Կարծիք

02.03.2017 14:15


Իշխանության կարգախոսը՝ «պոսլե զավտրա»...

Իշխանության կարգախոսը՝ «պոսլե զավտրա»...

Դեռևս վաղ անցյալում, երբ Սերժ Սարգսյանը փափագում էր նախագահ դառնալ, Գյումրիում խոստումներ էր տալիս «գնա՜ գալիս եմ»: Բա թե՝ ընտանիք չի լինելու, որ դոմիկում ապրի, թե դոմիկները մնալու են վաղ անցյալի հիշողություններ:

2017թ-ին Գյումրիում հազարավոր ընտանիքներ դոմիկներում են ապրում, իսկ մնացած հազարավորներն արդեն վաղուց արտագաղթի ճանապարհն են բռնել:

2015 թվականին, երբ երևան եկավ սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը, Սերժ Սարգսյանը հանձնարարեց անհապաղ զբաղվել Գյումրու երկրորդական փողոցների ասֆալտապատման և լուսավորման խնդիրների կարգավորմամբ: Ասես՝ տան հարցերը լուծվել էին, հիմա էլ ասֆալտապատումն ու լուսավորությունն էին մնացել: Ինչևէ, նրանից գնում էր այդ պահին ասել, ասել էր, խոսք տալ ու այն չկատարել, դա արդեն ուրիշ թեմա է:

Հանրաքվեն էլ եկավ-գնաց, վերարտադրության խնդիրն էլ լուծեցին, ու էլի «փորը՝ կուշտ, տակը՝ չոր» հանգի՜ստ նստեցին. ի՞նչ վերանորոգում, ի՞նչ ասֆալտապատում:

Հետո իմացանք, որ 2015-ի խոստումները պետք է իրականացվեին 2016-ին, բայց չէ, սխալմունք էր եղել, ոչ թե 2016թ-ին, այլ 2017-ի: Հիմա էլ վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից տեղեկացնում են, որ եթե եղանակները բարենպաստ լինեն, ապա աշխատանքները կմեկնարկեն 2018 թվականի գարնանը: Ռուսի ասած՝ «պոսլե զավտրա»:

Խոսակցություն կա նաև, որ 2018 թվականին կիրականանա 2008 թվականի խոստումներից մի քանիսը. Գյումրին վերջապես կունենա բարեկեցիկ, ասֆալտապատ լուսավոր փողոցներ, իսկ դոմիկները… դրանք այս իշխանության նկարագիրն են, քան դեռ նրանք կան, դոմիկներն էլ են լինելու:

Գուրգեն Ամիրխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը