Կարծիք

22.02.2017 15:30


Պարզվում է՝ Հայաստանից միայն երեխաներ են արտագաղթել

Պարզվում է՝ Հայաստանից միայն երեխաներ են արտագաղթել

Կա՛մ իշխանությունները մեզ բոլորիս էշի տեղ են դնում, կա՛մ Հայաստանից այս տարիներին միայն երեխաներ են արտագաղթել։ Համենայնդեպս, դա է վկայում ՀՀ ոստիկանությունից ԿԸՀ-ին ներկայացված՝ ընտրողների քանակի մասին տեղեկանքը։

Եվ այսպես, բռնվեք, ներկայացնում եմ թվերը․ Հայաստանում այս պահին կա 2 մլն 564 հազար 334 ընտրող։ Եվ սա այն դեպքում, որ ԱՎԾ-ի վերջին տվյալների համաձայն՝ Հայաստանում մշտական բնակիչների թիվը կազմում է 2 մլն 993 հազար 900 մարդ։ Ուրեմն, պաշտոնական տվյալների համաձայն՝ ընտրողները կազմում են Հայաստանի բնակչության 85 տոկոսը։ Նման բան երևի աշխարհի ոչ մի երկրում չկա։ Այն երկրներում, որտեղ Սերժ Սարգսյանը նախագահ չէ, այսինքն՝ ամբողջ աշխարհում ընտրողները կազմում են բնակչության առավելագույնը 65 տոկոսը։

Բայց սա դեռ ամենը չէ։ Այն դեպքում, որ 2008-2017 թվականներին Հայաստանից արտագաղթել է մոտ 400 հազար մարդ, նույն ժամանակահատվածում ընտրողների թիվն ավելացել է 235 հազար 503 մարդով։ Այսինքն, ստացվում է, որ Հայաստանից այդ տարիներին արտագաղթել են միմիայն 18 տարին չլրացած երեխաներ։

Նման բան նույնիսկ մղձավանջում պատկերացնել չի կարելի, դա կարող էր հոլիվուդյան որևէ մի թրիլլերի սյուժե լինել, բայց արի ու տես, որ այս իշխանությունները փորձում են մեզ համոզել, որ հենց այդպես էլ եղել է․երեխաներն են արտագաղթել։

Իհարկե, նման բան չկա, Հայաստանում էլ ընտրողների իրական թիվը չի կարող գերազանցել 2 մլն-ն։ Պարզապես այսպես կեղծվելու են գալիք ընտրությունները։ Այդ 2 մլն-ից ընտրություններին հազիվ կեսը մասնակցի, բայց ՀՀԿ-ն արդեն ապահովել է իր համար 500– հազարանոց «բոնուս»։

Անդրանիկ Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը