Մեկնաբանություն

27.02.2017 11:25


«Եղբայրասպան» ընտրություններ

«Եղբայրասպան» ընտրություններ

Սերժ Սարգսյանի մոտիվացիան ակնհայտ է: «Ռեյտինգային» կոչված ընտրահամակարգը հենց այդ մոտիվացիան բավարարելու համար է ներդրվել:

«Ռեյտինգայինի» միջոցով ատոմիզացվում են ինչպես հանրությունը, այնպես էլ թիմերը: Սարգսյանը միայն այդ դեպքում կարող է վերարտադրվելու հույս ունենալ: Թշնամական մթնոլորտն է նրա ուզածը:

«Ռեյտինգային» ընտրակարգը թշնամանքի երկու շերտ է առաջացնում՝ միջթիմային և ներթիմային: Հատկապես մեծ է թշնամանքը ներթիմային հարթության վրա:

Դատելով ամենից՝ մեծ է լարվածությունը իշխող թիմի ներսում. միմյանց «տարածք» են մտնում ՀՀԿ-ական «ռեյտինգայինները»՝ խախտելով «կոնվենցիան»:

Չկայացած կուսակցական համակարգի ու կլանաօլիգարխիկ տնտեսական հարաբերությունների պայմաններում նույն քաղաքական միավորը ներկայացնող «ռեյտինգային» թեկնածուները դառնում են բացահայտ կամ թաքուն թշնամիներ: Այո՛, հենց թշնամիներ, այլ ոչ թե մրցակիցներ կամ թիմային զամբյուղին միավոր բերող գաղափարակից ընկերներ: «Ոհմակում» իրար «հոշոտելու» դեպքեր արդեն իսկ արձանագրվել են, բայց դրանք, ինչպես ասում են, ծաղիկներն են: Բուն «ծաղկեփունջը» դեռ առջևում է:

Արդեն իսկ տեսանելի է, որ ապրիլի 3-ից հետո Հայաստանն ունենալու է բզկտված և միջանձնային «ռազբորկաների» մեջ թաղված հանրություն, ինչպես նաև ծանր վիճակում հայտնված բիզնես դաշտ:

«Եղբայրասպան» ընտրությունները շատ ծանր հարկային բեռ են դառնալու հատկապես խոշոր բիզնեսի համար: Դա էլ իր հերթին բերելու է տնտեսության վիճակի է՛լ ավելի վատացման:

ՀՀԿ ղեկավարը «եղբայրասպան» մոդել է ներդրել, որպեսզի կիրառի «Բաժանի՛ր, որ տիրես» բանաձևը: Ս. Սարգսյանը, սակայն, չի պատկերացնում, որ «եղբայրասպան» ընտրությունների արդյունքում առաջացած քաոսն առաջինը հենց քաոսի հեղինակին կարող է կուլ տալ: Բայց դա արդեն այլ խոսակցության թեմա է:

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.: Այս ընտրություններն ամենածախսատարն են դառնալու իշխանական թեկնածուների համար: Եթե նախկինում 41 մեծամասնական «բդեշխներն» էին փող ծախսում, բայց առանց ներքին մրցակցության, ապա այժմ մեկ ընտրատարածքում «բդեշխների» մի ամբողջ խմբաքանակ է ներգրավված, և բոլորը պայքարում են բոլորի դեմ:

Այս խորագրի վերջին նյութերը