Մեկնաբանություն

28.02.2017 11:20


Համամասնականո՞վ, թե՞ ռեյտինգայինով ընտրել «ապրանք»

Համամասնականո՞վ, թե՞  ռեյտինգայինով ընտրել «ապրանք»

Քաղաքականապես «գերհագեցած» մթնոլորտի ականատեսն ենք դառնում։ Համամասնական և ռեյտինգային բազմիմաստ, բայց իրականում շատերի համար որևէ նշանակություն և կարևորություն չունեցող ընտրակարգերի մասին ամենատարբեր բացատրությունների ու գնահատականների, «գաղափարական սկզբունքների» և «ծրագրային դրույթների» շահարկումների ու անիմաստ ու տափակ մեկնաբանությունների, ջրիկ ու ծիծաղաշարժ փաստարկների ու նույնքան խղճուկ ու անտրամաբանական հակափաստարկների շքերթն ամբողջությամբ ծածկել է քաղաքական մթնոլորտը։

Բոլորն այնքան են տարվել այդ անհեռանկար և անպտուղ, բայց միևնույն ժամանակ հեշտ ու քաղաքական շահարկման համար ձեռնտու բանավեճով, որ նույնիսկ անուշադրության են մատնում այնպիսի իրադարձություններ, որոնց մասին, անկախ տեղեկատվածության իրենց աստիճանից, պարտադիր տեսակետներ հայտնելն ու ճիշտ-սխալ մեկնաբանություններ, վերլուծություններ ու կանխատեսումներ անելն իրենց սրբագույն պարտքն են համարում քաղաքական միջավայրի ամենակարկառունից մինչև ամենամոռացված ու որևէ հետաքրքրություն չներկայացնող գործիչներն ու գործիքները։

Ընտրակարգերի մասին բանավեճն այն նշանակետը դարձավ, որն անհասկանալի արագությամբ համախմբեց ամենաերևացող և միևնույն ժամանակ քաղաքական ձեղնահարկի ամենախուլ անկյուններից դուրս եկած և հանրային գիտակցության ամենաաղոտ պատկերացումների մեջ նույնիսկ չտեղավորվող, անհայտ ու անդեմ «դերակատարներին»։

Համամասնական ընտրակարգը կարգավորում է քաղաքական դաշտն ու բարձրացնում կուսակցությունների արդյունավետությունն ու պատասխանատվությունը։ Միևնույն ժամանակ մեծամասնական ընտրակարգի համեմատ, նվազում է ընտրակեղծիքների և իշխանական «դաբրոյով» կատարվող նշանակովի ընտրությունների հնարավորությունը։ Տեսականորեն լիովին ընկալելի ձևակերպումների շղարշն ետ տանելու դեպքում, միանգամայն այլ պատկերի ականատեսն ենք դառնում։

Տարրական քաղաքագիտական նորմերի իմացությունն իսկ բավարար է հաստատելու համար այն իրականությունը, որ որևէ ընտրակարգ ի զորու չէ կարգավորելու քաղաքական դաշտը, եթե այն բաղկացած է գաղափարական սկզբունքներից զուրկ, պատեհապաշտության և անձնական շահադիտության վրա կառուցված, նյութական և ադմինիստրատիվ լծակներին առավելագույնս մոտ լինելուն ձգտող, հասարակական նպատակներին անտեղյակ և դրանց նկատմամբ անտարբերության անսահման պաշարով հագեցած, իրենց քաղաքական կուսակցություն հորջորջող կլանից և դրա արբանյակ թիմիկներից։ Հետևաբար որևէ ընտրակարգ չի կարող բարձրացնել այս կլանի և թիմիկների արդյունավետությունն ու պատասխանատվությունը, քանի որ ի սկզբանե, նրանք այլ խնդիրներ լուծելու համար են ստեղծված։ Եվ այդ խնդիրներից կարևորագույնն ու իրենց համար միակ ընդունելին, սեփական վերարտադրության անխափան շարունակականությունն ապահովելն է։ Եվ պատասխանատվություն էլ նրանք կրում են միայն իրենց «դաբրո» տվողի առաջ, մանավանդ երբ, անտարբերության և օրեցօր աճող հասարակական անվստահության պայմաններում, բացակայում է արդյունավետության վերաբերյալ հստակ ձևակերպված և մատնանշված համաժողովրդական պահանջը։

Ռեյտինգային արատավոր ընտրակարգի հիմնական պատվիրատուները կրկին իշխանական այն կլանն ու թիմիկներն են, որոնք ընտրակեղծիքների կատարելագործման անասելի փորձի և թվանկարչական բացառիկ ունակությունների օգտագործումից զատ, հավաքագրում ու «դաբրո» են տալիս այն «մուծվող» և նշանակովի ռեյտինգայիններին, որոնց ուսերին է դրվում ընտրությունների ֆինանսական ապահովման կարևորագույն պարտականությունը։ Այս պարզագույն պատճառով է, որ հետագայում, խորհրդարանում հայտնված ռեյտինգայինը կամ չի ներկայանում, կամ դրսևորում է այնպիսի վարքագիծ, որը տևական ժամանակ դառնում է ժողովրդական խոսակցությունների և հումորի առարկա։

