Քաղաքական

20.02.2017 17:35


«Մեզ չի կարող դուր գալ այն, որ Ադրբեջանը սպառազինություն է գնում մեր դաշնակցից»

«Մեզ չի կարող դուր գալ այն, որ Ադրբեջանը սպառազինություն է գնում մեր դաշնակցից»

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը հնարավոր չէ առանց բանակցային գործընթացին Ստեփանակերտի անմիջական մասնակցության։ ՌԻԱ «Նովոստիի» հետ հարցազրույցում նման հայտարարություն է արել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

«Լեռնային Ղարաբաղը փաստացիորեն ներգրավված է բանակցային գործընթացում, բայց տվյալ փուլում՝ ոչ լիարժեք ձևաչափով, այսինքն՝ չկան ղարաբաղյան կողմի և ադրբեջանական կողմի անմիջական բանակցություններ վերջինիս ցանկության բացակայության պատճառով»,- նշել է Էդ. Նալբանդյանը:

Նախարարը հավելել է՝ ԵԱՀԿ միջնորդները նույնպես հիանալի հասկանում են, որ առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության՝ հակամարտության կարգավորումն անհնար է:

«Ադրբեջանական կողմը պարզապես ձևացնում է, թե, իբր, չի հասկանում՝ գլուխն ավազի մեջ խրելով, չնայած վերջին տարիներին քննարկվող բոլոր աշխատանքային փաստաթղթերում ամրագրված է հակամարտության համապարփակ կարգավորման մասին համաձայնության մշակման հարցում ղարաբաղյան կողմի անմիջական մասնակցությունը»,-հավելել է Նալբանդյանը։

Անդրադառնալով ՌԴ–ից Ադրբեջանի զենք գնելուն՝ ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը նկատել է.

«Իհարկե, մեզ չի կարող դուր գալ այն, որ Ադրբեջանը սպառազինություն է գնում մեր դաշնակցից, որը շատ ջանքեր է գործադրում, որպես Մինսկի խմբի համանախագահ, մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման համար»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը