Կարծիք

17.02.2017 13:02


Հանրապետականը խոստովանել է, որ ՀՀԿ-ն մարդ-կուսակցություն է

Հանրապետականը խոստովանել է, որ ՀՀԿ-ն մարդ-կուսակցություն է

Ստրկամիտ հանրապետականներն «արջի ծառայություն» են մատուցում Սերժ Սարգսյանին։ Ուրեմն, Սերժ Սարգսյանը ջանք ու եռանդ չի խնայում ՀՀԿ-ն որպես կուսակցություն ներկայացնելու համար, մի բան էլ, որ իր անունը հնարավորինս քիչ առնչվի այդ կուսակցության հետ, բայց Մարգարիտ Եսայանը բոլոր խաղաքարտերը միանգամից բացում է։

Ուրեմն, լրագրողներից մեկը հարցրել է, թե բա՝ ոնց է վերաբերվում նրան, որ «կարկառուն» հանրապետականներից շատերը հայտնվել են նախընտրական ցուցակի տասնյակից դուրս, էս Սերժի Մարգարիտն էլ պատասխանել է․ «Տրամադրությունը նորմալ է, բնական: Մենք մեր կուսակցության ղեկավարի որոշումները չենք քննարկում, ընդունում ենք ի գիտություն: Սա կուսակցության ղեկավարի որոշումն է, և յուրաքանչյուր կուսակցական այս որոշումն ընդունվում է որպես արդեն կատարված փաստ, և մենք չենք քննարկում: Կուսակցական լինելը կարգապահություն է ենթադրում, իսկ մենք կարգապահ կուսակցականներ ենք: Կուսակցության ղեկավարության որոշումներն էլ եղած փաստեր են, և դրա հետ պետք է հաշվի նստել»:

Բա ո՞ւր մնաց «ներկուսակցական ժողովրդավարությունը», որի մասին բարբաջում էր Էդուարդ Շարմազանովը։ Փաստորեն, ՀՀԿ-ն նույնպես «մարդ-կուսակցություն» է, պարզապես Սերժ Սարգսյանն այնտեղ ներկայացված է շատ դեմքերով։ Այսինքն, ձայն տալով ՀՀԿ-ին՝ մարդիկ, եթե այդպիսիք գտնվեն, ձայն են տալու անձամբ Սերժ Սարգսյանին, քանի որ ինքն է միայն որոշում կայացնում այդ կուսակցությունում, իսկ մնացածը հնազանդ և անլեզու կատարողներ են։ Եվ այս տրամաբանության մեջ Մարգարիտ Եսայանի անկեղծ խոստովանությունը միանգամայն հասկանալի է։ Նրանց համար իրոք տարբերություն չկա, թե որ տեղում են՝ առաջին համարից մինչև վերջինը, առանց ծպտուն հանելու, անելու են այն, ինչ հրահանգի Սերժ Սարգսյանը։

Փաստորեն, ստացվում է, որ ընդդիմադիր կուսակցությունների, դաշինքների դեմ այս ընտրություններում մրցելու է մեկ մարդ՝ Սերժ Սարգսյանը։ Լավ է դա թե վատ՝ ժամանակը ցույց կտա, իսկ մենք առայժմ փաստն ենք արձանագրում։

Անդրանիկ Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը