Կարծիք

10.02.2017 12:25


Ունենք ղեկավար, որը երկրի խնդիրների մասին անգամ պատկերացում չունի

Ունենք ղեկավար, որը երկրի խնդիրների մասին անգամ պատկերացում չունի

Երեկ Սեյրան Օհանյանն իր ուղերձում խոսեց սահմանամերձ համայնքների խնդիրների մասին։ Այսօր այդ համայնքներին պատշաճ ուշադրություն չի դարձվում, ինչի պատճառով այդ գյուղերը դատարկվում են։ Սա բնական է․ մարդ որտեղ էլ որ ապրի, ինչքան էլ հայրենասեր լինի, ցանկանում է ունենալ կենցաղային նորմալ պայմաններ, կրթվելու, զարգանալու հնարավորություն, ինքնադրսևորվելու պայմաններ։

Եվ եթե իշխանությունների անգործության պատճառով ինքը չի ունենում այդպիսի հնարավորություն իր ծննդավայրում, մարդը, բնականաբար, փորձում է այդ պայմանները գտնել այլ տեղերում՝ սկզբում սեփական երկրում, իսկ հետո նաև՝ հնարավորության դեպքում, այլ երկրներում։ Եվ ցավալին այն է, որ բախտի բերումով երկրի ղեկավար դարձած մարդը սա ընդհանրապես խնդիր չի համարում։ Իր համար նորմալ է, որ մարդիկ, գյուղական համայնքներում չունենալով ապրելու տարրական պայմաններ, լքում են իրենց տները և տեղափոխվում այլ տեղ ապրելու։ Ինքը նորմալ է համարում, որ այդ համայնքներում ոչ միայն ուսուցիչներ, բժիշկներ չկան, այլ նույնիսկ դպրոց ու գոնե բուժկետ։

Ինքն այստեղ խնդիր չի տեսնում։ Գուցե և Հայաստանից արտագաղթի մեջ խնդիր չի տեսնում։ Դե, նա դրա մասին բացահայտ չի ասել, բայց այսքան տարիների ընթացքում ի՞նչ է արել, որ մարդիկ Հայաստանից չհեռանան։ Երևի նրան թվում է, որ մարդիկ հեռանում են, որովհետև Հայաստանում եկեղեցիները, առևտրի կենտրոններն ու սպորտային համալիրներն են պակասում։ Դրա համար էլ գնում և մասնակցում է դրանց բացմանը։ Հեսա որ «Ռիբոքի» սպորտային համալիրն էլ բացեցին, մարդիկ հաստատ այլևս չեն ցանկանա Հայաստանից հեռանալ։

Սա, իհարկե, կատակ է, բայց վիճակն իրականում շատ տխուր է։ Մենք այսօր ունենք երկրի ղեկավար, որը այդ երկրի խնդիրների մասին անգամ պատկերացում չունի, էլ ուր մնաց՝ դրանց լուծման տարբերակներին տիրապետի։ Մյուս կողմից, ունենք ընդդիմություն, որը ոչ միայն բարձրաձայնում է այս խնդիրների մասին, այլ նաև լուծման ճանապարհ է ցույց տալիս։ Եվ ցանկացած ժողովրդավար երկրում այս իրավիճակի ելքն ակնհայտ կլիներ, և ոչ ոք չէր էլ կասկածի, որ նման իշխանությունը կարող է ընդհանրապես հայտնվել խորհրդարանում։ Սակայն քանի որ սա Հայաստանն է, որը հեռու է ժողովրդավար լինելուց, իսկ ընտրությունների արդյունք ապահովողները բացահայտ հանցագործներն են՝ կրիմինալ անցյալով, և ոստիկանությունը՝ կրիմինալ ներկայով, այս պարզ լուծմանը հասնելու համար պետք է շատ լուրջ ջանքեր գործադրել։

Կամ էլ կա այլ տարբերակ՝ տոմս առնենք, գնանք այստեղից։

Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը