Կարծիք

01.03.2017 14:25


Ո՞ւմ է ձեռնտու, որ մարտի 1-ի գործը չբացահայտվի

Ո՞ւմ է ձեռնտու, որ մարտի 1-ի գործը չբացահայտվի

Այսօր մարտի 1-ի ողբերգության հերթական տարելիցն է։ Սակայն զոհերին սգալու փոխարեն որոշ քաղաքական ուժեր փորձում են մեր պատմության այս սև օրն օգտագործել շահադիտական նպատակներով, քաղաքական դիվիդենդներ շահելու, հակառակորդներին հարվածելու համար։ Թեև ակնհայտ է՝ ով էր այդ հանցագործության շահառուն, այսօր թե՛ իշխանությունները, և, ինչն առավել զարմանալի է, որոշ «ընդդիմադիր» ուժեր փորձում են փոշիացնել մեղքը, բարդել այն «բոլորի», այսինքն՝ ոչ մեկի վրա։

Սա առիթ է ևս մեկ անգամ վերհիշելու այդ ողբերգական դեպքերը և փորձելու հասկանալ կատարվածը։ Եթե հիշում եք, այդ ժամանակվա իշխանությունները հայտարարեցին, որ փաստեր ունեն զինված ապստամբության նախապատրաստման վերաբերյալ։ Եվ դրան հերքում հակառակ ճամբարից չեղավ։ Ցույցը ցրվեց, մտցվեց արտակարգ դրություն, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ՝ բողոքավոր ժողովրդի այդ ժամանակվա «առաջնորդը», նստեց տանը՝ վախենալով սեփական կյանքի համար (չնայած մինչ այդ հայտարարում էր՝ «թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի»)։

Հետո եղան բախումներ, որի հետևանքով մարդիկ զոհվեցին։ Այդպիսի բաներ կարող են պատահել ցանկացած երկրում, նույնիսկ ամենաժողովրդավար։ Սակայն այս դեպքի առանձնահատկությունն այն է, որ ուժային կառույցները պատասխանատվություն չստանձնեցին այդ զոհերի համար։ Այսինքն, նրանք չեն կրակել ժողովրդի վրա։ Եվ նման բան պատկերացնելն էլ դժվար է․ ինչ ուզում եք՝ ասեք, հայ զինվորը, սպան սեփական ժողովրդի վրա կրակող չեն։

Ուրեմն կրակել են այդ մարդիկ, և այդ զոհերի գնով անկարգությունները կանգնեցվել են, իսկ Սերժ Սարգսյանը դարձել է նախագահ։ «Ո՞ւմ էր ձեռնտու» հարցի պատասխանն ակնհայտ է։ Անհասկանալի է մեկ այլ բան․ ինչո՞ւ են այդ դեպքերի այն ժամանակվա մասնակիցները և այսօրվա «թունդ ընդդիմադիրներն» անուններ տալուց նշում բոլորին, բացի այդ սպանդի գլխավոր շահառուից։ Գուցե այդ շահառուն նրանց մասին ինչ-որ բան գիտի, որ նույնպես կարող է պատմել և լույս սփռել այդ դեպքերի վրա։ Գուցե այդ գործի բացահայտման հետևանքով ընդդիմության այդ «առաջնորդները» նույնպես ճաղերի հետևում հայտնվեն, եթե վերհանվեն զինված ապստամբության փորձի մասին փաստերը։

Իսկ այսպիսի իրավիճակը ձեռնտու է բոլորին․ Սերժ Սարգսյանի անունը չի կապվում մարտի 1-ի ողբերգության հետ, իսկ այդ ողբերգությունն էլ շահարկվում է Սերժ Սարգսյանի հակառակորդների դեմ։ Իսկ շահարկողներն էլ օգտագործում են այն՝ է՛լ ավելի «թունդ ընդդիմադիր» երևալու համար։

Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը