Կարծիք

21.02.2017 22:51


Գեղարքունիքի մարզում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքով առաջադրվելու եմ պատգամավորության թեկնածու

Գեղարքունիքի մարզում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքով առաջադրվելու եմ պատգամավորության թեկնածու

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ըստ էության, քիչ ժամանակ է մնացել խորհրդարանական ընտրություններին, որոնք նորանկախ Հայաստանի համար հավակնում են դառնալ, թերևս, ամենաբեկումնայինը։ Աշխարհը սրընթաց փոխվում է, փոխվում են մարդիկ, փոխվում է այն միջավայրը, որտեղ այդ նույն մարդիկ աշխատում, գործում, արարում են։ Մեր երկիրն այժմ ապրում է բավականին ծանր ու բարդ ժամանակաշրջան, որը պայմանավորված է թե՛ օբյեկտիվ, թե՛ սուբյետիվ մի շարք գործոններով։

Արտաքին վտանգը գոյություն ունի արդեն 25 տարի, որի բացահայտ դրսևորումը տեսանք քառօրյա պատերազմի ժամանակ։
Այժմ ներքին խնդիրների մասին։ Անցումային ու զարգացող պետություններում, որոնց թվին է պատկանում նաև Հայաստանը, խնդիրները բազմաթիվ են։ Պետական ինստիտուտների կայացումից մինչև հասարակության գիտակցության ձևավորում, բանակաշինությունից մինչև կառավարման արդյունավետ համակարգ ունենալուն ուղղված քայլեր և այլն։ Սրանք հասկանալի են, ու իրեն հարգող յուրաքանչյուր իշխանություն պիտի հավակնի լուծել հենց այս խնդիրները։ Ցավոք, փորձը ցույց տվեց, որ արտաքին վտանգի հետ մեկտեղ՝ մենք ունենք երկրի ներսում շատ լուրջ խնդիրներ, որոնք ոչ մի կերպ հաղթահարել չի հաջողվել։ Իշխանությունը, ցավոք, օտարվել է հասարակությունից, վախենում է հարաբերվել նրա հետ, իսկ հասարակությունն էլ պատասխանում է նույն կերպ։ Արդյունքում՝ ունենք կոռուպցիոն աննախադեպ ռիսկեր Հայաստանում, ունենք կոռումպացված իշխանական համակարգ, որոնք մեկը մյուսով շաղկապված են ու չեն կարող իրարից անջատ գործել, ինչքան էլ որ լեգիտիմ իշխանության մասին խոսեն կամ իմիտացիա անեն։ Ժամանակն է, որ այս ամենին վերջ դրվի։ Ի վերջո, համբերությունն էլ չափ ու սահման ունի, ու ուշ թե շուտ մի օր պայթելու է։ Մարդիկ պարզապես հոգնել են ու հուսահատությունից կարող են դիմել ծայրահեղ քայլերի, ինչի ապացույցն էին հուլիսյան դեպքերը։

Հասկանալով ստեղծված իրավիճակը՝ ես ինձ համար կայացրել եմ չափազանց կարևոր մի որոշում՝ Գեղարքունիքի մարզում ռեյտինգային ընտրակարգով «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքով առաջադրվել ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու։ Ես խորապես հասկանում եմ այն պատասխանատվությունը, այն մարտահրավերները, որոնք ինձ սպասում են: Մենք սակարկելու, կոռումպացված իշխանություն ունենալու հայրենիք չունենք, ու կարծում եմ, եկել է ժամանակը, որպեսզի կարողանանք ընտրությունների միջոցով ձևավորել այնպիսի իշխանություն, որը կկարողանա, ի վերջո, հասարակության ու իշխանության միջև տարիներով խրված սեպը հանել ու առանց իմիտացիայի երկխոսել սեփական հանրության հետ։

Ընտրություններին մասնակցելու եմ պարզ ճակատով ու հավատով, որ արժանանամ իմ մարզի բնակիչների համակրանքին։ Բարի երթ մեզ բոլորիս։

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության երիտասարդական միության նախագահ

ԱԺ պատգամավորության թեկնածու,

Աղվան Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը