Մեկնաբանություն

11.02.2017 11:10


Պահանջվում են անուններ

Պահանջվում են անուններ

Շատ կարճ, աննշան կարճ ժամանակ է մնացել մինչև խորհրդարանական ընտրությունները։ Այլևս ամեն ինչ պայմանավորված է դրանցով։

Հաշվի առնելով ընթացիկ քաղաքական գործընթացների առանձնահատկությունները, կենցաղային մակարդակի խոհանոցային խոսակցությունների, ծրագրված տեղեկատվական արտահոսքի, նույնքան ծրագրված ապատեղեկատվության օրեցօր ավելացող քանակը, առավել կարևորություն են ստանում այն առարկայական բաղկացուցիչները, որոնք հնարավորություն կարող են տալ ընտրողներին կողմնորոշվելու այս կամ այն թիմի օգտին իր քվեն տալու հարցում։

Քաղաքական թիմերի սպասվող նախընտրական «ծրագրերի» կենացային էությունն ամբողջովին չի կարող գրավել սպասվող ընտրական գործընթացի նկատմամբ խորն անվստահությամբ լցված ընտրողի ուշադրությունը։ Հետևաբար, մնալով նույն` անձնավորված քաղաքական գործընթացի տրամաբանության մեջ, հարկավոր է համապետական ընտրություններին մասնակցող և երկրի ու ժողովրդի ճակատագրի տնօրինումը ստանձնելու հավակնությունն ունեցող բոլոր թիմերին ու թիմիկներին պարտադրել, որպեսզի նրանք, ներկայանալով ժողովրդի դատին, առանց խուսանավելու, պարտադրաբար նշեն գործադիր իշխանության ղեկավարի իրենց թեկնածուի անունը։

Քաղաքագիտական պարզագույն նորմերի համադրմամբ, օրենսդիր իշխանության ղեկը ստանձնելուն պատրաստ քաղաքական խումբը պարտավոր է հանրությանը ներկայացնել իր իսկ կողմից ընդունված օրենքների անխափան ու արդյունավետ կատարման պատասխանատվությունը կրող թեկնածուին։

Ժամանակավրեպության և անհասկանալի քաղաքական գաղտնապահության մասին դեմքի լրջագույն արտահայտությամբ շարունակ հնչող մեկնաբանություններն ու պատճառաբանություններն ուղղակի անարգանք են ընտրողների և ընդհանրապես հասարակության նկատմամբ։ Կայացած և ժողովրդի մոտ իր նկատմամբ վստահության վերջին հատիկը կորցրած չլինելու գիտակցությունն ունեցող թիմը միայն համարձակորեն կարող է մատնացույց անել իր վարչապետացու թեկնածուին։ Հակառակ դեպքում, մնացած բոլոր խուսանավումներն ու ծիծաղելի կամ ցինիկ փաստարկներն ընդամենը մեկ անգամ ևս ապացուցում են, որ նախ իսկապես բացակայում է այն ծրագիրը, որով տվյալ թիմը կամ թիմիկների խումբը պատրաստ է լուծել երկրի ու ժողովրդի առջև ծառացած խնդիրները, և երկրորդ` իրենց ներսում չկա այն չվարկաբեկված անձը, ում անվան հրապարակումն ավելի չի նվազեցնի իրեն առանց այն էլ ցածր վարկանիշը։

«Քաղաքակիրթ» աշխարհի չափանիշները որպես կրկնօրինակման թիրախ (իրենց պետք եղած ժամանակ) մատնացույց անող բոլոր թևերի գործիչներն ու գործիքները շատ արագ մոռանում են այն պարզագույն քաղաքագիտական նորմերը, որոնք դրված են հենց իրենց կողմից տեղին-անտեղի հիշատակվող ժողովրդավարության հիմքում։

Հասարակության ճակատագիրը տնօրինելու բարձր պատվին արժանանալու հավակնություն ունեցող ցանկացած թիմ կամ անհատ, ամենայն պատրաստակամությամբ և անընդհատ պարտավոր է մանրամասնորեն մանրակրկիտ ներկայացնել այն ծրագիրը, որի կյանքի կոչելու միջոցով ինքը պատրաստ է արդյունավետ ու անմնացորդ ԾԱՌԱՅԵԼ իրեն առաջնային մանդատով օժտելու ունակ ժողովրդին։ Միևնույն ժամանակ, պետք է առանց վարանման հռչակի իր թիմի այն «լավագույնների» անունները, որոնց կհանձնարարվի կյանքի կոչել ժողովրդի հավանությանն արժանացած ծրագիրը։ Միևնույն ժամանակ, հստակ գիտակցելով և արձանագրելով, որ անարդյունավետության և ծրագրի ձախողման դեպքում ամբողջ պատասխանատվությունը կրում է ողջ թիմը։

Արտակ Բշտիկյան

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության վարչության անդամ

Այս խորագրի վերջին նյութերը