Կարծիք

21.02.2017 13:25


Ըստ Սերժ Սարգսյանի՝ խորհրդարանում անելիք չունի «Օհանյան-Ռաֆֆի-Օսկանյան» դաշինքը

Ըստ Սերժ Սարգսյանի՝ խորհրդարանում անելիք չունի «Օհանյան-Ռաֆֆի-Օսկանյան» դաշինքը

Ինչպիսի խորհրդարան է կառուցում Սերժ Սարգսյանը
----------------------------------------------------------------------------------
Հայաստանի քաղաքական գործիչներից միակը, ով գիտի, թե ինչ է ուզում, և դրան հասնելու համար ինչ և ինչպես է պետք անել, Սերժ Սարգսյանն է:
Առաջին հարցի պատասխանը հանրահայտ է` ցանկանում է շարունակել վերահսկել իշխանությունը: Մնացած հարցերի պատասխանը պարզաբանման կարիք ունի, որպեսզի հասկանալի լինի այն խճանկարը, որը կառուցում է Հայաստանի միակ քաղաքական ճարտարապետը, ապագա խորհրդարանը վերահսկելի և կանխատեսելի լինելու համար, և որ բոլոր աղյուսները լինեն իրենց տեղում և կատարեն իրենց դերը:
-----
Վերահսկելի ՀՀԿ
------
1. Վերահսկելի լինի ՀՀԿ-ն. համամասնական ցուցակներում ընդգրկվածները լինեն վստահելի անձամբ Սերժ Սարգսյանի համար և կարողանան դիմակայել ռեյտինգային ցուցակներում ընդգրկվածներին, որոնք պետք է ձայներ ապահովեն կուսակցության համար, սակայն չփորձեն նոր Սահմանադրության կողմից ընձեռված հնարավորությունների շրջանակում դառնալ ինքնուրույն: Ինչի համար ռեյտինգային ցուցակներում ընդգրկված տեղական հեղինակություններին պետք է զրկել պոտենցիալ լիդերներից, որոնք կարող են դառնալ անկառավարելի իրավիճակի փոփոխության դեպքում, ինչի համար նրանք խաղից դուրս են հանվում: Դրանք են Հովիկ Աբրահամյանը, Գագիկ Բեգլարյանը և Մհեր Սեդրակյանը:
---------------------------------------------
Կառուցողական ընդդիմություն
----------------------------------------------
Կառուցողական ընդդիմության մեջ ներգրավված աղյուսներից յուրաքանչյուրը պետք է ունենա իր դերակատարությունը:
1. «Սերժ Սարգսյանի սուվերենությունը»
Արևմտամետ ընդդիմությունը պետք է ապահովի Սերժ Սարգսյանի սուվերենությունը: Ինչ ենք հասկանում «Սերժ Սարգսյանի սուվերենություն» ասելով, և ինչով է դա տարբերում պետության սուվերենությունից:
Բոլորն են նկատել, որ Սերժ Սարգսյանը Ռուսաստանին է զիջել անվտանգության խնդիրները` ռազմաբազա, միացյալ զորքեր, օդային պաշտպանություն, ստրատեգիական ենթակառուցվածքներ, արտաքին քաղաքականություն և այլն, սակայն տեսնում ենք, որ վերահսկողության տակ եղած մամուլը և քաղաքական գործիչները հաճախ են հակառուսական պրոպագանդա տանում, ինչը շատերին թյուրիմացության մեջ է գցում, և չեն կողմնորոշվում, թե ինչ է կատարվում: Իրականում Սերժ Սարգսյանը պատրաստ է Ռուսաստանին հանձնել ամեն ինչ, բացի մեկ բանից` Հայաստանում իշխանության առաջին դեմքի փոփոխությունը, ինչի համար անհրաժեշտ է ունենալ «արևմտամետ ընդդիմություն», որը Ռուսաստանի կողմից նման փորձերի դեպքում բարձրացնի աղմուկ: Դա ահազանգ է Եվրասիական Միության մյուս երկրների ղեկավարների համար, որ նման փորձեր նրանց դեմ էլ կարող են արվել, ինչը և կլինի ահազանգ ձեռք բերված կոնվենցիայի խախտման մասին: Ռուսաստանը պարտավորվել է չմիջամտել իր ազդեցության տակ գտնվող երկրների իշխանության ձևավորման խնդիրներին, եթե պահպանվում է աշխարհաքաղաքական հավատարմությունը: Նման դերակատարման համար խորհրդարանում պետք է լինի «արևմտամետ» ընդդիմություն, որի դերը ոչ թե պետության, այլ Սերժ Սարգսյանի սուվերենությունը պահպանելն է:
2. «Ներողություն» ֆրակցիան
ՀԱԿ-ը, որի անդամները հիմնականում երիտասարդ մտավորականներ են, նույնպես պետք է ունենան ներկայացուցիչներ ԱԺ-ում և Արցախում ոչ ցանկալի զարգացումների դեպքում դիրքավորվեն որպես «խաղաղության կորպուս» և այդ հարցում Սերժ Սարգսյանին մղեն չափավոր զիջումների պատրաստ դիրքեր: Ինչի երաշխիքը ընտրարշավից առաջ տվեց Լևոն Տեր-Պետրոսյանը իր հայտնի ելույթի ժամանակ:
Այստեղ կարևոր է նաև հասկանալ, որ Մինսկի խմբի կողմից ողջունվել է Բաքվի կողմից ստեղծված հաշտեցման նախաձեռնությունը: Դեռևս 2000 թվականներից փորձ է արվում հայ-ադրբեջանական հաշտեցման պլատֆորմ ստեղծել (ինչը չհաջողվեց), և երկու երկրների ղեկավարները հանձ են առել աջակցել նման նախաձեռնություններին: Հետաքրքիրն այն է, որ և' Ադրբեջանում, և' Հայաստանում այդ նախաձեռնությունը գլխավորում են հայերը, Բաքվում այդ շարժումը գլխավորում է Վահան Մարտիրոսյանը, Հայաստանում՝ ՀԱԿ-ը, ինչից պետք է եզրակացնել, որ դա ադրբեջանցիներից ներողություն հայցող նախաձեռնություն է Արցախում հայերի կողմից կատարված «գազանությունների» համար` առանց որի, ըստ ադրբեջանցիների, չի կարող լինել հաշտեցում:
Փաստորեն, ՀԱԿ-ի՝ խորհրդարան մտնելը կարելի է համարել Հայաստանի իշխանության կողմից վերցված պետական հանձնակատարություն, և հասկանալի է, որ «խաղաղությունն» է լինելու այս դաշինքի պաշտոնական կարգախոսը:
3. «Կրակող ընդդիմություն»
ՀՅԴ-ն, որն ունի զենքի վրա երդում տված անդամներ, սակայն չունի քաղաքական հեղինակություն և 5%-ից քիչ ընտրազանգված, պետք է ներկա լինի խորհրդարանում և իր կոռումպացված ղեկավարության միջոցով վերահսկի հրամանի դեպքում կրակելու պատրաստ փոքրաթիվ անդամներին: Այստեղ պետք է հիշել «Դրո» և «31-ի» չավարտված գործերը:
Դաշնակցության մյուս կարևոր դերակատարությունն այն է, որ լինելով տիտղոսային ազգայնականներ՝ ԱԺ-ում իրենց ներկայությամբ պետք է լուսանցքից դուրս թողնեն մյուս` անկախ ազգայնականներին:
4. «Օլիգարխների խոսափողի» դերակատարությունը տրված է Գագիկ Ծառուկյանի դաշինքին, որը պետք է ներկայացնի այդ շերտի շահերը՝ բնականաբար, չեզոքացնելով «անկախ» օլիգարխներին: Պարզ է, որ առաջին հերթին այն ուղղված է Սամվել Կարապետյանի թիմի դեմ: Մյուս կողմից, ԲՀԿ-ն պետք է ապահովի ԱԺ-ում ձայների 2/3–ով անցկացվելիք որոշումները:
5. Հաջորդ «պաշտպանական շերտը» պետք է լինի «Հայկական վերածնունդ» կուսակցությունը, որը հանրության կողմից մարգինալացված է, սակայն ունի 5% հաղթահարելու հնարավորություն:
------------
Այս տրամաբանության մեջ տեղերը մոտավորապես այսպես են բաշխված` ՀՀԿ-55%, ԲՀԿ- 20%, իսկ մնացածներին՝ մոտավորապես 5-7%:
Կարծում եմ՝ սա է ճարտարապետի կողմից կառուցվող ԱԺ-ն:
Հ.Գ.
«Նոր երկրապահները»
Այս խորհրդարանում, ըստ Սերժ Սարգսյանի, անելիք չունի «Օհանյան-Ռաֆֆի-Օսկանյան» դաշինքը, որ վերահսկելի չէ նրա կողմից, սակայն դա չէ հիմնական խնդիրը: Այդ դաշինքը դուրս է եկել իշխանությունից, ունի կապեր Արցախի և բանակի հետ, և ինչպես 1998-ին էր (այն ժամանակ իշխող խմբակցության անդամները առնետավազք կատարեցին դեպի այն ժամանակվա «Երկրապահ» ֆրակցիան, ինչի հետևանքով իշխանությունը փոխվեց), կարող է լինել այն բևեռը, որի ուղղությամբ, Սերժ Սարգսյանի սայթաքելու դեպում, կարող է առնետավազք սկսվել: Սա է այդ դաշինքի հիմնական վտանգը, ինչի համար Սերժ Սարգսյանը պետք է իր հիմնական ջանքերն ուղղի նրանց խորհրդարանից հեռու պահելու համար: Ինչը և կատարվում է:

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը