Քաղաքական

25.02.2017 15:35


Աղվան Պողոսյան. «Պետք է կոտրենք այս արատավոր համակարգը»

Աղվան Պողոսյան. «Պետք է կոտրենք այս արատավոր համակարգը»

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության երիտասարդական միության նախագահ, ԱԺ պատգամավորության թեկնածու Աղվան Պողոսյանի ելույթը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հրավիրված «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի համաժողովում:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ես ուզում եմ այսօր խոսել մի խնդրի մասին, որը, մամուլում դառնալով քննարկման թեմա, խորքային լուծում, այնուամենայնիվ, չի ստանում։ Խոսքը քաղաքական սերնդափոխության, այսինքն՝ այսպես կոչված՝ «սրբազան հնից» հրաժարվելու ու երիտասարդ կադրերին հնարավորություն տալու մասին է։

Պետք է հստակեցնել, թե նախ ինչ ենք հասկանում սերնդափոխություն ասելով։ Եթե խոսքը բյուրոկրատական կաբինետում աշխատած, սեփական աշխատասենյակից դուրս չեկող ու իշխանական կուսակցական տարբերանշանը կրծքին փակցրած, մազերը լաքով մեջտեղից կիսած երիտասարդների միջոցով արդեն թոշակի անցնող սերնդին փոխարինելու մասին է, ապա ես դա սերնդափոխություն չեմ համարում։ Անշուշտ, կրթությունը պարտադիր է, բայց եթե իշխանական վերնախավում «դաբռոն» է դառնում կարևոր, ապա դա ավելի վատ տարբերակ է։ Սակայն սրա մասին չեմ ուզում խոսել, ես ուզում եմ խոսել մեր թիմի պատկերացրած սերնդափոխության մասին։

Սիրելի՛ հայրենակիցներ, ես ինքս ուսանող եմ, սովորում եմ Բժշկական համալսարանում, ծնվել եմ գյուղում՝ հասարակ հայ ընտանիքում։ Այժմ, դրված նպատակների հստակ իրականացումից ու աշխատանքի շնորհիվ, հասել եմ նրան, որ պատիվ ունեմ իմ կուսակցությունը ներկայացնել ԱԺ ընտրություններում։ Եվ ես միայնակ չեմ. ինձ պես գուցե ավելի տաղանդավոր երիտասարդներ կան, որոնք ունեն և՛ բավարար խելք, և՛ աշխատասիրություն, և՛ նպատակներ՝ դրսևորվելու համար։ Ես ինքս եմ ստեղծել իմ հնարավորությունը և գիտեմ, որ դա հնարավոր է, մյուսներն էլ են ուզում ինքնադրսևորվել, սակայն նրանց առաջ այսօրվա բյուրոկրատիան փակում է դռները։

Ցանկանում եք իմանալ՝ ո՞րն է Հայաստանում արտագաղթի պատճառը։ Պատասխանը միանշանակ է։ Մարդիկ անընդհատ բախվում են անարդարությունների, ընդ որում՝ կապ չունի՝ երիտասարդ են, թե ծեր։ Խտրական ծանոթ–խնամի–բարեկամ սկզբունքն այսօր դարձել է հանրային մտածողության, նույնիսկ կենցաղի անբաժանելի մաս։ Մենք պետք է կոտրենք այս արատավոր համակարգը։ Մենք պետք է հնարավորություն տանք բոլորին՝ անկախ նրանից, թե ինչ քաղաքական հայացքներ ունի երիտասարդը։ Հենց նա է այսօր, վաղն ապահովելու պետական իշխանության «ցիրկուլացիան», հենց նա պիտի ունակ լինի սեփական երկիրը դրսի համար այցեքարտ դարձնելու։ Մեր երիտասարդներին հնարավորինս մատչելի պայմաններով պետք է ուղարկել արտասահմանում կրթություն ստանալու՝ հետագայում Հայաստանում աշխատելու պարտադիր պայմանով։ Երկար կարող եմ խոսել թեմայի շուրջ, սակայն կարծում եմ՝ այսքանն էլ բավական է։ Ինձ համար, որպես պատգամավորի թեկնածուի, այսօրվանից այս հարցը դառնում է օրվա գերխնդիր։

Ես՝ որպես ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության երիտասարդական միության ղեկավար և ԱԺ պատգամավորության թեկնածու, ամեն ինչ անելու եմ ու իմ հնարավորության չափով նպաստելու եմ քաղաքական գործընթացներում հնարավորինս շատ երիտասարդների ներգրավմանը։

Հաղթական ավարտ եմ մաղթում մեր պայքարին:

Այս խորագրի վերջին նյութերը