Կարծիք

11.02.2017 13:05


Ո՞ւր մնացին ներդրումներ ներգրավելու մասին բարբաջանքները

Ո՞ւր մնացին ներդրումներ ներգրավելու մասին բարբաջանքները

Ասում եմ՝ կարո՞ղ է՝ էս մեր իշխանությունները թուղթ ու գիր արած են։ Իրոք, չեմ հասկանում, ինչպե՞ս է ստացվում, որ սրանք ինչին կպնում են, ինչի մասին որ խոսում են, որ ոլորտին որ խառնվում են՝ միայն փչացնում են։ Այս թեմայով շատ կարելի է խոսել, բայց եկեք ներկայացնենք դա փաստերով ու թվերով։

Ուրեմն, ՀՀ Կենտրոնական բանկը հրապարակել է Հայաստանից օրինական ճանապարհով հանված կապիտալի մասին վիճակագրությունը․ 2015 թվականին մեր երկրից դուրս է բերվել 760 մլն 992 հազար դոլար, իսկ 2016-ին՝ 816 մլն 982 հազար դոլար։ Այսինքն, վերջին երկու տարիներին Հայաստանից դուրս է բերվել մոտ 1 մլրդ 578 մլն դոլար։ Եվ սա, կրկնեմ, միայն օրինական ճանապարհով։

Սա Հայաստանի համար ահռելի գումար է, իսկ տնտեսության համար՝ իրական աղետ։ Այս գումարը կազմում է մեր ՀՆԱ-ի 15 տոկոսից ավելի։ Բա ո՞ւր մնացին ներդրումներ ներգրավելու մասին բարբաջանքները։ Էն, որ ՀՀԿ նախագահը գնացել էր Նյու-Յորք՝ ներդրում մուրալու, տեսնես, մեկը չեղա՞վ՝ ասեր՝ խելքներս հացի հետ ենք կերե՞լ, բերենք քո ղեկավարած երկրում փող դնենք։ Մարդիկ եղածն են փախցնում, ինքն ուզում է, որ ուրիշները բերեն փող դնեն։

Ո՞նց բերեն, ի՞նչ երաշխիքով բերեն։ Հիշում եք, չէ՞, որ նույն այդ ՀՀԿ նախագահը գնացել էր «Ռիբոքի» սպորտային համալիրի բացմանը, դրա մասին էլ ՀՀ նախագահի պաշտոնական կայքում էին գրել, առանց ամաչելու թվեր էլ ներկայացրել, թե բա՝ ծրագրի արժեքը կազմել է 23 մլն դոլար, ու 120-300 նոր աշխատատեղ է բացվել։ Իյա՜, իրո՞ք։ Մեկը չկա՞ր՝ Սերժ Սարգսյանին հաշվիչ տար։ Ես իրենց փոխարեն կհաշվեմ․ Սերժ Սարգսյանը պետք է ևս 67 հատ այդպիսի համալիր բացի Հայաստանում, որ դուրս բերված կապիտալը միայն վերականգնվի։

Սա խայտառակություն է, բայց դեռ վերջը չէ։ 2016 թվականին, 2015-ի համեմատ, գրեթե 155 մլն դոլարով կրճատվել են ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները։ Այսինքն՝ ևս 6 «Ռիբոք» սպորտային համալիր։ Փաստորեն, վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանից դուրս է բերվել 74 այդպիսի սպորտային համալիր՝ 8 հազար 880-ից 22 հազար 200 աշխատատեղով, և կառուցվել միայն մեկը։ Սա, իհարկե, պատկերավոր է. մեզ հաստատ այդքան սպորտային համալիր պետք չէ, բայց ինչևէ։

Համեմատեք սա նաև նրա հետ, որ «ըստ օդում կախված լուրերի»՝ Սերժ Սարգսյանի ղեկավարած կուսակցությունը պատրաստվում է ընտրողների մեկ ձայնի համար վճարել մինչև 50 հազար դրամ։ Հաշվենք, որ միջինը ընտրակաշառքը կկազմի 25 հազար դրամ կամ մոտ 50 դոլար։ Հաղթելու համար նրանց կպահանջվի մոտ 1 մլն ձայն, այսինքն՝ դա կարժենա մոտ 50 մլն դոլար։ Մեկ ու կես մլրդ կորցրել են և հիմա մեզ փորձում են 50 մլն-ով գնել։
Ի՞նչ ասեմ՝ գնացեք ընտրեք Հանրապետականին, տեսնենք՝ վերջը ինչքան կարող ենք այսպես ձգեն։

Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը