Մեկնաբանություն

20.02.2017 11:15


Ի՞նչն է ստիպում մարդուն «խուրդվել»

Ի՞նչն է ստիպում մարդուն «խուրդվել»

Եթե հավատալու լինենք քաղաքական դաշտում երևացող ու նաև առհավետ մոռացված և անհայտ թիմերին ու թիմիկներին, ապա կստացվի, որ Հայաստանն աշխարհի ամենաքաղաքականացված երկիրն է։

Օրեցօր պակասող բնակչության հետ միասին, անշեղորեն աճում է հայ կուսակցականների թիվը։ Մեծ ու փոքր, գործող ու վաղուց իրենց քաղաքական մահկանացուն կնքած թայֆաների անդամների մասին տեղեկանալուց, ապշեցուցիչ տեսարան է ստացվում։ Հազիվ 2 միլիոնանոց Հայաստանում առնվազն 1,5մլն կուսակցական կա։ Եվ քանի որ անկախ երևակայության և բարոյականության պակաս ունեցող PR տեխնոլոգների ցինիզմի արդյունքում «մոգոնած» հավատքի մասին ամպագոռգոռ կարգախոսներից, համոզված ենք, որ հավատալը քաղաքական կատեգորիա չէ, մանավանդ երբ խոսքը վերաբերում է 25 տարի բոլորիս աչքի առաջ գործած ու հասակ առած «փչացնողներին» ու ամենայն պատրաստակամությամբ անմնացորդ «փչացողնեին»: Հետևաբար, կարող ենք վստահորեն մեզ թույլ տալ, հավատալ հայ հասարակության տոտալ կուսակցականացման մասին «ամբախ-զամբախ» թվային աճպարարություններին։

Սակայն, ամենատխուրն ու խղճալին այն է, երբ հայ քաղաքական ճահիճն են «հոժարակամ» մխրճվում նրանք, ովքեր պետք է որ չմուրային այն հարգանքն ու վստահությունը, որն այդքան պակասում է այդ խառնարանում արդեն եղած գործիչներին ու գործիքներին։

Լավ, այդ ի՞նչն է ստիպում մարդուն, որն անբռնազբոս ու ազատ իր մտքերն արտահայտելուն նախընտրում է հայտնվել մի տեղում, ուր պարտադրված հակասելու է նախորդիվ ունեցած իր կարծիքին և դեռ «խելացի» ու պրագմատիկ պատճառաբանություններ է գտնելու իր երբեմնի «անգիտությունն» ապացուցելու համար։

Լավ, ի՞նչն է ստիպում մինչև երեկ ունեցած սկզբունքային և արդարամիտ տեսակետները «խուրդել» կուսակցական չեղած գաղափարախոսական ձևակերպումներով։

Ի՞նչն է ստիպում գնալ ու միանալ արդեն վաղուց և անդառնալիորեն ժողովրդի աչքում վարկաբեկված ու պարսավանքի արժանացած կուսակցական ցինիկ չինովնիկների և չգվվացող-չբվվացող տհաս հայացքներով և հայհոյախառն բառապաշարով կոճակ սեղմող դակիչների նեխող բանակներին։

Ի՞նչն է ստիպում ազգային ու պետական արժեհամակարգի պահպանմամբ թերևս անկեղծորեն, մտահոգ մարդուն, գնալ ու դառնալ այն «պրագմատիկը», որը կուսակցական կարգապահությամբ պարտադրված, կսեղմի «այո» կոճակը բոլոր այն դեպքերում, երբ կքննարկվեն դրսներից ժպտադեմ պարտադրված վտանգավոր ու անընկալելի, բայց դոլարաշատ կամ ռազմավարական ֆորպոստային օրենքներ։

Նախընտրական այս ողորմելի «արիշ-վերիշին» մաս կազմելու, թե՞ եղած թայֆաների անդունդն ընկած վարկն իրենց դեռևս չկեղտոտված անվամբ փոքր-ինչ բարձրացնելու հանձնարարականներով զինված կուսակցականացվում են մարդիկ, ովքեր նախընտրական փուչիկային շոուներում առաջին շարքերը «զարդարելուց» հետո, կամ հայտնվում են ետնապահներին հատկացված կուլիսներում, կամ որ ավելի սարսափելի է, մնալով առջևի գծում, օգտագործվում են մինչև վերջին «խազը», դառնալով վերը նշված, ամենայն պատրաստակամությամբ անմնացորդ «փչացողներից» հերթականը։

Չիմանալ այս ամենը հնարավոր չէ։ Հավատալ, որ սեփական ներկայությունը կսթափեցնի և կփոխի իրավիճակը` նվազագույնը միամտություն է, որը, սակայն, քաղաքական հնոց նետվող մարդու համար անհավատալի է։

Հետևաբար, արվող քայլերը հաշվարկված, հանձնարարված և անհրաժեշտ «դաբրոները» ստացած գործողություններ են։ Հետևաբար, սպասելիքներն ու հնարավոր հասարակական մերժումը նույնպես գիտակցված են։ Ուրեմն արժանի վերաբերմունքի պատրաստ են։ Գոնե, սակայն, կարողանային իրենց հետ տանել հասարակական անհանգստության պատճառ խնդիրներն ու դարձնեին օրակարգային։

Չեն կարողանալու, որովհետև իրենք առայժմ «հավատում» են, որ կփոխեն, բայց շատ արագ նրանց կհասկացնեն, որ իրենք պետք է փոխվեն և անվերապահորեն հավատան։ Եվ կփոխվեն ու կհավատան։ Արդյունքում` իրենց այլևս չեն հավատա։ Բայց դա արդեն կարևոր չի լինի։

Արտակ Բշտիկյան

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության վարչության անդամ

Այս խորագրի վերջին նյութերը