Մեկնաբանություն

01.03.2017 00:05


ՕՐՕ–ի հաջող մեկնարկը

ՕՐՕ–ի հաջող մեկնարկը

Փետրվարի 25-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի համաժողովը նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկից առաջ չափազանց ներկայանալի, ընդգրկուն, բովանդակային առումով հագեցած քաղաքական միջացառում էր:

Քարոզարշավից օրեր առաջ նման բազմամարդ լսարանով, հստակ ասելիքով և բարձր կազմակերպվածությամբ անցկացված քաղաքական համաժողովի իրողությունը հիմք է տալիս ենթադրելու, որ դաշինքի քարոզարշավն ընթանալու է նույնքան հաջող, լինելու է դիտարժան, գրավիչ և, որ ամենակարևորն է՝ ընտրողները դաշինքի ներկայացուցիչներից արժանահավատ խոսք են լսելու (պոպուլիզմից ու ավելորդ չափազանցումներից զերծ խոսք): Ինչպես փետրվարի 25-ին լսեցինք համաժողովում: Եվ, ի դեպ, հաճելի էր, որ դահլիճից բացակայում էր կույր ֆանատիզմը, մի բան, որը շատ վտանգավոր է, ինչը տարիներ շարունակ զգալի է եղել այլ դահլիճներում՝ այլոց քաղաքական հավաքների ժամանակ: Այս դեպքում ներկաները, պարզապես զուսպ պատկառանքով էին լսում բոլոր ելույթները, քանզի բանախոսները հեռու են ամբոխահաճո ճառասացների տեսակից, երկրում տիրող իրավիճակը ներկայացնում էին փաստերով, այս կամ այն խնդրի վերաբերյալ տրված գնահատականները հիմնավոր էին և, բնականաբար, առանցքային հիմնախնդիրների լուծման ուղիները մատնացույց արեցին:

«Համախմբում» կուսակցության նախագահ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն իր ելույթում նկատեց, որ վճռվելու է երկրի ապագան հաջորդ 10 տարիների համար:

«Եթե թույլ տվեցինք՝ այն իշխանությունը, որը երկիրը հասցրել է անդունդի եզրին, վերարտադրվի, հավատացեք, որ հաջորդ տասնամյակներում մեզ լավ բան չի սպասելու: Իշխանափոխության հրամայականն այսօր Հայաստանում օդում է»,- հայտարարեց Օսկանյանը, ով նաև վստահեցրեց՝ արտագաղթի տխուր պատկերը, կոռուպցիայի բարձր մակարդակն ու երկրի տնտեսական ծանր վիճակը հնարավոր է փոխել քաղաքական կամք դրսևորելու միջոցով:

Իր հերթին, երկրում տիրող խայտառակ իրավիճակը պաշտոնական թվերով ներկայացրեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, դաշինքի համամասնական ցուցակում երկրորդ տեղը զբաղեցնող Արմեն Մարտիրոսյանը, որը համոզմունք հայտնեց, որ ՕՐՕ դաշինքի ղեկավարությունն ունի պետականաշինության, բանակաշինության զգալի փորձ, բարձր ինտելեկտ ու մեծ ներուժ երկրում առաջընթաց ապահովելու համար:

Ինչ-խոսք, սպասելի էր, որ ծրագրային ելույթով (կամ ծրագրի սեղմ տարբերակի ներկայացմամբ) հանդես կգա ՀՀ ՊՆ նախկին ղեկավար, դաշինքի ցուցակի առաջին համար Սեյրան Օհանյանը: Ինչպես ասում են՝ լա՜վ աշխատված, հավասարակշված, թերասածություններից ու զգուշավոր շրջանցումներից զերծ, բաց ճակատով հանդես եկող ռազմական և քաղաքական գործչի ելույթ էր: Նա ևս մեկ անգամ պարզաբանեց, թե ինչո՞ւ զինվորական կենսագրությամբ, անկուսակցական պաշտպանության նախարարը մտավ քաղաքականություն. «Պատասխանը հստակ է՝ իմ որոշման հիմքում այն խոր համոզմունքն է, որ այսօրվա գործող համակարգով, խաղի կանոններով, տնտեսական քաղաքականությամբ, ներհասարակական բարոյական մթնոլորտով Հայաստանի զարգացման հնարավորությունները սպառվել են»։

Սեյրան Օհանյանը ներկայացրեց նախարարի պաշտոնում իր կատարած աշխատանքը՝ մեկ առ մեկ թվարկելով այն ծրագրերը, որոնք հաջողությամբ իրականացրել է և դրանք հիրավի կարևորագույն ձեռքբերումներ են ժամանակակից աշխարհում գերակա դարձող արհեստավարժ բանակի գաղափարի կենսագործման ճանապարհին:

Ի դեպ, մինչ օրս իշխանական ճամբարից առարկություններ չեն հնչել կամ չեն փորձել հերքել նախարարի պաշտոնում Օհանյանի արձանագրած ձեռքբերումները, որոնց մասին նա նշեց իր ելույթում: Ի՞նչը հերքեն: Իրականությո՞ւնը: Անդրադառնալով Ղարաբաղի խնդրին՝ Օհանյանը պնդեց. «Բոլոր ազդեցիկ քաղաքական ուժերի ղեկավարները պետք է հանդես գան Ղարաբաղի խնդրի վերաբերյալ իրենց հստակ տեսակետներով։ Ավելին՝ ես բոլոր առաջնորդներին հրապարակային քննարկման կոչ եմ անում, քանզի այն սերտորեն շաղկապված է Հայաստանի անվտանգության խնդրի և տարածաշրջանում խաղաղ գոյատևման խնդրի հետ»:

Պաշտպանության նախկին նախարարը ասաց, որ փաստ է՝ Արցախն արդեն ինքնորոշված է: Իսկ միակողմանի զիջումներն անընդունելի է համարում. «Պետք է Հայաստանը զարգացնենք, որպեսզի լուծենք Արցախի հարցը և տևական խաղաղություն ապահովենք»:

Ինչ վերաբերում է տնտեսական, սոցիալական, դեմոգրաֆիկ իրավիճակին և այլ խնդիրներին, որոնք առկա են երկրում, այդ թեմաները ևս տեղ էին գտել նրա ելույթում, և նա նաև նշված ոլորտներում իրավիճակը շտկելուն միտված կոնկրետ քայլեր մատնանշեց, թվեր ու օրինակներ բերեց: Ամենուր վիճակն աղետալի է: Այնպես, որ ժամանակն է փոխել վիճակը երկրում։

«Ես ասում եմ՝ հերի՛ք է հանդուրժենք անարդարությունը։ Մեզ օդի պես ազատություն, ջրի պես մաքրություն, հացի պես արդարություն է պետք: Եվ առաջարկում եմ՝ հենց այս՝ «Հերի՛ք է» կարգախոսով քաղաք առ քաղաք, գյուղ առ գյուղ, տուն առ տուն մարդկանց մեջ արթնացնենք արժանապատվության, հույսի և լավատեսության ալիքը։ Եկեք միասի´ն կերտենք մեր կայուն ու արդար ապագան: Հաղթանա´կ եմ մաղթում բոլորիս»,- իր ելույթն այսպիսի կոչով ու մաղթանքով ավարտեց Սեյրան Օհանյանը։

Իսկապե՛ս, մեզ անհրաժեշտ են նո՛ր քաղաքական վերնախավ, նո՛ր մտածելակերպ, նո՛ր արտաքին և ներքին, տնտեսական քաղաքականություն, նո՛ր ներուժ, նո՛ր մթնոլորտ։

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը