Մեկնաբանություն

24.02.2017 09:15


Սերժ Սարգսյանի նոր կարգախոսը

Սերժ Սարգսյանի նոր կարգախոսը

8-9 տարի Հանրապետականի նախընտրական կարգախոսները համընդհանուր ծիծաղի առարկա էին դարձել: «Առա՛ջ, Հայաստան», «Ապահով Հայաստան», «Հավատանք, որ փոխենք»: Ոչ մի առաջընթաց, ոչ մի ապահովություն և ոչ մի փոփոխություն էլ տեղի չունեցան երկրում: Պարոնյանական լեզվով ասած՝ «Հառա՛ջ պոռալով հետ-հետ գնացինք», «Ապահով Հայաստանից» հեռացան ավելի քան 300 հազար ՀՀ քաղաքացի և արտաքին ներդրողները, ավելի մեծացան աղքատության և գործազրկության ծավալները, ոչնչացվեց միջին խավը, մանր ու միջին բիզնեսին էլ այլևս հոգեդարձ անել հնարավոր չէ: Դե, իսկ «փոփոխություններ» անելու համար էլ «հավատ» էր պետք, ինչը ներարկելու նպատակով ավելացրին մեռելոցների թիվը:

Այս կարգախոսներով տարիներ շարունակ սղոցում էին մեր ականջները, սակայն մեր իրականությունը ոչ միայն չէր փոխվում, այլև տարեցտարի ավելի էր վատանում:

Հասանք 2017 թվական, ու երկրում իրավիճակը դարձել է անտանելի: Իսկ հիմա ՀՀԿ-ն ընտրապայքարի մեջ է մխրճվում նոր կարգախոսով՝ «Անվտանգություն և առաջընթաց»: Այսքան «առաջ ընթանա՞լ» կլինի, երբ անցած տարիներին արդեն համոզվել ենք, թե իշխանությունը որ ուղղությամբ է «առաջ ընթանում», և դեպի ուր է տանում երկիրը: Հաստատ ինքն էլ չգիտի: Եթե իմանար, երկիրն այս վիճակում չէր հայտնվի:

Ինչ վերաբերում է անվտանգությանը, ապա այս կարգախոսը հրապարակում են նույն օրը, երբ մեկն անսթափ վիճակում իր մեքենայով ներխուժում է ՊՆ տարածք՝ ջարդելով դարպասները: Չհիշեցնենք արդեն «անպետք հող» համարված 800 հեկտարի կորստի մասին, Սերժ Սարգսյանի խոստովանությամբ 80-ականների զենքով կռվելու մասին, բանակի թիկունքը՝ սահմանագոտին դատարկելու, միջազգային գագաթաժողովներում քնելու, ԼՂ կարգավիճակը բախտի քմահաճույքին թողնելով՝ տարածքները հանձնելու համաձայնություն տալու և շատ այլ բաների մասին, երբ ամեն անգամ համոզվել ենք, որ անվտանգությունն այս իշխանության կողմից մղվել է երկրորդական-երրորդական պլան: Եվ միայն հոգացել են սեփական անվտանգության մասին, քանզի անխնա թալանել են՝ ինչ պատահի:

Եվ հիմա ահա՛ այսպիսի կարգախոսով են ուզում «տխմարացնել» ժողովրդին:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը