Քաղաքական

22.02.2017 12:15


Հայաստանը՝ «Amnesty International»–ի ամենամյա զեկույցում

Հայաստանը՝ «Amnesty International»–ի ամենամյա զեկույցում

«Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարկել է իր ամենամյա 2016/2017 զեկույցը, որը ներառում է տեղեկատվություն 2016թ. աշխարհի 159 երկրում տեղի ունեցած մարդու իրավունքների ոտնահարման դեպքերի մասին։

Զեկույցում ներկայացված են այն տառապանքները, որոնք վերապրել են բազմահազար մարդիկ հակամարտությունների, խտրականության և հալածանքների հետևանքով, ինչպես նաև նշվում է այն առաջընթացի մասին, որին հաջողվել է հասնել տարբեր ոլորտներում մարդու իրավունքների ապահովման և պաշտպանության հարցում։

Զեկույցում տեղ գտած երկրների շարքում նաև Հայաստանն է։ Նշված է, որ 2016–ը ՀՀ–ի համար նշանավորվել է տնտեսական և քաղաքական անկայունությամբ և Լեռնային Ղարաբաղում ապրիլյան լայնամասշտաբ ռազմական հակամարտության հետ կապված անվտանգության վերաբերյալ մեծացող մտավախություններով:

Անդրադարձ է կատարվել 2016թ. հուլիս ամսին «Սասնա ծռեր» խմբավորման կողմից Երևանի ՊՊԾ գնդի վրա կատարված հարձակմանը, որի հետևանքով սպանվել է մեկ ոստիկան, եղել են վիրավորներ, իսկ ոստիկանության մի քանի աշխատակից էլ գերի էին վերցվել։ Զեկույցում նաև ընդգծվում է, որ հուլիսյան իրադարձություններին հաջորդել են կամայական ձերբակալությունները, ինչպես նաև բռնության դեպքեր լրագրողների և ցուցարարների նկատմամբ։

«Amnesty International»–ն անդրադարձել է նաև հղիության ընդհատումների մասին օրենքում արված փոփոխություններին, համաձայն որի՝ արգելվում է սեռով պայմանավորված հղիության ընդհատումը 12-22 շաբաթների ընթացքում: Կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող որոշ կազմակերպություններ մտավախություն են հայտնել, որ որոշում կայացնելու համար սահմանված եռօրյա ժամկետը կարող է բերել կոռուպցիայի, հղիության վտանգավոր ընդհատումների և, իհարկե, մայրական մահացության աճի:

ՄԱԿ ազգաբնակության հիմնադրամի տվյալներով՝ Հայաստանում լայնորեն տարածված են անցանկալի սեռով պայմանավորված սելեկտիվ աբորտները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը