Տնտեսական

23.02.2017 17:12


Կհանվի տուգանքի գումարը սահմանված ժամկետում չվճարելու հիմքով դրա նկատմամբ 25 կամ 50 տոկոս չափով հաշվեգրվող ավելացումների ինստիտուտի կիրառումը

Կհանվի տուգանքի գումարը սահմանված ժամկետում չվճարելու հիմքով դրա նկատմամբ 25 կամ 50 տոկոս չափով հաշվեգրվող ավելացումների ինստիտուտի կիրառումը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Գործադիրը հավանություն է տվել Ճանապարհային ոստիկանության համակարգի բարեփոխումների հայեցակարգին և հաստատել դրանից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցը: Հայեցակարգը, մասնավորապես, անդրադառնում է Ճանապարհային ոստիկանության համակարգում առկա իրավիճակին և խնդիրներին,տվյալ խնդիրների լուծման հիմնական ուղղություններին և անհրաժեշտ միջոցառումներին և ակնկալվող արդյունքներին: Ընդհանուր առմամբ նախատեսվում է համակարգի բարեփոխումներին ուղղված 24 միջոցառում, ինչը կնպաստի բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, կոռուպցիոն ռիսկերի, ճանապարհային պատահարների թվի և հետևանքների նվազեցմանը, վարչական բեռի թեթևացմանը: Այն մշակվել է 2016թ. նոյեմբերի 2-ին ՀՀ Նախագահի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականի կատարումն ապահովելու նպատակով: Մասնավորապես՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարույթի իրականացման, որոշումների կայացման և վարչական տույժերի կատարման ոլորտում առաջարկվող լուծումները նախատեսվում է իրականացնել 3 ուղղություններով՝ տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված իրավախախտումների գործերով վարույթի իրականացման համակարգ, տուգանքի գումարը սահմանված ժամկետում չվճարելու հիմքով դրա նկատմամբ 25 կամ 50 տոկոս չափով հաշվեգրվող ավելացումների ինստիտուտ, վարչական իրավախախտման արձանագրություններ կազմելու և որոշումներ կայացնելու գրավոր (ձեռագիր) եղանակ: Մասնավորապես՝ առաջարկվում է հանել (դադարեցնել) տուգանքի գումարը սահմանված ժամկետում չվճարելու հիմքով դրա նկատմամբ 25 կամ 50 տոկոս չափով հաշվեգրվող ավելացումների ինստիտուտի կիրառումը: Արդյունքում ակնկալվում է ունենալ տուգանքների հաշվարկման և գանձման առավել պարզ և մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից առավել արդյունավետ համակարգ, ինչը հնարավորություն կտա ճշգրիտ կիրառել վճարային կազմակերպությունների կողմից տուգանքի վճարումն ընդունելու՝ Ճանապարհային ոստիկանությունից տվյալներն առցանց ստանալու և դրա հիման վրա վճարումն ընդունելու համակարգը, որը կբացառի տուգանքների կրկնակի վճարման պահանջ ներկայացնելը կամ վճարված լինելու դեպքում տուգանքը հարկադիր կատարման ներկայացնելը: Առաջարկվում է նաև մշակել և պիլոտային եղանակով 10 պարեկային ավտոմոբիլներում ներդնել էլեկտրոնային եղանակով վարչական իրավախախտման արձանագրություններ կազմելու համակարգ, և հետագայում, կախված պիլոտային ծրագրի իրականացման արդյունքներից, շարունակել կամ դադարեցնել ծրագրի իրականացումը: Ճանապարհային երթևեկության կազմակերպման ոլորտում առկա խնդիրների լուծման աշխատանքները կիրականացվեն հետևյալ 4 ուղղությամբ՝ Երևան քաղաքում տեղադրված լուսացույցների (հատկապես՝ լրացուցիչ սեկցիա ունեցող) տեսանելիության ապահովում, Երևան քաղաքում չկարգավորվող հետիոտնային անցումների անվտանգության մակարդակի բարձրացում, քաղաքային համայնքների (հատկապես՝ Երևան քաղաքի) և ավտոմոբիլային ճանապարհների ճանապարհային երթևեկության կազմակերպման սխեմաների կազմում և հաստատում, Երևան քաղաքի խաչմերուկներում մուտքային և ելքային հոսքերի ուղիների քանակի հավասարության, ինչպես նաև ձախ շրջադարձն առանձնացված երթևեկելի գոտուց կատարելու միջոցով խցանումների և խաչմերուկներում տրանսպորտային միջոցների կուտակումների բացառում:

ՀՀ կառավարություն

Այս խորագրի վերջին նյութերը