Տնտեսական

01.03.2017 10:15


Նաիրիտցիների համակարգող խումբը կրկին դիմել է կուսակցություններին

Նաիրիտցիների համակարգող խումբը կրկին դիմել է կուսակցություններին

Նաիրիտցիների համակարգող խումբը կրկին դիմել է այն 12 կուսակցություններին («Բարգավաճ Հայաստան», «Հայկական Վերածնունդ», «Հայ Ազգային Կոնգրես», «Համախմբում», «Ժառանգություն»,«Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր», «Ազատ Դեմոկրատներ», «Նոր ժամանակներ», Հայաստանի Դեմոկրատական, «Ալյանս» կուսակցություններ, «Միասնություն» համազգային շարժում), որոնք պատրաստակամություն են հայտնել օգնել, աջակցել «Նաիրիտի» վերագործարկման պայքարում, բարձրաձայնել մտահոգիչ խնդիրների մասին։ Ստորև ներկայացնում ենք դիմումը։

«Հարգելի՛ կուսակցություն,

«Նաիրիտն» իր ողջ հզորությամբ վերագործարկվելու մեր հույսերը հետզհետե մարում են՝ տեսնելով ՀՀ կառավարության հերթական քայլերն ու ջանքերը՝ վերացնելու բոլոր հնարավորություններն ու ճանապարհները, որոնք կարող էին տանել դեպի մեր նպատակը՝ նաիրիտցիների վերադարձ իրենց աշխատատեղ։

Փետրվարի 23-ին ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմից մեզ ուղարկված գրության մեջ (կցվում է) ասվում է, որ 2017 թվականի փետրվարի 17-ի որոշումներով՝ սկսվել է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի լուծարման վարույթ, որով կասեցվել է ընկերության գործունեությունը, գույքը կառավարելու և տնօրինելու բաժնետիրոջ իրավունքները։

Նամակում տեղեկացվում է, որ այսուհետ հարցերի դեպքում դիմենք ընկերության սնանկության գործով կառավարչին կամ դատարան, քանի որ նախարարության իրավասությունից դուրս է «Նաիրիտի» գործունեության կամ հետագա ծրագրերի մասին հարցերը։

Ստացվում է՝ ՀՀ կառավարությունը «լվանում է ձեռքերը» «Նաիրիտից» և ողջ պատասխանատվությունը բարդում կառավարչի ուսերին՝ քաջ գիտակցելով, որ վերջինս չունի որևէ իրավասություն «Նաիրիտի» վերագործարկմանն առնչվող հարցեր լուծելու, իսկ ցանկացած գրություն «Նաիրիտի» սնանկության գծով կառավարիչ Կարեն Ասատրյանի համար զուտ պահպանման ենթակա փաստաթուղթ է, իր իսկ խոսքերով՝ նա այդ ամենն ընդունում է «ի գիտություն»։

Նախարարության վերոնշյալ գրության մեջ նաև ասվում է, որ սնանկ «Նաիրիտի» գրեթե ողջ գույքը հետայսու համարվում է 100 տոկոս պետական մասնաբաժին ունեցող «Նաիրիտ-2» ընկերության գրավի առարկա, որով կառավարությունը ստանում է իրավունք՝ համապատասխան ենթակառուցվածքները առաջարկել ներդրողին՝ առանց պարտքերի։

Ստացվում է՝ Կառավարության կողմից 2016 թ․ նոյեմբերի 14-ին հայտարարված մրցույթը, ինչի մասին բազմիցս ենք շեշտել, ձևական և ժամանակ ձգձելու միջոց էր։ Երկու հայտերը, այդ թվում՝ «EU-Asia Bussiness Finance Center Holding»-ի կողմից ներկայացված, արժանացան անհայտ ճակատագրի, չամփոփվեցին արդյունքները, չներկայացվեց եզրակացություն։ Ստացվում է՝ այսպես կոչված մրցույթը հոգեկան ապրումներ, նյութական ծախսեր առաջացնելուց բացի՝ ոչինչ չտվեց, իսկ ժամանակն աշխատեց հօգուտ «Նաիրիտը» կործանողների։

Այսպիսով, մեր մտավախություններն իրականություն են դառնում․ սնանկության անվան տակ Կառավարությունը նպատակ ուներ օտարելու «Նաիրիտի» հիմնական արտադրությունները՝ քլորոպրենային կաուչուկի արտադրության համար անհրաժեշտ և պիտանի սարքավորումները, և ինչպես բազմիցս ենք բարձրաձայնել, թողնել միայն քլորի արտադրությունը՝ այն ռուսական ներդրողին հանձնելու նպատակով։ Այնինչ, կառավարությունը, ստանալով «Նաիրիտի» գույքի հանդեպ տնօրինելու և կառավարելու իրավունք, կարող է «Նաիրիտը» տրամադրել այնպիսի ներդրողի, որը պատրաստ է վերաթողարկել գործարանն ամբողջ հզորությամբ։

Ցավոք, աշխարհում հայտնի «Նաիրիտի» բրենդ հանդիսացող կաուչուկի արտադրությունը չի մտնում մեր կառավարության ծրագրերի մեջ։ Թվում էր՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը լավ պետք է հասկանար բրենդի արժեքը, և թե ինչ ռեսուրսներ են ծախսում պետությունները՝ այս կամ այն ապրանքանիշի հանդեպ ձևավորելու համար դրական վերաբերմունք սպառողների լայն շրջանում նաև երկրի սահմաններից դուրս, և որ ամենակարևորն է՝ ամեն պետություն չէ, որ կարող էր ունենալ «Նաիրիտի» կաուչուկի պես ապրանքանիշ։

Հարգելի՛ կուսակցություն, հաշվի առնելով վերոգրյալը և ՀՀ տնտեսության զարգացման երաշխիք հանդիսացող «Նաիրիտի» հանդեպ ՀՀ կառավարության կողմից դրսևորվող անարդար և անշահեկան գործելաոճը՝ խնդրում ենք Ազգային ժողովում, լրատվական և օրինական այլ միջոցներով բարձրաձայնել «Նաիրիտի» խնդիրը, օրենքի սահմաններում կատարել քայլեր՝ փրկելու ՀՀ տնտեսության ողնաշարը, որի գինը, ցավոք, չեն հասկանում կամ չհասկանալու են տալիս մեր երկրի իշխանությունները։

Հարգանքներով՝

Նաիրիտցիների համակարգող խումբ

Այս խորագրի վերջին նյութերը