Հարցազրույց

23.02.2017 14:45


Վարդան Հարությունյան. «Եթե մարդիկ ինքնաթիռի արկից չեն վախեցել, իշխանավորներից հաստատ չեն վախենա»

Վարդան Հարությունյան. «Եթե մարդիկ ինքնաթիռի արկից չեն վախեցել, իշխանավորներից հաստատ չեն վախենա»

Հարցազրույց «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքով թիվ 12 ընտրատարածքում «Համախմբում» կուսակցության առաջադրած թեկնածու Վարդան Հարությունյանի հետ

–Պարո՛ն Հարությունյան, դուք առաջադրվել եք Սյունիքի և Վայոց ձորի մարզերում՝ որպես ռեյտինգային թեկնածու։ Ինչո՞ւ նախընտրեցիք հենց «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքը։

–Ես որոշումս կայացնելուց շատ երկար եմ մտածել և անպայման ցանկացել եմ առաջադրվել ռեյտինգային թեկնածու հատկապես «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշիքնով», որովհետև, իմ կարծիքով, միայն լուրջ ուժը կարող է փոփոխություն մտցնել և դրական տեղաշարժ ապահովել մեր հանրապետությունում։ Այսօր մենք ոչ նորմալ կառավարման և այս իշխանությունների ապիկար լինելու պատճառով կարող ենք կորցնել թե՛ մեր պետականությունը, թե՛ այն բոլոր հաջողությունները, որ ձեռք ենք բերել։ Այսօր համբերության բաժակի վերջին կաթիլն է լցվում ժողովրդի մոտ, ով տեսնում է, որ որոշ մարդիկ իրենց ոչ պրոֆեսիոնալիզմի պատճառով կարող են երկիրը գլորել դեպի անդունդը։ Այսօր ես մեր պետականության համար վտանգ եմ տեսնում, այդ պատճառով էլ որոշել եմ առաջադրվել հենց այս դաշինքով, որը կարող է շատ լուրջ փոփոխություններ կատարել։

–Ընտրություններին նախապատրաստվելու ընթացքում ի՞նչ խնդիրների եք հանդիպել մինչ այժմ և ինչպե՞ս եք գնահատում հաղթանակի հնարավորությունները։

–Նախ՝ սկսենք նրանից, որ տարածված ասեկոսեներ են, թե արդեն ամեն ինչ որոշված է։ 8 տարի է՝ այս իշխանությունը պետությունը նույնականացնում է իր հետ, իսկ բոլորին, ովքեր ապացուցում են, որ նրանք ապիկար իշխանություն են, անարդյունավետ են կառավարում երկիրը, համարում են պետության թշնամիներ։ Բայց պարզվում է, որ հենց իրենք են այսօր պետության կործանման գաղափարակիրները։ Ես կարող եմ միայն մեր՝ կոնկրետ Կապան քաղաքի և մեր գյուղերի կտրվածքով ասել՝ պատերազմի ժամանակ կապանցիները և՛ ինքնաթիռի արկ տեսան, և՛ կրակ, և՛ խարազան, և դրանցից ոչ մեկից չվախեցան, իսկ մի քանի ճնճղուկներ որ փորձեն կապանցիներին վախեցնել, այդպիսի մարդ չի ծնվել և չի էլ ծնվելու։ Ես համոզված եմ, որ ժողովուրդն է որոշելու, թե ում է ընտրելու, և հաստատ ապրիլի 3–ից հետո մենք նոր որակի իշխանություն ենք տեսնելու։

–Բայց արդեն իսկ ահազանգեր կան տարբեր կեղծիքների մասին, մասնավորապես, շատ են խոսում ընտրակաշառքներ բաժանելուց։ Ձեր մարզում այդպիսի տեղեկություններ, խոսակցություններ կամ փաստեր կա՞ն։

–Կան մեր մարզում այդպիսի փաստեր։ Նամանավանդ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցներին վախեցնում են, որ աշխատանքից կազատեն, բայց այդ ամենն անցողիկ է։ Ամենակարևոր գործոնն այն է, որ մեր հասարակ քաղաքացիներն իրենցից ավելի խելոք են կշռադատում, և հենց իրենք էլ են տեսնում, որ այսօրվա իշխանությունները կորցրել են իրենց անմիջական ղեկավարությունը ժողովրդի նկատմամբ և կտրված են ժողովրդից։ Այդ պատճառով վախեցնելը, կաշառք բաժանելը երկրորդական, երրորդական խնդիր են լինելու։ Նրանք այդ քայլով ցանկանում են, որ վախի մթնոլորտ տիրի, բայց եթե մարդիկ ինքնաթիռի արկից չեն վախեցել, ոչ ոք իշխանավորներից հաստատ չի վախենալու։

Հարցազրույցը վարեց Նելլի Ավագյանը

Այս խորագրի վերջին նյութերը