Կարծիք

24.02.2017 12:00


Նույն հաջողությամբ կարող էին ընտրությունների գնալ «Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ» կարգախոսով

Նույն հաջողությամբ կարող էին ընտրությունների գնալ «Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ» կարգախոսով

«Անվտանգություն եւ առաջընթաց». ՀՀԿ-ի նախընտրական կարգախոսն է։ Հայաստանը ծանրագույն տնտեսական ճգնաժամի հասցրած, խայտառակ հետընթաց գրանցած քաղաքական ուժը, որը նաև պատասխանատվություն է կրում միջազգային ասպարեզում Հայաստանի դիրքերի թուլացման, վերջին տարիներին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում լարվածության աճի, զոհերի և ապրիլյան պատերազմի համար, գնում է ընտրության նման զավեշտալի կարգախոսով։

Իրենց նախորդ կարգախոսները հիշեցի. էն, որ «Հավատանք, որ փոխենք»։ Չգիտեմ՝ ինչն էին նրանք փոխում, և ով ինչին հավատաց, սակայն նախորդ ընտրություններից հետո ամեն ինչ դեպի վատը փոխվեց։ Այս նոր կարգախոսը և հինը նույնպես իդեալական կսազեին ընդդիմադիր քաղաքական ուժին։ Փաստորեն, ՀՀԿ-ն էլ իրեն փորձում է դիրքավորել «ընդդիմադիր» դաշտում։ Սա է նաև պատճառը, որ ՀՀԿ-ի միակ որոշում կայացնողն ուղղակի մասնակցություն չի ունենալու ընտրական գործընթացին։ Ենթադրում եմ, որ Սերժ Սարգսյանի դեմքը չենք տեսնի քարոզարշավի ընթացքում։

Գրում եմ, մյուս կողմից էլ մտածում՝ ի՞նչ տարբերություն, թե ինչ կարգախոսով է Հայաստանի տնտեսությունը կործանած, պատերազմի շեմին կանգնեցրած քաղաքական ուժը գնում ընտրությունների։ Նույն հաջողությամբ կարող էին ընտրությունների գնալ «Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ» կարգախոսով։ ՀՀԿ-ն նույնքան կապ ունի անվտանգության և առաջընթացի հետ, որքան այս կարգախոսը՝ ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ։

ՀՀԿ-ին, սակայն, ավելի շատ կսազեր «Ով մեզ չի ընտրում, թուրք է» կամ «Մեզ ընտրեք, թե չէ Երանոսյանը ականջներդ կկտրի» կարգախոսը։ Կամ «Ամեն դեպուտատին՝ մեկ օֆշոր» կարգախոսն էլ վատը չէ։

Իսկ իրականում որևէ տարբերություն չկա, թե ինչպիսի կարգախոսով ու ծրագրով է գնում ՀՀԿ-ն ընտրությունների․ նրանք չեն կատարել 2008 թվականից ի վեր՝ բոլոր ընտրությունների իրենց նախընտրական ծրագրերի ոչ մի կետ, բացահայտ խաբել են բոլորիս և Հայաստանի ներկայիս վիճակի միակ պատասխանատուն են՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։ Եվ չկա գեթ մեկ ռացիոնալ պատճառ, որ մարդ գնա և իր ձայնը տա այդ ուժին։

Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը