Մեկնաբանություն

17.02.2017 23:20


Ագրեսիվ–հնազանդ մեծամասնության թշվառացումը

Ագրեսիվ–հնազանդ մեծամասնության թշվառացումը

Առաջին հայացքից սովորական պառլամենտարիզմի կանոնների մեջ լիովին տեղակայվող գործելաոճը ակնհայտորեն ի հայտ է բերում այն հիվանդագին իրավիճակը, որը տիրում է մեր քաղաքական դաշտում:

Քաղաքական դաշտի հիմնական բնութագիրը տեղավորվում է ոչ թե գաղափարական մրցակցության կամ սկզբունքների շուրջ բանավեճի շրջանակներում, այլ ուղղակիորեն խարսխված է թշնամանքի և անհանդուրժողականության վրա։

Բազմաթիվ արժանահավատ և ոչ այնքան, սոցհարցումների պնդմամբ, պետական ինստիտուտներից ամենավարկաբեկվածն ու անվստահելին Ազգային ժողովն է։

Մարդկության կողմից ստեղծված և կարծես թե տևական ժամանակ քաղաքական ժողովրդավարության լավագույն օրինակ հանդիսացող այս կառույցը, որն իրականում կոչված է ճշգրտորեն ներկայացնել հասարակական տրամադրություններն ըստ իրական չափաբաժնի և ձևաչափի, մեզանում վերածվել է ընդամենը քաղաքական զոռբայության և երբեմն նույնիսկ քաղաքական հաշվեհարդարի որջի։

Այն, որ Ազգային ժողովը, Հայաստանում անընդհատ կրկնվող կեղծված ընտրությունների արդյունքում, վաղուց դադարել է լինել հասարակական ակնկալիքներն արտացոլող քաղաքական մարմին, և որ այն վստահության որևէ քվոտա չունի, անքննելի իրականություն է։

Քաղաքական աճպարարության և ընտրական գեղանկարչության արդյունքում «ձևավորվող» բոլոր գումարումների խորհրդարաններն, իրենց բազարային տգիտության, տհաս հայացքների, դաբրոյածին հաճախորդության, վախվորած հարմարվողականության և պարտադրված անինքնուրույնության համախառն արդյունքով, ամբողջական արհամարհանքի և անվստահության անգերազանցելի ռեկորդակիրներն են։

Միայն սեփական կաշվի և ստացած, բայց միևնույն ժամանակ անընդհատ կորցնելու վտանգի տակ եղող թուլաբաժնի պահպանմամբ մտահոգ, հիմնականում անդեմ ու անսկզբունք վախկոտ կամակատարների կույտը, դեմքի լրջագույն արտահայտությամբ և զոմբիացած գանգատուփով ընդամենը դակիչների մի խղճուկ խմբակ է, որոնց հիմնական առաքելությունը ոչ թե ժողովրդի կարիքներից կամ ցանկություններից ձևավորված ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ օրենսդրական աշխատանքով զբաղվելն է (շատերը լուրջ խնդիրներ ունեն տառաճանաչության հետ), այլ հստակ նախանշված սահմանների ներսում, առանց որևէ ինքնագործունեության, հանձնարարված դերերի հլու-հնազանդ կատարումը։

Խղճահարություն առաջացնող այս լակեյների թայֆան, անզուսպ կատաղության և շփոթության մեջ է ընկնում, երբ ճանճային հնազանդության ու ամորֆության մթնոլորտի որևէ չնախատեսված կամ չհանձնարարված փոփոխման փորձ է արվում։

Մտավոր սնանկության, արագ և ինքնուրույն որոշումներ կայացնելու լիակատար անկարողության, հանձնարարականի կամ դաբրոյի հանկարծակի ուշացման և «անգիտակցաբար» որևէ սխալ թույլ չտալու նյարդային ցնցումներ առաջացնող մտավախության հանրագումարի արդյունքում, ոտքի տակի հողը կորցնելուց սարսափահար խորհրդարանում ի հայտ են գալիս ոհմակային դրսևորումներ։

Բանականության մթագնման և «շեֆի» անկանխատեսելի զայրույթի վախից, մոռանալով խորհրդարանական ժողովրդավարության բոլոր տրամաբանական նորմերը, քյառթույության ամենագռեհիկ դրսևորմամբ, գործի է դրվում քաղաքական հակառակորդին որպես թշնամի ընկալելու մարտավարությունը։ Այս մարտավարության հիմնական բաղադրիչն էլ ընդամենը նեղացկոտ համառությամբ, խափանարար գործողությունն է։ Որևէ այլ, ավելի բանական, մտավոր կամ քաղաքական նորմերի մեջ տեղավորվող քայլ անհնար է պատկերացնել։

Նեղացկոտ համառությունն էլ, եթե, իհարկե, այն հաստատապես որևէ առնչություն չունի կենդանական հայտնի համառությունը կրկնօրինակելու անհագ ցանկության հետ, ընդամենը սեփական անկարողությունը, լիակատար հնազանդությունը և անվճռականությունը թաքցնելու վատ քողարկված միջոց է։

Գծված և կատարման ներկայացված ծրագրից որևէ շեղում չհանդուրժող կամակատարների ոհմակը, իրենց հանդուրժողականության և պատասխանատվության մասին փրփրածոր հայտարարությունները շուտասելուկի պես շաղ տվող խոսնակները, ներքին նախանձով են վերաբերում խորհրդարանական աշխատանքում իրականում սովորական ու նորմալ այն պարզ երևույթին, որ հնարավոր է նաև երբեմն-երբեմն առաջ քաշել այլ` նախօրոք չնախատեսված, «շեֆի» դաբրոն չստացած, ելույթները նախօրոք չգրած և չգրաքննած օրակարգային հարցեր։

Ագրեսիվ–հնազանդ մեծամասնության բազմաթիվ ներկայացուցիչները, չէ՞ որ, հրաշալի գիտակցում են, որ եթե որևէ հնարավորություն չլիներ նման չնախատեսված հարցերի քննարկման համար, ապա որևէ երկրում հնարավոր չէր լինի քննարկել ու հասնել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրենքների ընդունմանը։

Աշխարհի բոլոր այն երկրներում, որտեղ խորհրդարանների ընդունած օրենքի ուժով ճանաչվել է Հայոց ցեղասպանությունը, դա տեղի է ունեցել միայն եղած օրակարգից դուրս` արտահերթ օրակարգի ներկայացմամբ և իմիջիայլոց` հիմնականում այդ օրակարգը ներկայացվել է տվյալ երկրի այդ ժամանակահատվածում ընդդիմություն հանդիսացող ուժի կողմից։

Հիմա, մի վայրկյան պատկերացնենք, որ տվյալ երկրի այդօրյա «շեֆը» անհրաժեշտ դաբրոն չի տվել իր խորհրդարանական մեծամասնությանը (հիմնականում այդպես է եղել, քանի որ որևէ երկիր խուսափել է վատացնել Թուրքիայի հետ իր հարաբերությունները) և որևէ հնարավորություն չլիներ Ցեղասպանությունը ճանաչող օրինագծերի ընդունման համար։ Այդ դեպքում, էլ ի՞նչ էինք ներկայացնելու որպես մեր վարած արտաքին քաղաքականության փայլուն հաղթանակ։

Հնազանդ ու սարսափահար մեծամասնությունը նաև գիտակցում և հենց դրանից էլ նեղանում է, որ ինքն ի վիճակի չէ ճշմարտանման, իրականությանը մոտ, իրապես ժողովրդական համակրանքն ու հարգանքը վայելող որևէ գործողության կամ նույնիսկ մեկնաբանության, իսկ չգիտես ինչու, «առյուծի կաթ» խմած ընդդիմադիրները կարողանում են ինքնուրույն որոշումներ կայացնել և դեռ առանց վախենալու հայտարարում են դրա մասին ու փորձում շեֆի կողմից չհանձնարարված հարցերը քննարկել։

Նրանցից քանի՞սը մարդկայնորեն կցանկանային գոնե հնարավորություն ունենալ գոնե մեկ անգամ կրկին իրենց իմացած իրականությունը բարձրաձայնելու համարձակությունն ունենային, որքա՞ն կցանկանային առանց ամաչելու և վախենալու անցնեին մարդկանց կողքով, ովքեր ոչ թե նրանց կարժանացնեին լակեյներին վայել վերաբերմունքի, այլ կվերաբերեին որպես իրական վերնախավի, որքա՞ն կցանկանային իրապես ունենալ քաղաքական սկզբունքներ և բավարար գիտելիքների պաշարով չամաչեին հրապարակայնորեն պաշտպանել դրանք, այլ ոչ թե աչքերն ու ականջները անընդհատ հառեին հեռախոսի ականջակալին կամ շեֆի հայացքին։

Խորհրդարանական խեղճ դակիչներն, ինչպե՞ս չշփոթվեն ու չկատաղեն ընդդիմության չնախատեսված քայլերից, երբ իրենք իրականում նրանցից ոչնչով չեն տարբերվում, տեսնում ու հասկանում են ամեն ինչ (դեռ նույնիսկ ավելին գիտեն), բայց հնարավորություն ու համարձակություն չունեն ճշմարտությունն ասելու և ժողովրդի մոտ մի քիչ հարգանք ձեռքբերելու։

Ինչ է, իրենք չգիտե՞ն, որ երկիրը ծայրահեղ վատ վիճակում է։ Չգիտե՞ն, որ իրենց ձևավորած կառավարությունն ապաշնորհ և անարդյունավետ է։ Իրենցից լավ ո՞վ գիտե, որ ներկայացվող բյուջեն ամոթալի ու անհեռանկար է։ Խեղճերը ո՞նց կարող են չիմանալ, որ չնայած իրենց նկարած ընտրական թվերին, երկիրը օրեցօր դատարկվում է։ Ինչ է, իրենք տեղյակ չե՞ն, թե ինչ ողբերգական վիճակում են առողջապահությունն ու կրթությունը։ Թե չէ, էլ ինչո՞ւ երեխեքից կտրվելով նրանց պետք է ուղարկեին դրսերում սովորելու և իրենք էլ ափալ-թափալ լցվեին դրսերի հիվանդանոցները։ Ո՞նց կարող են չիմանալ, որ երկրում մոլեգնում է մենաշնորհը, որի կառավարումը հանձնարարված է իրենց կուսակից «ընկերներին»։ Չգիտե՞ն, որ երկիրը մսխող «ատկատները» հիմնականում ֆռռում են նույն կրծքանշանը կրող չինովնիկական միջավայրում: Իչպես կարող են անտեղյակ լինել, որ անպատժելիությունն ու զորբայությունը սովորական երևույթներ են դարձել իրենց կողմից վատ կառավարվող երկրում:

Էլ ո՞րն ասենք։ Էս խեղճ խորհրդարանական մեծամասնությունն այս ամենը բոլորից լավ գիտի։ Բայց իր գոյության իմաստը ոչ թե իրականությունն ասելն ու թերությունները փոխելն է, այլ` խելոք ու հնազանդ կոճակ սեղմելը։ Իրականում, իրենք էլ մարդ են և շա՛տ կուզենային մաքրվել, գոնե երբեմն-երբեմն իրականությանը մոտ բաներ ասել, ամեն վայրկյան չապրել այն ծանր գիտակցությամբ, որ այլևս ոչ ոք իրենց չի հավատում ու չի վստահում։

Արտակ Բշտիկյան

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության վարչության անդամ

Այս խորագրի վերջին նյութերը