Կարծիք

02.03.2017 14:20


Անբիծ ընտրությունների դեպքում ՀՀԿ-ն որևէ շանս չունի հաղթելու

Անբիծ ընտրությունների դեպքում ՀՀԿ-ն որևէ շանս չունի հաղթելու

Սերժ Սարգսյանը որոշել է համալրել ընդդիմության շարքե՞րը։ Հա, լուրջ։ Համենայնդեպս, մամուլի հրապարակումներից։ Այսօր թերթերից մեկում կարդացի, թե, իբր, սեփական կուսակցության ռեյտինգային թեկնածուներին «արդար խաղալու» կոչ է արել։

«Էդ ձայնը պիտի ձեր կուսակցական ընկերոջը տաք, որ հիմա իրար կողքի նստած եք, ոչ թե գրանցումներ անեք։ Մենք պետք է անբիծ ընտրություններ անցկացնենք, այլ տարբերակ չունենք»։ Բա․․․մարդն իսկական պայքար է սկսել սեփական կուսակցության դեմ՝ հանուն ազատ արդար ընտրությունների։

Գրում են, թե, իբր, նրան զայրացրել է այն, որ ՀՀԿ-ի գործարար թեկնածուները ստիպում են իրենց աշխատողներին գրանցումը փոխել ու քվեարկել նրանց օգտին։ Սերժ Սարգսյանն էլ, փաստորեն, հորդորում է այդ գործարարներին ստիպել աշխատողներին, որ ՀՀԿ-ի օգտին քվեարկեն այնտեղ, որտեղ գրանցված են։ Դե, բա «Էդ ձայնը պիտի ձեր կուսակցական ընկերոջը տաք․․․»․ ասես այդ ձայնն արդեն նրանց գրպանում է, մեկ էլ պետք է «կուսակցական ընկերոջը» կամ ուրիշ մեկին տան։

Բայց սա՝ հեչ։ Կարևորն այստեղ այն է, որ, փաստորեն, Սերժ Սարգսյանը փորձում է անջատել իրեն ընտրակեղծիքների մեխանիզմներից և հասարակությանը ներկայանալ յուրահատուկ «արբիտրի», «անկողմնակալ դատավորի» դերում։ Երևի փորձում է ցույց տալ, որ ինքը վերջապես «հավատացել ու փոխվել է», հիմա էլ որոշել է «սկսել իրենից», այսինքն՝ իր կուսակցությունից։

Իսկ իրականությունն այն է, որ «անբիծ» ընտրությունների դեպքում ՀՀԿ-ն որևէ շանս չունի ոչ միայն հաղթելու, այլ նույնիսկ 7–տոկոսանոց շեմը հաղթահարելու։ Այս կերպ Սերժ Սարգսյանը միայն թոզ է փչում հասարակության աչքերին։ Չգիտեմ՝ իսկապես կդադարի՞ մարդկանց ցուցակագրումը, գրանցում փոխելը և այլն․ ի վերջո, սա փոքր երկիր է, դա շուտով կտեսնենք։ Բայց ուռճացված ընտրողների ցուցակները խոսում են այն մասին, որ այս անգամ ևս ընտրություններին քվեարկելու են հանգուցյալները, արտագաղթած մեր հայրենակիցները և այլ «մահացած հոգիներ»։ Դա է ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի միակ կայուն «ընտրազանգվածը»։

Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը