Մեկնաբանություն

25.02.2017 03:15


Ծրագիր, որին չեն հավատում նույնիսկ «հեղինակները»

Ծրագիր, որին չեն հավատում նույնիսկ «հեղինակները»

Բարի ցանկությունների և կենացային դատարկաբանությունների ժողովածու հիշեցնող իշխանական ծրագրերը «հերոսաբար» դակվում են խորհրդարանական մեծամասնության անտեղյակության ու մարտնչող երեսպաշտության մթնոլորտում։

Այն, որ ներկայացրած ծրագրի կատարումն ի սկզբանե պարտադիր պայման չէ, դրանում համոզված են հենց ծրագրի հեղինակներն ու պատվիրատուն։

Այն, որ ցուցակա-թանաքային աճպարարության արդյունքում մանդատավորված մեծամասնությունն անիրականալի է համարում իր իսկ կողմից դակած «ծրագիրը», նույնպես միանշանակ երևում է պարտավորվածությունից դրդված նրանց դեկլարատիվ ու խղճուկ, փաստարկներից զուրկ ու լղոզված հայտարարություններից։

Այն, որ իրենց իսկ կողմից ձևավորած կառավարությունների 9-ամյա անարդյունավետության կրկնությունը գիտակցած, սակայն միևնույն ժամանակ, ապաշնորհության ողջ պատասխանատվությունը պարտադրաբար կրելուն լծված դակիչների հոծ զանգվածը ներքին դեպրեսիայի և որակական անհամատեղելիության մեջ է հայտնվել, նույնպես բացահայտ երևում է խամրած հայացքներից ու կցկտուր ելույթներից։

Թայֆայական ինչպիսի համագործակցություն ու «համերաշխություն» էլ չլինի, անհնար է անտեսել, որ իշխանական մեծամասնության համախառն ներքին գրագիտության ցենզից ոչ պակաս գրագետ (դրանից պակաս շա՜տ դժվար է պատկերացնել), երկրի ապագայով ոչ պակաս մտահոգ ( իհարկե, քննադատությունը ապակայունացում ներկայացնելու «վարպետությունը» բացառելով), ներքին և արտաքին մարտահրավերները ոչ պակաս գիտակցող (համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից օգտվելու, գյուղատնտեսության զարգացումը Աստծո հույսին թողնելու և աշխարհաքաղաքական առկա ակնհայտ վերադասավորումները անտեսելու վիրտուալ կարողություններից զուրկ) ժողովուրդ միահամուռ դեմ է ներկայացված «ծրագրին»:

Իշխանական ծրագրի անիրականանալի լինելու հանգամանքը, առաջին հերթին կախված է ոչ թե դրանում տեղ գտած ոչնչով չհիմնավորված տեսական ու կենացային դրույթների անիրատեսական լինելուց, այլ ավելի շատ, համակարգային ու կադրային անարդյունավետությունից։

Մասնագիտական հմտությունների և գիտելիքների պակասը չէ թերևս այն հիմնական խոչընդոտը, որն այդքան «հմտորեն» կարողանում է անկատար թողնել հռչակած բոլոր մեգածրագրերը, կուտակել և բազմապատկել արտաքին պարտքը, ապաշնորհ կառավարմամբ հուսախաբություն առաջացնել ու խթանել ահագնացող արտագաղթը, ապականել և փոշիացնել կրթական համակարգը, ծայրահեղ աղքատության շեմին հասցնել ավելի ու ավելի շատ մարդկանց, համատարած կոռուպցիայի և հովանավորչության մեջ թաղել արդարադատության և դատական համակարգը, առողջապահական ոլորտի հետ ցանկացած շփում վերածել սարսափի, անպատժելիության մթնոլորտում վարկաբեկել ողջ ոստիկանական մեքենան, բռնաբարել երկրի էկոհամակարգն ու սակավ բնական պաշարները և այս ամենով անտարբերության, թերահավատության ու արհամարհանքի մթնոլորտ ստեղծել հասարակությունում։

Հիմնական խոչընդոտն այն ինքնասիրահարված մեծամտությունն ու անսխալականության աղաղակող համոզմունքն է, որ տիրում է կառավարման համակարգում և որը թույլ չի տալիս բոլոր մակարդակների չինովնիկներին ու ղեկավարներին, գիտակցելու այն պարզ ճշմարտությունը, որ ժողովրդի առանց այն էլ սուղ միջոցներից գոյացած իրենց աշխատավարձը նրանք ստանում են այդ նույն ժողովրդին ծառայելու, այլ ոչ թե սեփական բարեկեցության խնդիրները ժողովրդի հաշվին լուծելու և միջնադարյան իշխանիկներին հատուկ «կայֆեր» անելու համար։

Սակայն արդարության համար պետք է նշել նաև, որ քանի դեռ կառավարման լծակների մոտ հայտնվել են մարդիկ, ովքեր քաջ գիտակցում են, որ իրենց այդտեղ են նշանակել ոչ թե իրենց մասնագիտական հմտությունների և արդյունավետ կառավարման ցուցանիշներից ելնելով, այլ պատվիրատուի նկատմամբ իրենց հավատարմության աստիճանից բխող «դաբրոյի» արդյունքում, շատ տրամաբանական և նաև ինչ-որ տեղ մարդկային է, որ իրենց հատկացված և ամեն վայրկյան կորցնելու ենթակա ժամանակի և շանսի օգտագործմամբ, իրենք հնարավորինս արագ փորձում են լուծել սեփական բարեկեցության և «օբշյակի» խնդիրները։

Իշխանության ներկայացրած ծրագրով ու դրա իրականացման համար նշանակված խղճահարություն առաջացնող անփոփոխ դեմքերով, դեպի առաջիկա համապետական ընտրություններ տանող ճանապարհն ամբողջական տարակուսանք է առաջացնում։

9-ամյա անարդյունավետության, առաջիկա դեգերումների և հետագայում պաշտոնաթողության իրական վտանգի հանրագումարով աշխատող Իշխանությունը, անկատար ծրագրերի և անընդհատ կրկնվող թերացումների, թայֆայական հարմարվողականության և հնարավոր վերադասավորումներին ադապտացվելու, ներքին ինտրիգների և ազդանշանային խարդավանքների լավագույն գործիքն է լինելու։

Որևէ բանական և գիտակից հավաքականություն, որևէ ծանրակշիռ քաղաքական գործիչ, հասարակական վստահությունը ստանալու հավակնություն ունեցող որևէ այր կամ ուժ, չի կարող լուրջ վերաբերվել ընդամենը 8-ամսյա կյանքի թույլտվություն ունեցող Իշխանությանն ու նրա ներկայացրած ծրագրին և քաղաքական հեռանկար կապել դրա հետ։

Համակարգային և օրակարգային արմատական փոփոխություններն ու դրանց իրականացման հստակ ու փաստարկված մեխանիզմներն ու կադրերի մատնացուցումը միայն կարող է հնարավոր դարձնել որևէ գործչի կամ ուժի կողմից հասարակական վստահության ստացումը և երկրի զարգացման, առկա արտաքին և ներքին հսկայական խնդիրների լուծման համար անհրաժեշտ աջակցությունն ու դրանից բխող պատասխանատվության ստանձնման համարձակությունը։

Համակարգային և մարդկային նոր որակական դրսևորմամբ է միայն հնարավոր կոտրել անսխալականության փալանը հագած չինովնիկի և կառավարչի ցինիկ կերպարը և պարտադրել պետական բյուջեից վարձատրվող պաշտոնյային կատարելու իրատեսական ծրագրերով նախանշված իր պարտավորություններն ու ժողովրդի բարեկեցությունն ու երկրի զարգացումը ապահովող իր ամենօրյա աշխատանքը։

Արտակ Բշտիկյան

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության վարչության անդամ

Այս խորագրի վերջին նյութերը