությունը և խթանելու լսողության և ականջի առողջության պահպանումը ամբողջ աշխարհում:

Այս տարվա միջոցառումները նվիրված են երեխաների լսողության խանգարումների կանխարգելմանն ու վերականգնմանը և կրում են «Դարձնենք ձայնը ներդրում» խորագիրը:

Գոյություն ունեն երեխաների լսողության խանգարումների մի շարք պատճառներ: Դրանք կարող են լինել բնածին, վարակիչ հիվանդությունների, չիմացությամբ լսողության համար վնասակար դեղերի օգտագործման հետևանք:

2008 թվականից Հայաստանում իրականացվում է նորածինների լսողության սկրինինգ: Վաղ հասակում, մինչև երեխայի խոսքի զարգացումը խլություն հայտնաբերելու, լսողական ապարատով ապահովելու կամ վիրահատություն կատարելու դեպքում հնարավոր է ապահովել երեխայի խոսքի զարգացումը և հետագայում սոցիալական ադապտացիան: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների` յուրաքանչյուր 1000 երեխայից 1-2-ի մոտ հայտնաբերվում է լսողության խանգարում: 2016թ. ընթացքում իրականացվել է 25312 նորածնի հետազոտություն, հայտնաբերվել է 42 երեխա, որոնք վերցվել են հաշվառման և կստանան համապատասխան բժշկական օգնություն:

«Արաբկիր» բժշկական համալիրին կից գործող «Վատ լսող երեխաների վերականգնողական կենտրոնը», որը ստեղծվել է 2003 թվականին «Հավատ» վատ լսող երեխաների մայրերի հասարակական կազմակերպության ծրագրով, իրականացնում է լսողության խանգարում ունեցող երեխաների վաղ մասնագիտական միջամտություն հասարակական կյանք ինտեգրման համար: Տարեկան անհատական և խմբային պարապմունքների է հաճախում 3-6 տարեկան` նախադպրոցական տարիքի, թվով 40 երեխա: Յուրաքանչյուր տարի 3-16 երեխա ավարտում է կենտրոնը և ընդունվում դպրոց /հանրակրթական, ներառական և հատուկ կրթահամալիր/:

ՀՀ ԱՆ

Այս խորագրի վերջին նյութերը