Մեկնաբանություն

13.02.2017 22:25


Ինչպես են աղմկում «գետերը»

Ինչպես են աղմկում «գետերը»

«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի շուրջ բարձրացրած իշխանական ողջ գործիքակազմի («անկախ» մամուլ, «անաչառ» փորձագետներ, «թունդ ընդդիմադիրներ», ֆեյսբուքյան «հաստիքայիններ» և այլն) վայնասունը կանխատեսելի էր։ Գործիքակազմը, մեկ կենտրոնից իջեցված հրահանգով, անցավ գործի ու դարձավ «սկզբունքային»։

Քանի կար՝ գրում էին, թե, իբր, Օհանյանը սերժական նախագիծ է, և չի կարող ընդդիմադիր դաշտում գործել, բայց հենց որ դաշինքը դարձավ «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան», ու բացի այդ էլ՝ շոշափվեց Սամվել Բաբայանի անունը, սկսեցին հիմա էլ իրենց կարծիքով մեկ այլ «պլաստինկա» ֆռռռացնել (դաշինքին «սերժական» պիտակ կպցնելն առնվազն ապուշություն կլինի), թե բա՝ սա քոչարյանական դաշինք է։

Սերժսարգսյանական ագիտպրոպի երևակայությունը, փաստորեն, շատ սահմանափակ է։ Բոլորին նույն առաջադրանքն են տալիս ու քաշվում մի կողմ։ Առաջադրանք ստացողներն էլ՝ քիրվայականներից մինչև «անկախներ», պարտաճանաչորեն կատարում են «վերևից» իջած հրահանգը (լևոնական կայքն, ի դեպ, ամիսներով հոդված չի գրում անգամ ՀԱԿ–ի թեմայով, բայց շատ օպերատիվ արձագանքեց «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի ստեղծմանը. հուսանք, որ դաշինքի ստեղծումը դրականորեն կանդրադառնա մեր օրերի նեոբոլշևիկ «խաղաղասերների» սոցիալ–տնտեսական վիճակի վրա, համ էլ նախընտրական բյուջեն համալրելու հնարավորություն կստեղծվի)։

Մեզ մնում է միայն արձանագրել, որ Բ26–ը միշտ էլ մարտի է նետում իր գործիքակազմին բոլոր այն դեպքերում, երբ քաղաքական դաշտում տեղի ունեցող առանձին գործընթացի վրա ունենում է զրոյական ազդեցություն։

Ամենազավեշտալին այն է, որ նորաստեղծ դաշինքի դեմ խոսում են՝ օգտագործելով այնպիսի թեմաներ, որոնց թիվ մեկ ու միակ պատասխանատուն նստած է նախագահական նստավայրում։ Ասել է թե՝ կիրառվում է «Գողն առաջինն է գոռում «Բռնե՛ք գողին»» տարբերակը։

Նման դեպքերում ընդունված է ասել, որ շունը կհաչա, իսկ քարավանը կգնա իր ճանապարհով։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը