Մեկնաբանություն

15.02.2017 01:20


Սերժ Սարգսյանը՝ շտաբի պետ

Սերժ Սարգսյանը՝ շտաբի պետ

ՀՀԿ-ն վերջապես հրապարակեց իր նախընտրական ցուցակի առաջին «թոփ-տասնյակը» (իսկ համամասնական ցուցակում, ընդհանուր առմամբ, 60-ից ավելի մարդ կա):

Թե՛ «թոփ-տասնյակում», և թե՛ ընդհանուր ցուցակում ոչ մի նոր դեմք չկա կամ գուցե մեկ-երկուսը կան, եթե, օրինակ, մշակույթի նախարար Ամիրյանին համարենք «նոր», որը առաջին տասնյակում է: Իսկ ՀՀԿ-ի «նոու-հաուն» այն է, որ իրենց համամասնական ցուցակը գլխավորում է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Բանակի համար հազարական դրամ հավաքելը լավ է ստացվել նախարարի մոտ ու նրան պարգևատրել են ցուցակում առաջին տեղով:

Փաստորեն, սահմանային այս լարվածության պայմաններում Վիգեն Սարգսյանը Զինված ուժերը «բրախելու» է մի կողմ ու լծվելու է հարազատ կուսակցության քարոզարշավին ակտիվ մասնակցություն բերելու գործին: Երկրի պաշտպանունակությունն ու անվտանգությունը, արտաքին թշնամու ոտնձգությունները դառնում են երկրորդական-երրորդական խնդիր, քանի որ Վիգեն Սարգսյանը քարոզ է անելու: Իսկ «թոփ-տասնյակում», ինչպես արդեն նկատեցինք, ավելի քան ստաժավոր մանդատ ունեցողներ են, բազեականներ և այլք:

Սերժ Սարգսյանը «համեստորեն» հրաժարվել է ցուցակում իր անունը ընդգրկելուց: Փոխարենը նախընտրել է ղեկավարել ՀՀԿ-ի նախընտրական շտաբը:

Շարմազանովն ասում է, որ շտաբի աշխատանքները համակարգելու է ՀՀԿ Գերագույն մարմինը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Ինչը նշանակում է, որ ՀՀԿ ղեկավարն է ստանձնել շտաբը ղեկավարելու գործը: Բնական է, նա այլևս ոչ ոքի չի վստահում և որոշել է անձամբ համակարգել տոկոս խփելու համար տարվող աշխատանքները: Հերթական անգամ «նախաձեռնողականության» լայն ասպարեզ է բացվել նրա համար:

Շտաբի պետի պաշտոնը ճիշտ այն կարգավիճակն է, որը համապատասխանում է նրան (դրանից շատ բարձր պաշտոնում տեսանք, թե ինչպես դրսևորեց իրեն. խե՜ղճ երկիր): Դե, Լիսկան էլ չկա ցուցակում ու տոկոսխփոցիի գործը «պռավալ» չտալու համար նա անձամբ է շտաբի ղեկավարման պատասխանատվությունն ստանձնել:

Ի դեպ, վարչապետ Կարեն Կարապետյանն էլ ընդգրկված չէ այդ ցուցակում: Այն, որ Վիգեն Սարգսյանն է ցուցակը գլխավորում, այս մասով կարելի է ենթադրություն հայտնել ընդամենը: Այն, որ վարչապետ Կարեն Կարապետյանն էլ ընդգրկված չէ այդ ցուցակում, այս մասով էլ կարելի է մեկ այլ ենթադրություն անել, ըստ որի՝ Սարգսյանն այլ ծրագրեր ունի: Բայց մի բան է ծրագրելը, մեկ այլ բան՝ այդ ծրագիրն իրականացնելը:

Հանրությունը լավ հնարավորություն ունի խափանելու Սերժ Սարգսյանի բոլոր ծրագրերը:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը