Կարծիք

21.02.2017 13:50


Երևանը կանաչապատելու համար «Փյունիկը» քաղաքապետարանից մոտ 325 հազ դոլար է ստացել (տեսանյութ)

Երևանը կանաչապատելու համար «Փյունիկը» քաղաքապետարանից մոտ 325 հազ դոլար է ստացել (տեսանյութ)

Արա, դե մեր երկիրն ուրիշ երկիր է, էլի։ Իսկ դուք գիտե՞իք՝ ով է զբաղվում Երևանի կանաչապատումով։ Ես էլ նոր իմացա․պարզվում է՝ դա անում է Սերժ Սարգսյանի հարազատ եղբոր ղեկավարած ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ «Փյունիկ» հիմնադրամը։ Եվ խնդիրն այն չէ, թե ինչ գործ ունի բարեգործական հիմնադրամը մայրաքաղաքի կանաչապատման հետ։ Խնդիրն այն է, որ այս՝ պաշտոնապես շահույթ չհետապնդող կազմակերպությունը Երևանը կանաչապատելու համար «նվիրատվություն» է ստացել Երևանի քաղաքապետարանից՝ մոտ 325 հազար դոլար։

Հետաքրքիր է, չէ՞։ Ես ինչքան հիշում եմ՝ Երևանի կանաչապատումով զբաղվում է այլ կազմակերպություն, և հետո, ես երբևիցե չեմ տեսել, որ այդ «բարեգործական հիմնադրամի» կամավորականները բահն առած գեթ մեկ ծաղիկ տնկեն Երևանում։ Սակայն նրանք պարտավոր էլ չեն․ չէ որ դա բարեգործական հիմնադրամ է, որը որ այլ բնույթի գործով պետք է որ զբաղվի, իսկ 325 հազար դոլարը եղել է պարզապես նվիրատվություն, որի դիմաց նրանք կարող էին ընդհանրապես ոչինչ չանել։

Բայց քանի որ Սերժ Սարգսյանի եղբայր Լևոնը շատ բարի մարդ է, նա զուտ «լավության կարգով» որոշակի խմբաքանակով տնկիներ ու սերմեր է նվիրել Երևանին։ Եվ, իհարկե, ոչ քաղաքապետարանի կայքում, ոչ էլ «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի կայքում չկա որևէ հաշվետվություն, թե ինչպես է ծախսվել մեր բոլորիս կողմից նվիրաբերված 325 հազար դոլարը։

Սա առնվազն բյուջետային միջոցների ոչ արդյունավետ վատնում է։ Օրենքով քաղաքապետարանը ծառայություններ գնելու համար պետք է մրցույթ հայտարարեր, ընտրեր լավագույն առաջարկը և նոր միայն մեր գումարները տար ինչ-որ մարդկանց։ Իսկ այս դեպքում արվել է նվիրատվություն։ Հիմա ո՞վ դառավ Տարոն Մարգարյանը, որ մեր փողերը ինչ-որ մեկին նվիրաբերի։

Առնվազն բյուջետային միջոցների անարդյունավետ վատնում, իսկ իրականում՝ պրիմիտիվ գողություն։ Ես ավելի քան համոզված եմ, որ տեղի է ունեցել հանցավոր համաձայնություն, որի արդյունքում շրջանցվել է օրենքը, և Երևանի կանաչապատումը հանձնարարվել է Սերժ Սարգսյանի եղբոր «բարեգործական հիմնադրամին»։ Համոզված եմ նաև, որ «նվիրատվության» դիմաց ստացած տնկիներն ու սերմերը 325 հազար դոլար չարժեն։

Իհարկե, ես կարող եմ սխալվել․ դատեք ինքներդ։

Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը