Քաղաքական

02.03.2017 17:11


Րաֆֆի Հովհաննիսյանը մարտի 2-ի օրվա խորհրդի մասին (լուսանկար)

Րաֆֆի Հովհաննիսյանը մարտի 2-ի օրվա խորհրդի մասին (լուսանկար)

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանն այսօր անդրադարձել է 1992թ. մարտի 2-ի արժանահիշատակ իրադարձությանը՝ Հայաստանի անդամակցությանը ՄԱԿ-ին եւ այդ առնչությամբ Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայանի առջեւ հայկական դրոշի ամրացման 25-րդ տարեդարձին: Ուղերձում մասնավորապես ասված է.

«Կարծես երեկ էր, բայց արդեն 25 տարի է անցել պատմական այն օրվանից, երբ ՄԱԿ-ի կենտրոնակայանի գրասենյակի առջեւ ծածանվեց Հայոց եռագույնը: Քիչ է այդ օրը պատմական անվանելը: Այն ոչ միայն մեծ բերկրանքի, արժանապատվության ու հպարտության, այլեւ պարտքի ու պատասխանատվության օր էր:

Այդ զգացումներն էին պարուրել ինձ՝ որպես ՀՀ արտաքին գործերի առաջին նախարար, եւ այդ օրը կենտրոնակայանի մոտակայքում խմբված մյուս հայերի հոծ բազմությանը: Եվ դա հասկանալի էր. նորանկախ Հայաստանի Հանրապետությունը մաս էր կազմում ինքնիշխան պետությունների մեծ ընտանիքին եւ, ընդունելով Միավորված ազգերի կանոնադրությունն ու սկզբունքները, կրկին հայտնվում էր աշխարհի քաղաքական քարտեզի վրա եւ միջազգային ճանաչում ստանում:

Այժմ հետադարձ հայացք գցելով անցած քառորդդարյա ուղուն, ուրախանում եմ աշխարհաքաղաքական արագ փոփոխվող իրադրության պայմաններում ունեցած մեր ձեռքբերումներով եւ միաժամանակ ափսոսանք ապրում այն բացթողումների համար, որոնք կարող են վնասել Հայոց պետականության լիարժեք կայացմանն ու հայ ժողովրդի անվտանգության եւ բարօրության առաքելությանը:

Ամեն դեպքում ուղու ընտրությունն անսխալ է, մնում է լրջորեն մտածել Մարտի 2-ի խորհուրդը փայփայելու, արտաքին քաղաքականության ոլորտի բարեփոխումները օրվա հրամայականին ծառայեցնելու եւ ժամանակի մարտահրավերներին համարժեք առաջ շարժվելու մասին:

Օգտվելով առիթից, կուզենայի Մարտի 2-ի կապակցությամբ շնորհավորել ՀՀ դիվանագիտական համայնքին եւ ողջ հայությանը, մաղթել բոլորիս բարի կամք, հաջողություններ ու համազգային իղձերի անշեղ իրականացում»:

«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը