Մեկնաբանություն

22.02.2017 10:50


Բոլորը մեկի դեմ

Բոլորը մեկի դեմ

Լրահոսը հագեցած է բացառապես «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի մասին սուտ տեղեկություններով, «վերլուծություններով» ու մեկնաբանություններով:

Հիմնականում բացասական երանգի ու «կոմպրոմատային» բնույթի: Տպավորություն է ստեղծվում, թե ընտրապայքարին մասնակցում են երկուսը՝ ՀՀԿ-ն ու «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը: Մյուս ուժերի կողմից արված որևէ հայտարարություն անտարբերության է մատնվում, և լրատվամիջոցները կառչում են դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Սեյրան Օհանյանի և Վարդան Օսկանյանի արտաբերած ցանկացած բառից ու սկսում վերջիններիս արած հայտարարությունների կապակցությամբ մեկնաբանություններ ստանալ սրանից ու նրանից: Բնականաբար, այնպիսի «մեկնողներից», որոնք հարցազրույցներում քիչ է՝ մնում հոշոտեն դաշինքին:

Քնում-զարթնում են, ու սրանց միակ հոգսը այս դաշինքն է: Կարծես, ընտրապայքարի մասնակից մնացած ուժերում ու դաշինքներում միայն սրբեր են հավաքված, որոնց «անբիծ կենսագրություններն» ու «ազնիվ» քաղաքական գործունեությունը քննարկումից դուրս են: Իրոք, տարօրինակ է: Թեպետ, մեծ հաշվով, տարօրինակ բան էլ չկա: ՀՀԿ ղեկավարի ցուցումով գործում են «բոլորը մեկի դեմ» կարգախոսով: Քանզի այդ մեկն է նրա աչքերից փախցրել քունը: Այդ պատճառով էլ վերջին օրերին լրատվամիջոցները իրարից փախցնելով «աչքալուսանքի» պես հրապարակում են «սարսափազդու» լուրեր այն մասին, թե «նյութեր են հավաքվում...կարող է՝ ձերբակալեն»:

Ինչների՞դ վրա եք ուրախանում: Կամ այդ ո՞ւմ եք փորձում վախեցնել: Իբր, դուք հրեշտակներ եք, ձեր իրական քաղաքական հակառակորդի մեջ էլ «սատանա» են տեսնո՞ւմ: Միայն ստոր մեթոդների դիմելու պատրաստ մարդիկ կարող են զազրելի ստեր տարածել՝ կարծելով՝ այդ կերպ իրենց դեմքը փրկելու են: Երկիրը, որ այս վիճակում է հայտնվել, դրա մեղավորն ու պատասխանատուն Բաղրամյան 26-ում նստած անձն է: Ոչ թե այս դաշինքը: Որքան էլ փորձեք հիմարացնել ժողովրդին, չի ստացվելու:

Կիմա Եզիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը