Մեկնաբանություն

15.02.2017 11:40


Քարերը հավաքելու ժամանակը

Քարերը հավաքելու ժամանակը

Մեզանում, հասկանալի պատճառներով, նախընտրական գործընթացների միակ և ամենաթեժ հետաքրքրությունն առաջացնում են նախընտրական ցուցակներն ու դրանցում ընդգրկված անուն ազգանունների կամ մականունների՝ տվյալ հորիզոնականում հայտնվելու հանգամանքներն ու պատճառները։

Այն, որ տվյալ անձանց իրոք հենց դա է միայն հետաքրքրում, լիովին հասկանալի և պատճառաբանված է. մարդիկ կոնկրետ դիրքի դիմաց կոնկրետ թվի ու քաշի տալու և ստանալու խնդիր են լուծում։ Իսկ թե ինչու է այդ թամաշան ավելի շատ հետաքրքրում այն քաղաքացիներին, ովքեր ընդամենը պետք է որ շահագրգռված լինեին իրենց կյանքի բարելավմանն ուղղված ծրագրին հավանություն տալով, դա արդեն արժեհամակարգի կամ, որ ավելի ցավալի է, ցանկացած ծրագրի նկատմամբ խոր անվստահության խնդիր է։

Սակայն հավատանք թե չհավատանք, ստիպված ենք լինելու լսել ներկայացվող լավագույն ցանկությունների և իղձերի ի կատար ածման մասին կենաց-ծրագրերի միալար ու կրկնվող վերացական ձևակերպումները։ Եվ ուրեմն, եթե, իհարկե, հավակնություն ունենք մեզ երկրի տերը զգալու, գոնե կարող ենք փորձել թույլ չտալ, որպեսզի մեզ կերակրեն ընդամենը գեղեցիկ խոսքերով։

Պարզից էլ պարզ է, որ երկրի առջև ծառացած մարտահրավերներն ու խնդիրներն ամբողջությամբ լուծելը վեր է ցանկացած քաղաքական թիմի, իշխանության ուժերից։ Ինչպես աշխարհի գրեթե բոլոր երկրներում, ազգային գերխնդիրների վերաբերյալ մոտեցումներն ու գործողությունների ծրագրերը նույնն են բոլոր քաղաքական ուժերի և հոսանքների մոտ։ Իսկ այն սակավաթիվները, ովքեր շեղվում են համընդհանուր պատկերացումներից, շատ արագ հայտնվում են աղբանոցում, իսկ երբեմն՝ նաև գերեզմանում։ Խոսքս այն մասին է, որ որքան էլ հեշտ և ականջահաճո չլինեն, օրինակ` ղարաբաղյան խնդրի կամ հայ-թուրքական հարաբերությունների մասին բոցաշունչ և հայրենանվեր «ծրագրային դրույթներն» ու ելույթները, դրանք ոչ մի կերպ չեն կարող դառնալ նախընտրական քարոզարշավի անկյունաքարերից մեկը և քաղաքական վարկանիշի բարձրացման համար առիթ հանդիսանալ։

Չհաշված եզակի թափթփուկներին՝ ողջ հայ ժողովուրդը և այդ թվում՝ բոլոր քաղաքական ուժերը, միակարծիք են. ԼՂ հիմնախնդրի լուծումն Արցախի ինքնորոշման ճանաչումն է, հայ-թուրքական հարաբերություններն էլ հնարավոր են միայն առանց նախապայմանների։ Սրա շուրջ տարակարծություն չկա, և չի կարելի թույլ տալ, որ այս միակարծությունը դառնա ինքնագովաբանության առարկա։

Ուրեմն, ինչի՞ շուրջ է ծավալվելու նախընտրական պայքարը:

Հայաստանի դեմ ծառացած մարտահրավերները բազմաթիվ են։ Սակայն որքան էլ բոլոր խնդիրները լուծելու ցանկությունը մեծ լինի, միամտություն կլինի կարծել, թե առաջիկա ձևավորվող խորհրդարանն ի զորու կլինի ամբողջովին լուծել դրանք։ Ավելին` եթե որևէ քաղաքական ուժը, իր քարոզարշավը կկառուցի գլոբալ խնդիրների լուծման մասին խոստումներ շռայլելով, ապա կարելի է համոզված լինել, որ դրանք ընդամենը իրագործվելու հեռանկարից զուրկ վերացական ձևակերպումներ են։

Ազնիվ ու արժանահավատ կարելի է համարել այն քաղաքական ուժին, ով համարձակություն կունենա մատնանշել այն 3-4 հիմնական խնդիրները, որոնց լուծման հանձնառությունը կարող է ստանձնել։ Ընթացիկ հարցերի լուծման ամենօրյա տքնաջան աշխատանքի հետ մեկտեղ՝ եթե խորհրդարանական մեկ գումարման ընթացքում լուծվեն երկրի առջև ծառացած 3-4 խոշորածավալ խնդիրներ, ապա 5 տարի հետո մենք կունենանք որակապես նոր Հայաստան, իսկ տվյալ քաղաքական թիմը կվաստակի այն համընդհանուր վստահությունը, որը նրան անվերապահորեն կապահովի իր անշրջանցելի ներկայությունը հաջորդ խորհրդարանում։

Քաղաքակիրթ աշխարհում քաղաքական պայքարի միայն այս մոդելն է այլևս ընկալելի հանրության համար։ Ի սկզբանե, հաշվի առնելով ու քաջ գիտակցելով հանրությանը հուզող գլոբալ խնդիրները, քաղաքական ուժերը «ստիպված» իրենց ողջ նախընտրական մարտավարությունը կառուցում են հենց այդ խնդիրների լուծմանն ուղղված իրենց ծրագրերի ու դիրքորոշումների լայնամասշտաբ մատուցմամբ։

25-ամյա անկախությունն արդեն պարտադրում է այդ հասունությունը։ Եվ հանրային ու քաղաքական գիտակցության մեջ հարկավոր է կատարել այդ հեղափոխությունը, որպեսզի ընտրացուցակային թամաշայից անցնենք մեր ու մեր երեխաների վաղվա օրվա մասին ավելի ուշագրավ ծրագրեր պահանջելուն։

Չի կարելի թույլ տալ որևէ քաղաքական ուժի, որը հավակնություն ունի ինչ-որ ժամանակով տնօրինելու մեր ճակատագիրը, որ նա որպես իր հիմնական գործառույթ՝ իրականացնի ցուցակում սրան-նրան տեղավորելն ու կենացներ խմելը։ Պարտավոր են առանց սեթևեթանքի ու վերացական ձևակերպումների կետ առ կետ մատնանշել խնդիրները, իրենց ձեռքբերումներն ու մանավանդ բացթողումները, առաջարկվող լուծումները, որոնք, սակայն, չեն լինի դասախոսական մակարդակի, այլ ամրագրված կլինեն փաստերով, թվերով ու ժամկետներով։

Մեր մանդատը ստանալու համար նրանք պետք է կարողանան համոզել, որ հենց իրենք են կարողանալու լուծել հենց այդ խնդիրը և պատրաստ են հաշվետու լինել դրա համար ու պատասխանատվություն կրել ձախողման դեպքում:

Այդ դեպքում միայն այլևս անկարևոր կդառնան ընտրացուցակային գզվռտոցներն ու դրանց շուրջ պարտադրաբար ձևավորված անառողջ հետաքրքրությունը:

Արտակ Բշտիկյան

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության վարչության անդամ

Այս խորագրի վերջին նյութերը