Աշխարհ

17.02.2017 13:28


«The Economist»-ը սարսափեցնող է համարել ռուս-թուրքական արագ մերձեցումը

«The Economist»-ը սարսափեցնող է համարել ռուս-թուրքական արագ մերձեցումը

Բրիտանական «The Economist» ամսագիրն անդրադարձել է ռուս-թուրքական արագ զարգացող հարաբերություններին: Թուրքական իշխանամետ «Yeni Akit» թերթի կայքի փոխանցմամբ՝ ամսագրի վերջին համարում տեղ է գտել «Ռուս-թուրքական մերձեցումը կարող է վնասակար լինել» հոդվածը: Այս մասին փոխանցում է «ermenihaber.am»–ը։

Վերլուծաբանը նախ հիշեցրել է երկու երկրների միջև առկա պատմական հակասությունների ու պայքարի, ինչպես նաև դեռ ոչ այնքան վաղ անցյալում առկա խնդիրների մասին: Խոսքը, մասնավորապես, 2015թ. նոյեմբերին թուրքական ուժերի կողմից ռուսական ռազմական ինքնաթիռի խոցման հետևանքով երկկողմ հարաբերություններում առաջացած լարվածության, փոխադարձ մեղադրանքների ու կիրառված պատժամիջոցների մասին է:

Աղբյուրն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ չնայած այս ամենին՝ ռուս-թուրքական հարաբերությունները հանկարծ սկսեցին արագորեն կարգավորվել, իսկ համագործակցությունը՝ է՛լ ավելի ընդլայնվել: Հիշեցվում է, որ կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ երկկողմ առևտրաշրջանառությունը հասցնել տարեկան 100 մլրդ դոլարի, ինչը 5 անգամ ավել է նախկին ցուցանիշից:

«Մինչ ամերիկացի և եվրոպացի դիվանագետները կողքից դիտում են, դեկտեմբերին զինադադար ձեռք բերվեց Հալեպում, որտեղ ընթացող պատերազմում ներգրավված են երկու կողմն էլ: Իսկ հաջորդ ամսվա համար նախատեսվեց դադարեցնել ռազմական գործողությունները ողջ Սիրիայում: Այն շրջանում, երբ հակամարտությունը հասել էր իր գագաթնակետին, Պուտինն ու Էրդողանը փոխադարձաբար մեղադրում էին միմյանց «Իսլամական պետությանն» աջակցելու մեջ: Իսկ հիմա երկու տիրակալները Սիրիայիում համատեղ օդային հարվածներ են հասցնում ԻՊ-ին»,- ասվում է հոդվածում:

Բրիտանական թերթն ուշադրություն է հրավիրում նաև այն հանգամանքի վրա, որ անգամ Անկարայում Ռուսաստանի դեսպանի սպանությունը թուրք ոստիկանի կողմից չկարողացավ խաթարել երկկողմ կարգավորվող հարաբերությունները: «The Economist»-ը «սարսափեցնող» է համարում ռուս-թուրքական մերձեցման արագությունն ու մասշտաբները:

«Սակայն այս երկու հզոր մարդիկ տարբեր ու միմյանց հակասող ակնկալիքներ ունեն: Էրդողանն հւոյս ունի, որ Պուտինի հետ իր հարաբերությունները կստիպեն Արևմուտքի իր դաշնակիցներին՝ գնալ զիջումների, իսկ Պուտինը ցանկանում է թուլացնել Թուրքիան, որին համարում է ՆԱՏՕ-ի ամենաթույլ օղակը: Երկուսից մեկին հիասթափություն է սպասվում», - եզրափակում է հոդվածագիրը:

Այս խորագրի վերջին նյութերը