Կարծիք

15.02.2017 16:41


Պատերազմը քթներիս տակ է, նախարարը պետք է քարոզ անի, փող բաժանի

Պատերազմը քթներիս տակ է, նախարարը պետք է քարոզ անի, փող բաժանի

Թշնամին սահմանն է ականանետում, Սերժն իր աթոռն է ականապատում։

ՀՀԿ-ի թոփ-տասյնակն էլ է պատրաստ՝ ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանն է գլխավորելու: Ֆեյսբուքյան ընկերներս կատակում են՝ «կարող ա՝ Վիգեն Սարգսյանը 1000 դրամները հավաքում է քարոզի համար, ընտրակաշառքի համար, դե գիտեք՝ մարդուն առաջին տեղն են տվել, բա ինքը լավության տակից պետք է դուրս գա՝ ձայներ հավաքի, տոկոս խփի»:

Կատակը՝ կատակ, բայց պատկերացնո՞ւմ եք՝ ՀՀԿ ցուցակը գլխավորում է ՊՆ նախարարը, ում համար այսօր թիվ 1 խնդիրը երկրի անվտանգության հարցը պետք է լիներ, զինվոր, սահմանին լարվածություն, հակառակորդի՝ հրադադարի խախտում, մահ… նման բաները, էլի:

Մենք պատերազմական երկիր ենք. պատերազմը քթներիս տակ է, ամեն օր սահմանին զինվոր է զոհվում, ու այս ֆոնին ՊՆ նախարարը, թողնելով իր վրա դրված երկրի անվտանգության հարցը, այն մղելով երկրորդական պլան, խորհրդարանական ընտրություններին պետք է մասնակցի, ձայն բերի, քարոզ անի, փող բաժանի…

Բայց ի՜նչ «մռութ» եք դուք: Բա երկրի անվտանգության հարցերով ո՞վ պետք է զբաղվի, Սե՞րժը, ով իրեն էլ ՀՀԿ-ի շտապի պետի պաշտոնն է նշանակել: Չէ՞ որ նա էլ անձամբ զբաղված է շտաբի ղեկավարման գործընթացով, լծված է լինելու «թիվը տեղին ու ժամանակին խփելու» գործին, էլ ինչպե՞ս պետք է զբաղվի երկրի անվտանգությամբ, մարդը հո չի՞ «ճղվելու»:

Դեռ մեկ տարի չի անցել, երբ ունեցանք «ապրիլյան քառօրյա պատերազմ» անվանումը կրող սև օրեր, դաժանաբար զոհվեցին զինվորներ, ունեցանք տարածքային կորուստներ... Մի գիշերում ամեն ինչ սկսվեց այս իշխանության բարձիթողի արտաքին քաղաքականության շնորհիվ, վերարտադրության փայլն ամեն գնով պահող այս իշխանության պատճառով:

Ու այս թիմը հաղորդումների ժամանակ ասում է, որ իրենց համար առաջնայինը երկրի անվտանգության, Ղարաբաղի խնդիրը լուծելու հա՞րցն է, ու իրենք այսքանից հետո դեռ կարող են մեզ համոզել, որ բանակի ու զինվորի համար ամեն ինչ անող իշխանությո՞ւն են: Երկրի գխավոր հրամանատարը ստանձնել է շտաբը ղեկավարելու գործը, ինչը բարդ ու պատասխանատու աշխատանք է ներկայացնում, իսկ ՊՆ նախարարի թեկնածությունն էլ իր սիրուն աչքերի համար չեն առաջադրել. ամեն գնով պետք է ձայն հավաքի:

Նրանց համար միշտ էլ գլխավոր խնդիրն ու գերակա շահը եղել են վերարտադրությունը, ուրիշ ոչինչ, ու սա հիշելով պետք է գնանք ընտրության:

Հ.Գ. Այս պահին էլ սահմանին լարված իրավիճակ է՝ ադրբեջանական զինուժը կիրառել է 60 և 82 միլիմետրանոց ականանետեր: Տեսնես՝ այս մասին տեղյա՞կ են գլխավոր հրամանատարն ու ՊՆ նախարարը: Հա՛յ զինվոր, Աստված քեզ պահապան:

Սաթեն Մանասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը