Մեկնաբանություն

23.02.2017 12:40


Հասարակությունը չի հավատում իշխանական անկարող դատարկախոսներին

Հասարակությունը չի հավատում իշխանական անկարող դատարկախոսներին

Մարդիկ բոլորն ամեն տեղ նույնն են։ Նույնն են նաև մարդկային բոլոր արժանիքներն ու արատները։ Տարբեր են միայն այդ արժանիքներն ու արատները պիտակավորելու ու գնահատել-դատապարտելու համակարգերն ու մեթոդները։ Հենց դրանք են ձևավորում համակեցության այն նորմերն ու արժեհամակարգերը, որոնցով բնութագրվում են ամեն տեղի նույն մարդկանց կառուցած և իրարից այդքան տարբեր հասարակությունները։

Հասարակական մոդելներն էլ ժամանակակից աշխարհում այնքան էլ բազմազան չեն։ Կամ հասարակությունն է վստահություն հայտնում և ձևավորում իր շահերին ծառայող իշխանությունը, կամ էլ իշխանության ձևավորումը տեղի է ունենում առանց հասարակության մասնակցության (որոշ դեպքերում՝ ընդամենը արտաքուստ և ձևական մասնակցությամբ)։ Այս պարագայում երկուստեք բացառվում է վստահություն տալ-ստանալու` պետականաշինության համար առաջնահերթ անհրաժեշտություն ունեցող, առողջ համաձայնությունը։

Պետության և հասարակության համար ամենակործանարարը հենց այդ վստահության բացակայությունն է։ Պետական կառույցների, դրանք ղեկավարող և երկրի կենսունակությունն ապահովելու պարտականությունն ունեցող չինովնիկների, ժողովրդի ապահովությունն ու անվտանգությունն ապահովելուն ծառայող ուժային կառույցների, պետական բյուջեն կերակրատաշտի վերածած և այն անխնա լափող բոլոր մակարդակների կառավարիչների նկատմամբ համընդհանուր անվստահության մթնոլորտում ցանկացած որոշում, միջնորդություն, հանձնարարություն կամ «բարեփոխում» միմիայն է՛լ ավելի է մեծացնում հասարակության և իշխանության միջև եղած կասկածի ահռելի վիհը։

Տվյալ դեպքում որևէ տարբերություն չի դրվում վարչական չինովնիկության, այդ նույն չինովնիկությանը «բեսպրեդելի» դաբրոն տված քաղաքական իշխանության և այդ նույն քաղաքական իշխանության հետ երկխոսող, սիլի-բիլի անող, ինքնուրույնությունից զուրկ, թուլաբաժնի կարոտ և ցանկացած դիրքում և իրավիճակում օգտագործվող ու դեն նետվող քաղաքական «ընդդիմության» միջև։

Նախընտրական քաղաքական պայքարը բավականին բուռն ու թեԺ է սկսվել և ակնհայտ ռեպրեսիվ վարքագիծ է դրսևորում։ Թե այդ վարքագծի որ մասն է շոու, և որ մասն՝ արդարացված, ցույց կտա դեպքերի ընթացքը։ Բայց որ հասարակական ընկալման մեջ դրանք որևէ աղերս չունեն օրինականության հաստատման հետ, այլ ընդամենը քաղաքական հաշվեհարդարի, քաղաքական առևտրի և քաղաքական հետապնդման հերթական քայլերն են, միանշանակ է։

Ինչպե՞ս է լինում, որ ՀՀ նախարարները հենց դառնում են նախկին և մանավանդ ակտիվ քաղաքականությամբ են զբաղվում, «բացահայտվում» են նրանց կողմից տարբեր գործարքների մասին վաղեմության տարբեր ժամկետներ ունեցող «փաստեր»։

Ինչպե՞ս է լինում, որ քաղաքաշինական և առողջապահական խայտառակություններն ու չարաշահումները ընդամենը կոնկրետ կուսակցական պատկանելության ժամանակահատված են մատնացույց անում։ Դեղերի շուկայի խոշորագույն դերակատարության և կեղծ ու ժամկետանց դեղորայքի, առողջապահությանը մահաբեր ու թալանող ամբարտավանության մասին հասարակության համար որևէ գաղտնիք չներկայացնող ճշմարտությունների ֆոնին, ծիծաղելի է, երբ ոլորտի այլանդակությունների նորանոր ապշած «բացահայտումներ» են տեղի ունենում։

Բոլոր ժամանակների քաղաքաշինական անորակությունների, հանցագործ անտարբերության և միայն անձնական բարեկեցության շինարարությամբ մտահոգ, բայց միևնույն ժամանակ ամենահյութալի «ատկատածին» ոլորտի մասին մտահոգությունների անկեղծությունն ակնթարթորեն քանդվում է` նման այն բոլոր շենքերի ու ճանապարհների, որոնց անվան տակ տարիներ շարունակ մսխվում ու «դուրս էին գրվում» միլիոնավոր դոլարներ։

Չարամիտ յուրացումների ու անխնա շահարկումների նորանոր դեպքերի «բացահայտումներն» ու պատասխանատուներին պատժելը մեզանում կարող է տեղի ունենալ ամեն վայրկյան և բոլոր ոլորտներում։ Սակայն, երբ նման վարկանշային և բեմադրված զայրույթն ու դրան հետևած, մինչ այդ խայտառակ անարդյունավետության և մեղսակից անգործության մեջ թաղված վարչարարության աշխուժացումը, տեղի են ունենում ընտրություններից ընդամենը ամիս առաջ, ապա միանշանակ կարելի է համոզմունք հայտնել, որ այդ ամենը քաղաքական «արիշ-վերիշի» ժամանակ գին գցել-բարձրացնելու բազարային պարզունակ ու ճարահատ քայլեր են։

Հասարակության համար իրականում ամեն ինչ մնում է նույնը։

Միլիոնավոր դոլարներ են գալիս վարկերի և դրամաշնորհների տեսքով, որոնք անհասկանալիորեն փոշիանում են առանց որևէ կերպ ժողովրդի վիճակը փոքր-ինչ լավացնելու և միայն է´լ ավելի են մեծացնում ամեն նորածնի վզից կախված պետական պարտքը։

Բազմաթիվ շենքեր են կառուցվում, որոնք մնում են դատարկ ու կիսաքանդ, իսկ աղետի գոտին 29 տարի հետո դեռ մնում է աղետի գոտի և «դոմիկներում» դեռ երկար կշարունակեն սառչել նորածիններն ու ծերերը։

Թոշակներն ու նպաստներն իրենց ողորմելի չափերով շարունակում են նվաստացնել իրենց գործունյա տարիները երկրի կառուցմանն ու պաշտպանությանը տված ծերերին, հաշմանդամներին, ազատամարտիկներին, որպեսզի ցանկացած ընտրությունից առաջ ավելի ու ավելի հեշտ և էժան լինի նրանց քվեները գնելն ու ցուցակային աճպարարություններով կողոպտել նրանց ձայնն ու իրավունքը:

Առողջությունը քայքայած և կեղծ ու ժամկետանց դեղերով կերակրվող, բուժվելու հնարավորությունից զուրկ հասարակությունը, անվճարունակ լինելու պատճառով բժշկի անտարբերության և հանցագոր անգործության սահմռկեցուցիչ պայմաններում տեսնում է նաև, թե ինչպես առողջապահության ոլորտի և ընդհանրապես բոլոր մակարդակների «պատասխանատուները» իրենց և իրենց հարազատների առողջական խնդիրների համար, խուսափելով որևէ առնչություն ունենալ իրենց իսկ ղեկավարած և դրա առաջընթացն ապահովելու պատասխանատվությունը ստանձնած ոլորտի հետ, վազեվազ թռնում են արտասահման և դրանից հետո անամոթաբար գովերգում ոլորտի ձեռքբերումները։

Հասարակությունն իրավացիորեն չի հավատում և չի վստահում իր հետ որևէ կապ չունեցող, «սեփական աչքի գերանը թողած՝ ուրիշի աչքի փուշի» հետևից ընկած անկարող դատարկախոսներին։

Արտակ Բշտիկյան

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության վարչության անդամ

Այս խորագրի վերջին նյութերը