Կարծիք

03.03.2017 07:37


Ընտրե՛ք ձեր իսկ խելքով, այլ ոչ թե ուրիշի խոսքով կամ ազդեցությամբ

Ընտրե՛ք ձեր իսկ խելքով, այլ ոչ թե ուրիշի խոսքով կամ ազդեցությամբ

Հարգելի՛ հայրենակիցներ, ցանկանում եմ բոլորիդ ուշադրությանը ներկայացնել, թե ինչպես է ուղղակի և անուղղակի ձևով մեր իսկ ձեռքով կատարած ընտրությունը ազդել մեր ժողովրդի, մեր առօրյայի, ամենօրյա գործունեության և, ընդհանրապես, յուրաքանչյուրիս կյանքի վրա անհատապես:
Ստորև ներկայացնեմ այն իրավիճակները և խնդիրները, որոնց հետ ամեն օր բախվում է մեր բնակչության ճնշող մեծամասնությունը:
Տան կամ բնակարանի խնդիր․ այո՛, մեր հանրապետությունում հազարավոր ընտանիքներ ունեն այս ծանր խնդիրը, ինչպես նաև հազարավոր ընտանինքեր ուղղակի չեն կազմավորվում այս սպառնալիքի ազդեցության ներքո, հազարավոր հայ մանուկներ չեն ծնվում այս սպառնալիքի ազդեցության հետևանքով:

Սննդի խնդիր․ այո՛, ցավալի է, սակայն սա նույնպես մեր ժողովրդին տանջող ծանրագույն խնդիրներից է: Տասնյակ հազարավոր ընտանիքներ չեն կարողանում կազմակերպել իրենց առօրյան՝ օրգանիզմի համար անհրաժեշտ սնունդ ապահովելով, իսկ հազարավոր ընտանիքներ ունեն ամենօրյա ցամաք հացի խնդիր:
Բժշկություն. ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ այս խնդիրը արմատավորվել է մեր ազգի կյանքում և գիտակցություն մեջ: Հարյուր հազարավոր մարդիկ չեն դիմում բժշկի զուտ միայն ֆինանսական անվճարունակության պատճառով, տասնյակ հազարավոր մարդիկ չեն կարողանում անգամ ամենահասարակ ու էժանագին դեղերից օգտվել:
Մեր հանրապետությում իրականցվող վարկային քաղաքականության մասին խնդիրը գոյություն ունի գրեթե մեր բոլոր քաղաքացիների կյանքում: Այո՛, սա խնդիր է՝ հիվանդություն, որով վարակել են մեր ողջ ազգին: Արտագնա աշխատանքի երևույթը, կարծես, մեզ մոտ դարձել է ընդունելի և սովորական, բայց սա իրականում սարսափելի երևույթ է: Այո՛, սարսափելի է, երբ ծնողը իր մանկահասակ երեխաներին թողնում և մեկնում է արտագնա աշխատանքի, սարսափելի է, երբ երեխան իր ծեր ծնողին թողնում է և մեկնում արտագնա աշխատանքի, սարսափելի է, երբ մենք մեր հայրենիքի փոխարեն ուրիշի հայրենիքն ենք շենացնում և շատ ավելի սարսափելի է, երբ դա արդեն ընդունում ենք որպես սովորական ու նորմալ երևույթ:
Ուսում․ այո՛, ամոթալի է, սակայն փաստ է, որ ուսումը ևս խնդիր է դարձել մեզ և մեր երեխաների համար: Մենք կորցնում ենք մեր ազգը պահող միջուկը՝ չստեղծելով անհրաժեշտ պայամաններ մեր սերունդների կրթության համար:
Այո՛, հազարավոր երիտասարդներ չեն կարողանում կրթություն ստանալ, որովհետև չեն կարողանում վճարել ուսման դիմաց, մարզերից հազարավոր երիտասարդներ չեն կարողանում ուսում ստանալ բնակարանային վարձավճարի պատճառով:
Սիրելի՛ հայրենակիցներ, կցանկանայի շեշտը դնել այս կետի վրա, քանզի այս գործոնի հետևանքները անդառնալի ազդեցություն կթողնեն մեր ժողովրդի և մեր հայրենիքի պատմության վրա:
Սիրելի՛ ժողովուրդ, երևի թե բոլորն են իրենց տալիս այս հարցերը. «Ինչու՞ է մեր երկիրը այսպես, ի՞նչն է այս բոլոր խնդիրների պատճառը, ինչու՞ չենք կարողանում լուծել այս խնդիրները, ո՞վ է այս ամենի մեղավորը և այլն» :
Եվ գրեթե բոլորի մոտ պատասխանը նույնն է՝ իշխանություններն են մեղավոր:
Իսկ ես կպատասխանեմ. «Ո՛չ, հարգելի՛ ժողովուրդ, իշխանությունները չեն գլխավոր մեղավորը, գլխավոր մեղավորը մենք ինքներս ենք, գլխավոր մեղավորը ժողովուրդն է»:
Քանզի հենց ինքը ժողովուրդն է «ստեղծել» այդ իշխանություններին ու ինքն է ընտրել իրեն իշխանություն:
Իսկ ինչպե՞ս է ընտրել, ինչպե՞ս ենք ընտրել, սիրելի՛ հայրենակիցներ:
Տվե՛ք յուրաքնչյուրդ այս հարցը ինքներդ ձեզ, տվե՛ք և անկեղծ եղե՛ք ինքներդ ձեզ հետ:
Տվե՛ք ու մտածե՛ք, թե ինչպես ենք վարվել ինքներս մեզ հետ, մեր զինվորների, մեր երեխաների, մեր հայրենիքի հետ:
Տվե՛ք ու դաս քաղե՛ք ձեր իսկ կյանքից:
Իմ հա՛յ ժողովուրդ, իմ կոչն է բոլորիդ՝ ընտրե՛ք ձեր իսկ խելքով, այլ ոչ թե ուրիշի խոսքով կամ ազդեցությամբ, այլ ոչ թե գումարով կամ անձնական շահով, ընտրե՛ք ձեր սեփական խելքով:
Եվ ես կարող եմ վստահեցնել հաստատակամորեն՝ մենք կունենանք այն երկիրը, որի մասին երազում ենք յուրաքանչյուրս:

Դավիթ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը