Մեկնաբանություն

03.03.2017 10:25


Երկիրը դատարկում եք, որ ի՞նչ լինի

Երկիրը դատարկում եք, որ ի՞նչ լինի

Հայաստանում բոլոր տեսակի ու մակարդակի ընտրություններին մասնակցած, զավզակությունների և «դիշովի» ու խղճուկ բացատրություն-պարզաբանումների վարպետ, քաղաքական դաշտի իշխանական նշանակովի ու վերահսկելի մուտիլովչիկները հայտնվել են ընտրություններին մասնակցելու հրամայականի առջև։

Այս համատարած խառնաշփոթի մեջ վարչական, ֆինանսական ու կրիմինալ ռեսուրսի անարգել օգտագործմամբ իշխանությունը փորձում է «խփել» իրեն անհրաժեշտ տոկոսն ու թվանկարչական հմտությունների ոսկերչական կիրառմամբ ապահովել իր վերարտադրությունը։

Այսօր ունենք այն տխուր ու ճահճային իրավիճակը, որի պատասխանատուն ամբարտավան ու ինքնասիրահարված, հասարակության վստահությունը կորցրած իշխանությունն է։

Այս, իսկապես, գաղջ մթնոլորտում ամենավտանգավոր և արդենիսկ ազգային անվտանգությանը սպառնացող օրախնդիր է ահագնացող արտագաղթի կանխումը: Իրավիճակի լրջությունը չեն կարողանում թաքցնել նույնիսկ պաշտոնական վիճակագրությունն ու տեղեկատվությունը։ Ապաշնորհ ու անարդյունավետ կառավարման անասելի «ձեռքբերումների» մասին ծիծաղելի հաշվարկները նույնիսկ, անկարող են թաքցնել այն սահմռկեցուցիչ թվերը, որոնցով չափվում է Հայաստանը բոլոր հնարավոր միջոցներով լքողների քանակը։

Հայաստանը լքում են բոլոր խավերը, աղքատությունից ու գործազրկությունից, կաշառակերությունից ու անպատժելիությունից, հարկային տեռորից ու սեփական բիզնեսում ստիպողաբար 50%-անոց օրթախ ունենալուց, քրեաօլիգարխիկ «պեսպրեդելից» ու երեխաների ապագայի անհեռանկարայնությունից, բազարի վերածված կրթական համակարգից ու անարդար «արդարադատությունից», ղասաբների ու չարչիների վերածված և առողջությունը հիվանդացնող երդմնազանց բժիշկներից։

Երկրից գնում են, որովհետև համատարած անտերության ու գռփոցիի մեջ կամ պետք է փչանան ու դառնան կերակրատաշտի պնակալեզներից մեկը, կամ հարմարվեն անընդհատ խաբվելու, ստորացվելու, նվաստացվելու պայմաններին։

Արտագաղթն իսկապես դարձել է սպառնալիք։ Օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններն անգամ ահազանգում են դրա մասին։ Ու հիմա, երբ քաղաքական մեծածավալ գործընթացներ կա, իշխանություն, թե այլընտրանք, ընդդիմություն, թե քաղաքացիական շարժում, պարտավոր են սեփական «ես»-իկները մի կողմ դնեն ու կենտրոնանան միայն այդ խնդրի վրա։ Թե չէ, 4-5 տարի հետո ո՞ւմ եք բաժանելու ընտրակաշառքը, ո՞ւմ եք հիշեցնելու ձեր 127-ամյա հեքիաթը, ո՞ւմ եք խաբելու ավազակապետություն քանդելով։

Դատարկվող Հայաստանում ո՞ւմ եք ծախելու ձեր մենաշնորհային ապրանքները, ո՞ւմ վճարած հարկերից գոյացած բյուջեն եք լափելու։ Ո՞ւմ եք տանելու բանակ, որպեսզի շարք-շարք բերեք ձեզ համար քվեարկելու, ո՞ւմ համար եք «էլիտար» շենք ու ասֆալտ սարքելու, որպեսզի ատկատներ ունենաք, ո՞ւմ բիզնեսի մեջ եք փայ մտնելու։ 4-5 տարի հետո մնալու եք դուք ու ձեր չոր գլուխը և էլի իրար միս եք ուտելու։

Տոկոս կխփեք, թե` իրար, Հայաստանից հեռացող, երկիրը լքող ժողովուրդը մի վերջին հետադարձ հայացքով նայելու է ձեզ ու ասի. «Գռփեցիք ու լափեցիք, իրար հայհոյեցիք, իրար վրա գործ սարքեցիք, իրար փչացրեցիք, իրար դավաճանեցիք, մեզ անտեսեցիք, մեզ հուսախաբ արեցիք, մեզ դրդեցիք արտագաղթի ու հիմա էլի հավաքվել ու նույն սխալն եք անում, որ ի՞նչ լինի»։

Գևորգ Բալյան

Այս խորագրի վերջին նյութերը