Կարծիք

20.02.2017 12:05


Արագ տեմպերով պետք է անցնենք պրոֆեսիոնալ բանակ կառուցելուն

Արագ տեմպերով պետք է անցնենք պրոֆեսիոնալ բանակ կառուցելուն

Թշնամու սանձարձակությունը, չդադարող դիվերսիաները ստիպում են մեզ վերանայել բանակաշինության մեր մոտեցումները. մենք արագ տեմպերով պետք է անցնենք պրոֆեսիոնալ բանակ կառուցելուն։ «Ազգ–բանակ» գաղափարը, որի մասին հայտարարեց նորանշանակ նախարարը, սահմանափակվեց ազգից բանակի կարիքների համար գումար հավաքելով․․․բա հետո՞։ Ընդ որում, փոխանակ մենք լուծենք խնդիրը, պատճառը, գումար ենք հավաքում՝ հետևանքները նույնիսկ ոչ թե վերացնելու, այլ մի փոքր մեղմելու համար։

Չնայած Սեյրան Օհանյանի պաշտոնավարման ժամանակ արդեն իսկ սկսվել էր ժամկետային զինծառայողներին պայմանագրայիններով փոխարինելու գործընթացը, այն պետք է շարունակել և արագացնել։ Դա չպետք է լինի նախարարի նախաձեռնություն, այլ պետական քաղաքականության մաս դառնա։

Մենք այսօր չենք կարող մեզ թույլ տալ 18-20 տարեկան երիտասարդին հանել մարտական դիրք՝ առաջին գիծ, որ նա իր կյանքի գնով պահի մեր պետական սահմանը, պաշտպանի մեր պետականությունը։ Սա փոքր երկիր է, պետք է սթափվել։ Ժամկետային զինվորին առաջին գիծ տանելը ոչ միայն անարդյունավետ է, քանի որ նա չունի բավարար փորձ, այլ նաև վտանգավոր ժողովրդագրական տեսանկյունից։ Հայաստանի բնակչությունը պակասում է արտագաղթի, ծանր սոցիալական պայմանների, նաև երիտասարդ, անժառանգ զինվորների զոհվելու պատճառով։

Այդ տղաները մեզ դեռ պետք են։ Իհարկե, ցինիզմ կլինի ասել, որ ավելի լավ է սահմանում տարիքն առած մարդը զոհվի, բայց նրանց անվտանգությունը բարձրացնելու գործընթացի հետ զուգահեռ՝ մենք պետք է հասնենք նրան, որ ժամկետայինները մարտական դիրքերում ծառայություն չանցկացնեն։ Դա պետք է անի պրոֆեսիոնալ զինվորականը։

Միաժամանակ, ժամկետային ծառայությունը պետք է նոր իմաստ ստանա։ Մենք իսկապես պետք է ազգ-բանակ կառուցենք, բայց շվեյցարական մոդելով։ Այդ եվրոպական երկիրը ամենազինվածն ու մարտունակն է տարածաշրջանում, չնայած որ չեզոքություն է պահում, իսկ բանակում ժամկետային ծառայությունը կամավոր է։ Մարդիկ ինքնակամ գնում են բանակ և մի քանի ամսվա ընթացքում ստանում որակյալ զինվորական պատրաստություն, իսկ զորացրվելուց՝ նաև անվանական զենք ու համազգեստ։ Մենք էլ պետք է այս ճանապարհով գնանք։

Սահմանը պետք է պահեն պրոֆեսիոնալները, սակայն յուրաքանչյուր հայ տղամարդ պետք է զենքի հետ վարվել իմանա։

Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը