Կարծիք

01.03.2017 19:26


Որպես ուժ՝ ես տեսնում եմ «Օհանյան–Րաֆիի–Օսկանյան» դաշինքը

Որպես ուժ՝ ես տեսնում եմ «Օհանյան–Րաֆիի–Օսկանյան» դաշինքը

Սի՛րելի հայրենակիցներ մեր երկրում ծառացել են բազում ծանր մարտահրավերներ, որոնք հաղթահարելու համար պետք է բոլորս համախմբվենք մեկ միասնական գաղափարի՝ արդարության շուրջ։ Թե ինչպիսին է մեր իրականությունն այսօր, բոլորին քաջ հայտնի է՝ ծանր տնտեսական վիճակ, արտագաղթ, գործազրկություն, ամենուրեք կոռուպցիա և այսպես կարելի է անվերջ թվարկել։ Իսկ ի՞նչն է այս ամենի պատճառը. իհարկե, երկրում համատարած տիրող անարդարությունը։ Արդարությունը սկսվում է յուրաքանչյուր անհատից, յուրաքանչյուր արարքից։ Որպեսզի մենք կարողանանք արդարություն պահանջել, նախ պետք է մենք արդար լինենք, արդար լինենք ինքներս մեզ հետ։
Չի՛ կարելի գումարով մասնակցել ընտրության, այնուհետև այդ նույն իշխանությունից արդարություն պահանջել։ Չի՛ կարելի սեփական շահի համար ուրանալ ազգային շահը, հետո արդարություն պահանջել։
Ցանկացած ընտրություն բանալի է երկրի խնդիրների լուծման համար, եթե իհարկե ժողովուրդը ճիշտ է կողմնորոշվում, եթե ժողովուրդը չի առաջնորդվում իր թվացյալ անձնական շահով և սատարում է ճիշտ ուժի, որը մտահոգված է երկրի և ժողովրդի ապագայով։
Եթե մենք այդ արդարությունը չենք պահպանում անհատապես, ապա մենք անարդար ենք ինքներս մեզ հետ։ Գումար վերցնելու և ընտրություններին մասնակցելու դեպքում մենք անարդար ենք վարվում ինքներս մեզ հետ, մեր երեխաների հետ՝ վտանգելով մեր և մեր երեխաների ապագան:
Այդ ամենը պետք է հասցվի ժողովրդի գիտակցությանը, որպեսզի մարդիկ հասկանան, որ ժողովրդին օգտագործում են։ Գտնելով յուրաքանչյուրի թույլ կողմը՝ մարդկանց օգտագործում են իրենց անձնական շահի համար։
Երբ ուսումնասիրում ենք մեր պատմությունը, տեսնում ենք, որ լինելով աշխարհի հնագույն ժողովուրդներից մեկը՝ հազարամյակներ շարունակ պայքարել ենք անարդարության դեմ,պայքարել ենք շատ ավելի ծանր իրավիճակներում, քան ներկայումս ենք և միշտ էլ տրվել են լուծումներ, հաղթահարվել են բոլոր մարտահրավերները, ինչի շնորհիվ էլ մենք գոյություն ունենք։
Իսկ ներկայումս ապրելով մի ժամանակաշրջանում, որտեղ մարդը համարվում է բարձրագույն արժեք, երբ նրա իրավունքները պաշտպանվում են Սահմանադրությամբ, երբ յուրաքանչյուրի գիտակցությանը հասանելի է հայրենիք ունենալու գինը, և այս պարագայում հանուն անձնական շահի մեր երկրի, մեր ժողովրդի ապագան վտանգելն ուղղակի անթույլատրելի է։
Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, կոչ եմ անում մեր հայրենակիցներին համախմբվել արդարության գաղափարի շուրջ՝ փրկելով ինքներս մեզ, փրկելով մեր հայրենիքը, փրկելով մեր ժողովրդին և մեր երեխաներին։ Իմ կարծիքով փրկության միակ ճանապարհն արդար լինելն է և արդար հանրապետություն ստեղծելը։
Այդ ամենի համար, որպես ուժ, ես տեսնում եմ «Օհանյան–Րաֆիի–Օսկանյան» դաշինքը. այս ուժն առաջնորդում են մաքուր մարդիկ՝ հայրենիքին նվիրված և հայրենիքով մտահոգված։ Այսինքն, վստահ կարող եմ ասել, որ այս ուժի գործունեությունն ուղղված է երկրի և բնակչության բարեկեցիկ և անվտանգ կյանքի ապահովմանը։

Դավիթ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը