Քաղաքական

25.02.2017 16:03


Վարդան Օսկանյան. «Իշխանափոխությունն օրվա հրամայականն է»

Վարդան Օսկանյան. «Իշխանափոխությունն օրվա հրամայականն է»

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հրավիրված «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի համաժողովում ՀԱՄԱԽՄԲՈւՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի ելույթը

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Ապրիլի 2-ին վճռվելու է մեր երկրի ապագան հաջորդ տասնամյակների համար։ Մենք այս ընտրություններին գնում ենք նոր Սահմանադրությամբ և նոր Ընտրական օրենսգրքով: Երկուսն էլ հատուկ մշակվել են, որպեսզի գործող իշխանություններին ավելի մեծ հնարավորություններ ընձեռեն արդեն իսկ սեփականության վերածած իշխանությունը պահելու համար: Եթե թույլ տանք, որ երկիրը անդունդի եզրին հասցրած, ժողովրդին մասնատած ու հուսահատության մեջ թողած իշխանությունները վերարտադրվեն, ապա հաջորդ տասնամյակները լինելու են փորձություններով և սպառնալիքներով լի ժամանակաշրջան: Այնպես որ, իշխանափոխությունն օրվա հրամայականն է:

Մեր խնդիրն է այսօրվանից մինչև ընտրության օրը հիմնավորել մեր ժողովրդին, թե ինչու է պետք ձայնը տալ Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքին։

Ես կարծում եմ, որ գալիք ընտրություններում հայտ ներկայացրած քաղաքական ուժերից ճիշտ ընտրություն կատարելու համար անհրաժեշտ է առաջնորդվել երեք հիմնական չափանիշներով՝ առաջին՝ առաջնորդների և նրանց թիմակիցների նվիրումով, անկեղծությամբ և ազնվությամբ, երկրորդ՝ հարցեր լուծելու, առաջընթաց ապահովելու և հաջողություններ արձանագրելու նրանց կարողությամբ և երրորդ՝ նրանց ծրագրերի այժմեականությամբ, պատկերացումների, տեսլականների ամբողջությամբ։

Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքն իր էությամբ ամբողջապես բավարարում է այդ երեք չափանիշները։ Նախ ասեմ, որ դաշինքն առաջնորդում են երեք անհատականություններ, որոնք անկախության կերտման ակունքներում են և անկախության առաջին իսկ օրվանից անմնացորդ ծառայում են հայրենիքին։

Թույլ տվեք՝ հաջորդ տասը րոպեների ընթացքում առավելապես անձնական փորձի վրա հիմնավորեմ, թե ինչու է հենց մեր դաշինքը բավարարում իմ նշած երեք չափանիշները։

Նախ նվիրումի, անկեղծության ու ազնվության մասին։ Ես անկախությունից անմիջապես հետո, Րաֆֆին՝ երկրաշարժից հետո, թողել ենք մեր հանգիստ կյանքը ԱՄՆ-ում և եկել հայրենիք՝ մասնակից լինելու պետականաշինության գործին: Իսկ Սեյրան Օհանյանն իր ողջ գիտակցական կյանքը նվիրել է Արցախի ազատագրմանն ու հայրենիքի պաշտպանությանը:

Որպես մարդ՝ ես ունեմ իմ բազմաթիվ թերությունները։ Բայց երկու բանում ինձ համարում եմ անթերի՝ նվիրումը հայրենիքին և ազնիվ ու անկեղծ աշխատանքը պետական համակարգում։

Համարյա երկու տասնամյակ եղել եմ պետական համակարգում և երկու նախագահների օրոք զբաղեցրել եմ բարձր պաշտոններ: Ես ծառայել եմ ոչ թե մարդուն, այլ պետությանը, ժողովրդին։

Այս տարիների ընթացքում չի եղել որևէ դեպք, որ ես որևէ մեկին բան խնդրեմ, կամ որևէ կերպ չարաշահեմ պաշտոնի կամ պետական միջոցների հնարավորությունները։ Իսկ երբ ավարտվել է իմ պաշտոնավարման ժամկետը, չնայած ինձ առաջարկված բազմաթիվ պաշտոններին, ես նախընտրել եմ լինել իշխանությունից դուրս՝ նպատակ ունենալով նպաստել քաղաքացիական հասարակության, ազատ մամուլի և ընդդիմության կայացմանը։ Եղել եմ հիմնական ջատագովներից մեկը քաղաքական մենաշնորհի վերացման և մեր քաղաքական համակարգում հակակշիռների հաստատման։

Այլ կերպ ասած՝ ես իմ գործունեությամբ ապացուցել եմ, որ ո՛չ պաշտոնը, ո՛չ էլ փողն ինձ համար արժեք չեն։ Իմ երկու գործընկերները՝ Սեյրանը և Րաֆֆին, տարբեր ժամանակներում և տարբեր ձևերով նույնպես նման արժանիքներ են դրսևորել։

Այժմ՝ կարողությունների մասին։ Կառավարման համակարգում իմ երկարամյա գործունեության գնահատականը կարելի է տալ երեք շատ կոնկրետ ասպարեզներում՝ արտաքին քաղաքականություն, արտաքին տնտեսական հարաբերություններ և Հայաստան-Սփյուռք կապեր։

Ես եղել եմ կոմպլեմենտար արտաքին քաղաքականության հեղինակը, որը տասը տարի հաջողությամբ ծառայել է Հայաստանի Հանրապետության շահերին: Իմ պաշտոնավարության տասը տարիների ընթացքում ընդլայնվել և խորացել են երկկողմ հարաբերությունները, հավասարակշռություն է պահպանվել աշխարհաքաղաքական երեք բևեռների միջև, ակտիվ ներգրավվածություն է եղել բազմակողմ դիվանագիտության ասպարեզում, պահպանվել է խաղաղությունը, ամրագրվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, մեծ թափ է հավաքել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, միաժամանակ պահպանվել են անհրաժեշտ նվազագույն հարաբերությունները Թուրքիայի հետ։ Իրանի հետ, չնայած ԱՄՆ-ի խստագույն պատժամիջոցներին, կառուցվել է գազամուղ։ Շահառու ենք դարձել ամերիկյան Հազարամյակի մարտահրավերների՝ 400 միլիոն դոլարի արժողությամբ ենթակառուցվածքների զարգացման ծրագրին։ Անդամակցել ենք Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, տարիներ շարունակ ներդրումների հարաճուն հոսք է եղել երկիր։

Հայաստան-Սփյուռք հարաբերություններում պարբերական խորհրդաժողովներ են անցկացվել, որոնցից յուրաքանչյուրը հիմք է դրել այդ օրերի Հայաստան-Սփյուռք օրակարգի ձևավորմանը։ Համահիմնադիր եմ եղել Համահայկական խաղերի, նախաձեռնողն եմ եղել երկքաղաքացիության ներդրման և ամրագրման, որից էապես օգտվել են հազարավոր հայեր։ Իմ անձնական միջամտությամբ Հայաստան են եկել մեր հայրենակիցներ Քրքորյանը, Էռնեկյանը, Գաֆեսճյանը, բազմաթիվ հայ ու օտար բարերարներ ու ներդրողներ, որոնք էական նպաստ ու ավանդ են ունեցել Հայաստանի զարգացման գործում։

Այս ամենի արդյունքում՝ Հայաստանում տասը տարի տիրել է խաղաղություն, ժողովրդի կյանքում եղել են էական դրական տեղաշարժեր, Հայաստանի բյուջեն երեք անգամ աճել է, ՀՆԱ-ն՝ կրկնապատկվել, աղքատությունը՝ էապես կրճատվել, իսկ արտագաղթը մի քանի տարի շարունակ ամբողջությամբ կանգնել էր։

Ահավասիկ սրանք են այն ձեռքբերումները, փորձը, բերքը, որ ես այսօր դաշինքի իմ գործընկերների հետ, որոնք ոչինչ պակաս չեն արել մեր երկրի համար, հայտ ենք ներկայացնում մասնակցելու խորհրդարանական ընտրություններին, հավակնում ենք իշխանության և հայցում ձեր քվեն։ Ես կհամարձակվեմ ասել, որ մենք նույնիսկ բարոյական իրավունքը չունենք մեզ տրամադրելի չդարձնելու ճակատագրական այս ընտրություններում։

Եվ վերջապես երրորդ չափանիշի՝ տեսլականի և ծրագրերի այժմեականության մասին․ մենք վստահ ենք, որ մեր ժողովրդի համար երեք կարևորագույն հարցերում՝ երկրում արդարության և իրավահավասարության հաստատման, Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման և տնտեսության զարգացման հարցում, կարող ենք ամենակարճ ժամկետներում էական առաջընթաց արձանագրել։

Այսօր միջազգային գնահատականներում Հայաստանը ներկայացվում է որպես ավտորիտար, ազատ մամուլ չունեցող, կոռուպցիոն բարձր հակումներով և ոչ մրցունակ երկիր: Այս ընկալումը պետք է փոխել ամենակարճ ժամկետում: Դրա իրականացումը բացարձակապես կապ չունի երկրի ռեսուրսների, աշխարհագրության և փակ սահմանների հետ, այլ ընդամենը կապ ունի քաղաքական կամքի դրսևորման և հանրային շահը նեղ անձնական, կուսակցական շահերից վերադասելու պատրաստակամության հետ:

Մենք` դաշինքի առաջնորդներս, էությամբ և բնազդով ժողովրդավարներ ենք, ազատական արժեքների կրողներ։ Մեր բնականոն և բնազդային գործելաոճը ըստ էության համահունչ է Հայաստանում այդ բարեփոխումներն իրականացնելու պահանջին։

Մենք համոզված ենք, որ մեր՝ իշխանության գալու դեպքում ամենակարճ ժամկետում առաջին հերթին կունենանք իսկական ժողովրդավարական, ազատական արժեքներ դավանող, արդար և լավատեսություն ներշնչող երկիր։

Ինչ վերաբերում է Ղարաբաղյան խնդրի կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղն ինքնորոշվել է, և եթե ոչ ինքնորոշումը՝ որպես այդպիսին, ապա Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչվել է միջազգային հանրության կողմից:

Այսօր մեր խնդիրը պետք է լինի ինքնորոշման իրավունքի ճանաչման հարթությունից Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման փաստի միջազգային ճանաչմանը հասնելը: Դա անելու կարևորագույն նախապայմաններից են, որ մենք ունենանք հզոր բանակ, զարգացող տնտեսություն, որ
Հայաստանն ու Ղարաբաղը ժողովրդավարացման չափանիշներով համեմատության եզրեր չունենան Ադրբեջանի հետ և այդ չափանիշներով իրական մասը կազմեն եվրոպական մեծ քաղաքակրթության:

Տնտեսության մասով․ տարիներ շարունակ երկրում զարգացման տեսլականի և արմատական բարեփոխումների իսպառ բացակայությունը հանգեցրել են մեր տնտեսության լճացմանը:

Մենք ներմուծելու ենք տնտեսական քաղաքականության նոր մտածողություն: Մեր թիրախները կլինեն տնտեսական աճը, աշխատատեղերի ստեղծումը և ժողովրդի կենսամակարդակի բարձրացումը:

Այստեղ անհրաժեշտ է ավելի մեծ համարձակություն, խիզախություն և մտքի թռիչք: Այսօր աշխարհում տեղի է ունենում տեխնոլոգիական հեղափոխություն՝ մարդկանց կենսակերպը, շուկաներն արմատապես փոխվում են տեխնոլոգիական նորարարությունների (disruptive innovation) ալիքի վրա, ինչպիսիք են արհեստական բանականությունը, ռոբոտաշինությունը, ամպային տեխնոլոգիաները և այլն։ Անհրաժեշտ է, որ Հայաստանն իր նշանակալից տեղն ու դերն ունենա ընթացող գործընթացներում և հաղթահարի փոքր երկիր և շուկա լինելու բարդույթը։ Սա ենթադրում է նաև մեր կրթական համակարգի ամբողջական վերագնահատում ու համապատասխանեցում համաշխարհային տենդենցներին: Այստեղ անհրաժեշտ է մեր սերնդի փորձն ու հմտությունը, մեր երիտասարդ տղաների ու աղջիկների գիտելիքը, մտածողությունն ու ստեղծագործականությունը:

Նման տեսլականի, ճիշտ, արդար և արդյունավետ կառավարման և մեր ժողովրդի ու միջազգային հանրության վստահությունը շահելու դեպքում, հավատացե՛ք՝ տնտեսությունը մեծ թափով զարգացնելու համար անհրաժեշտ միջոցների և հնարավորությունների պակաս չի լինելու:

Ես հատ-հատ տեսնում եմ այդ հնարավորություները: Առաջին հերթին տեսանելի են երկրի ներսում առկա և բանկերում անգործ պահված գումարները: Ես տեսնում եմ Քրքորյանի երկու միլիարդ դոլարի կտակը: Մեզ համար տակավին հասանելի է ԱՄՆ-ի Հազարամյակի մարտահրավերներ ծրագիրը՝ մի քանի հարյուր միլիոն դոլարի հնարավորությամբ, շոշափելի միջոցներ կարող են հասանելի լինել Եվրոպական Միությունից՝ երկկողմ համապատասխան պայմանագրի ստորագրման պարագայում: Առկա է մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի և այնտեղ հանգրվանած մեր հայրենակիցների բարի կամքը և պատրստակամությունը զարգացնելու Հայաստանի տնտեսությունը:

Անսահմանափակ են Սփյուռքի և առհասարակ միջազգային հնարավոր ներդրումների ծավալները:

Ես վստահ եմ, որ մենք կկարողանանք տարեկան մինչև երկու միլիարդ դոլար գումար բերել Հայաստան ներդրումների և դրամաշնորհների տեսքով:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ոչ ոք թող ձեզ չփորձի համոզել հակառակը, թե այդ ամենը հնարավոր չէ, թե այն, ինչ այսօր ունենք, նրանից է, որ փոքր երկիր ենք, ռեսուրսներ չունենք, շրջափակման մեջ ենք, որ ունենք Լեռնային Ղարաբաղի հարց։ Ո՛չ, դա սուտ է։ Այսօրվա վիճակի հիմնական պատճառն այն է, որ իշխանության ղեկին գտնվողները ունակ չեն դա անելու և չունեն որևէ տեսլական։ Նրանց հետաքրքրում է երկու բան՝ աթոռ և անձնական շահ ու հարստացում։

Հայաստանը մեծ հնարավորոթյունների երկիր է: Հայ ժողովուրդն աշխարհում մեծ միջոցների է տիրապետում և մեծ ներուժ ունի: Մենք ունենք մեկ հայրենիք։ Մեր դաշինքը գալու է իշխանության՝ Հայաստանի Հանրապետությունը ազատ, անվտանգ, բարեկեցիկ և միջազգային ընտանիքում արժանի տեղն ու դերն ունեցող պետության վերածելու, այլ կերպ ասած՝ Հայքի տեսլականով` աշխարհասփյուռ հայության ընդհանուր տուն և վերջին հանգրվան դառնալու մղումով»:

Այս խորագրի վերջին նյութերը