Մարդը մուծվել է և 5 տարի ժամանակ ունի սպասելու մուծվելու մասին հաջորդ հանձնարարությանը։ Էլ ի՞նչ ծպտուն հանի… Այդ ընթացքում թող ծպտուն հանեն, գոռան ու բղավեն բոլոր նրանք, ում համար ինքը «մեշոկով» փող է քցվել»։ Թե չէ, ո՞ր անդամավճարներով պիտի կարողանան հսկայական պաստառներ ու դրոշակներ փակցնեն, միտինգ հավաքեն ու բուկլետ և «ծրագիր» բաժանեն, շարֆ գցեն ու փուչիկ փչեն։ Մի խոսքով` կուսակցություն-կուսակցություն խաղան և քաղաքական վերնախավ կոչվեն։

Լիովին համամասնական ընտրակարգին անցնելուն հակափաստարկներից ամենաշատ կրկնվողի մասին ևս կարելի է հիշատակել։ Մեծամտության և ամբարտավանության բացառիկ դրսևորմամբ, սեփական մտավոր սնանկությունը քողարկելու համար դեմքի լրջագույն արտահայտությամբ, պատվեր կատարող լակեյի կեցվածքով քաղաքական սուրհանդակները կասկածի տակ են դնում ժողովրդի հասունությունն ու համամասնական ընտրակարգին անցումը մերժում են ժողովրդի` դրան պատրաստ չլինելու հանգամանքով։ Սեփական ապաշնորհության և անարդյունավետության արդյունքում ստեղծված իրավիճակին ժողովրդի պատրաստ չլինելու մասին հիշելու, այդ իրավիճակի արդյունքում ահագնացող արտագաղթի մասին հիշելու, քայքայված տնտեսական, կրթական և առողջապահական համակարգերի, բռնաբարվող բնության պայմաններում աճող աղքատությանը ժողովրդի պատրաստ չլինելու մասին հիշելու, մեր երեխաներին Հայոց 25-ամյա բանակում ծեծի, ծաղրուծանակի, սպանության և «ինքնասպանության» ենթարկելուն ժողովրդի պատրաստ չլինելու մասին հիշելու փոխարեն, ժողովրդի անպատրաստության մասին դատողություններ են անում մարդիկ, ովքեր երկար ու ձիգ տարիներ զբաղվել են միայն կեղծելով, իրենք իրենց հակասելով, և ժողովրդի մոտ ցանկացած ընտրության և ընտրակարգի նկատմամբ վստահությունն ու հավատը խաթարելով։

Գուցե ժողովուրդը անտարբեր ու թերահավատ է ընտրությունների և ընտրակարգերի նկատմամբ։ Գուցե սեփական իմաստության արդյունքում չի սևեռվում քաղաքական մանր ու ճղճիմ և իր հետ որևէ կապ չունեցող «արիշ-վերիշների» վրա։ Հակառակ դեպքում, ոչ մի «դաբրոներ», ոչ մի մուծումներ ու ասֆալտապատումներ չեն օգնի ցուցակից դուրս կամ ցուցակային ապաշնորհներին` հայտնվելու փափուկ աթոռներին և շարունակելու իրենց վերապահված օրենքների դակիչի տխուր ու նվաստացուցիչ դերը։

Ժողովրդի աչքի առաջ են և´ ցուցակային, և´ ցուցակից դուրս «ապրանքները» ովքեր իրար բզկտում են ։ Ժողովրդի աչքի առաջ են նաև բոլոր նրանք, ովքեր փողոցում ու հրապարակում կամ մեծ ու փոքր գրասենյակներում, անտեսելով նրա խնդիրներն ու սպասելիքները, իրենց` կուսակցություն լինելը հիշում են միայն ընտրությունից ընտրություն և փորձում են հանրության հաշվին լուծել նեղ թիմային ցուցակային խնդիրները։

Համամասնական, թե ռեյտինգային ` ժողովուրդն անգիր ճանաչում է բոլորին։ Գիտի յուրաքանչյուրի գինն ու կշիռը, խոսքի արժեքն ու դրան հիմնականում չհավատալու անհրաժեշտությունը, իր խնդիրները լուծելու մասին խոստումների անսպառ պաշարն ու դրանց նկատմամբ, փորձառությամբ ձեռքբերված անվստահության ճշմարտացիությունը։ Ըստ այս ամենի էլ հենց, ժողովուրդը քվեարկում ու գնահատում է իրեն հրամցվող ցուցակավոր ու անցուցակ «ապրանքներին»:

Արտակ Բշտիկյան

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության վարչության անդամ

Այս խորագրի վերջին նյութերը