Մեկնաբանություն

10.02.2017 11:00


Շիզոֆրենիան խժռում է համակարգը

Շիզոֆրենիան խժռում է համակարգը

Իրականության և դրա տարաբնույթ մեկնաբանությունների բախմամբ ստեղծվել է մի իրավիճակ, որը խոր հոգեբանական ախտորոշմամբ՝ կոչվում է շիզոֆրենիա։

Ժամանակն այն եզակի երևույթն է, որի ընթացքը միայն մեկ ուղղությամբ է տեղի ունենում` դեպի առաջ։ Ժամանակի և տարածության մեջտեղում հայտնված մարդուն էլ իր տարածքն ավելի հարմարավետ ու ապահով դարձնելու համար անհրաժեշտ է եղել ընդամենը երկու պայման` ֆիզիկական բարենպաստ պայմաններ՝ առողջություն, որպեսզի կարողանա իր բանականության և մկանների օգտագործմամբ բարելավի իր վիճակը ու հավատ, հույս, որպեսզի նախանշի նպատակներն ու կրկին իր բանականության և մկանների օգտագործմամբ կերտի իր էլ ավելի բարենպաստ ու ապահով ապագան։

Մեծ հաշվով, մարդու համար, անվերջ առաջ սլացող ժամանակի ետևից հասնելու միակ և ամենաարդյունավետ միջոցը` նորանոր բարձունքներ գրավելու և դրանով իր ու իր ցեղի անվտանգությունն ու բարեկեցությունը ապահովելու հնարավորության ու հավանականության մասին հավատն է։

Մարդկության քաղաքակրթման և արժեհամակարգային տարատեսակ մանիպուլյացիաների արդյունքում, մարդուն համոզել, իսկ ավելի հաճախ ստիպել ու պարտադրել են, թե իր և իր ցեղի բարեկեցության և անվտանգության ապահովմամբ ավելի լավ կարող են զբաղվել ուրիշները, ովքեր բոլոր ժամանակներում և ամենուր շաղ տված ամբախ-զամբախ խոստումների հիմքում դրել են ամենաէականը՝ պահպանել ու էլ ավելի շոշափելի և իրական դարձնել ամենակարևորը` հավատը ապագայի նկատմամբ, քանի որ դա է մարդկության շարժիչ ուժը։

Մարդկության ողջ պատմությունն անհերքելիորեն ապացուցում է, որ իր քարանձավային սկզբից մինչև մեր տիեզերական օրերը հասած մարդը կարողացել է ապահովել իր զարգացումը, միայն այն կամքի ու լայնախոհության շնորհիվ, որ դրսևորել են նրա լավագույն զավակները, ովքեր հավատարիմ են մնացել մարդկային հույսն ու հավատը պահպանելու խոստմանը, և դեռ նույնիսկ համարձակություն և բարոյականություն են ունեցել նախանշել ու անել ավելին։ Դրանով մեծացրել ու ընդարձակել են կարելիի, հնարավորի, առաջընթացի ու զարգացման սահմանները։

Մարդկային համակեցությունը զարգացման իր այսօրվա մակարդակում առավել արդյունավետ գործիք քան պետությունն է, դեռևս չի հնարել։ Որքան էլ փորձեր են արվել ու արվում ստեղծելու վերպետական կազմավորումներ, որոնց հիմքում ըստ հարմարության դրվում են դասակարգային, ֆինանսական, ռազմական, քաղաքական կամ տնտեսական ու մշակութային «ընդհանրություններ», միևնույն է` արհեստածին և մեծամասամբ պարտադրված այդ Չմիությունները ունակ չեն փոխարինելու բնական պատմական ընթացքով ձևավորված ու կայացած «պետության» գործիքին։ Գոնե առայժմ այդպես է, իսկ հետագան ցույց կտա պատմությունը։

Հայաստանը, բարեբախտաբար, այն երջանիկների շարքում է, որտեղ ձևավորվել է «պետություն» գործիքը և տարրական բանականությունն ու տրամաբանությունը պարտադրում են հասկանալ, որ այդ եզակի և բացառիկ դրական գործառույթներ ունեցող գործիքը միմիայն պետք է ծառայի Հայաստանի յուրաքանչյուր բնակչի բարեկեցության և անվտանգության ապահովմանը։ Այդ բացառիկ գործիքը պետք է ծառայի նաև Հայաստանի և նրա բնակիչների հարատևման համար կենսական նշանակություն ունեցող ապագայի, է´լ ավելի բարեկեցիկ ու ապահով լինելու հավատի պահպանմանը։

Այստեղ է, որ այսօր խաթարվում են բանականությունն ու տրամաբանությունը: Բոլորի աչքի առաջ, յուրաքանչյուրի մաշկի վրա, անգործ ու աղքատ միջավայրում, հիվանդ ու անուսում հասարակությունում իրականության իրական ընկալմանն ու բարձրաձայնմանը հակադրվում է ծաղկող ու բարգավաճող, առողջ ու հոգատար, բանիմաց ու արդար «պետության» մասին բիրտ ու անբարոյական թեզը։

Իր և իր ցեղի, իր ծնողների ու երեխաների ամենօրյա դժվարություններն, իսկ որոշ դեպքերում ուղղակի զրկանքներն աչքերում, ուղեղում ու հոգում ունեցող հայ մարդուն ամեն օր փորձում են համոզել, որ ինքը կույր է, տգետ ու անշնորհակալ։ Վերջերս նույնիսկ անամոթաբար գործի է դրվում այն ողորմելի հնարքը, թե աղքատության ու անգործության, անապահովության ու անպատժելիության, հիվանդությունների ու անգրագիտության մեջ շնչահեղձ եղող հայաստանցին, ով մատնանշում ու բարձրաձայնում է այդ ամենի մասին, դրանով հուսահատություն է առաջացնում հասարակությունում։ Ճիշտ նույն հիվանդ տրամաբանությամբ, երբ տգիտության աղաղակող դրսևորմամբ հորդորվում էր, թե ճգնաժամի մասին չխոսելը մեզ թույլ կտա խուսափել դրանից և նույնիսկ օգուտներ քաղել։

Իրականության ու երևակայականի այս շիզոֆրենիսկ բախումն է, որ հայ մարդուն Հայաստանում օտարել է իր իսկ ձևավորված «պետություն» գործիքից։ Սակայն ամենացավալին հավատի այն կորուստն է, որը քայլ առ քայլ համակում է մարդկանց։ Չեն հավատում ոչնչի և ոչ մեկին։ Եվ այստեղ հարկավոր է անպայման նշել, որ հավատի ու վստահության կորստի մասին բարձրաձայնելը, ոչ թե հասարակական հուսահատությունն ավելացնող քայլ է, այլ ընդամենը մեղադրանք այն ապաշնորհ ու անարդյունավետ, երեսպաշտ ու ամբարտավան, հղփացած ու զոռբա, վախկոտ ու ծախու, անդեմ ու անողնաշար, մեծամիտ ու ժամանակավրեպ, դավաճան ու անինքնասեր, բոլոր թևերի ստահակ թափթփուկների «քաղաքական վերնախավ» կոչվող թայֆային, որի հիմնական նպատակն ու խնդիրը, կարծես, 1600 տարի հետո Խորենացու «Ողբ»-ում նշված հատկանիշների բացարձակ ճշմարտացիության ապացուցումն ու պահպանումն է։

Քաղաքականությունն ամբողջովին ապաքաղաքականացրած և այն բազարային «քցոցիի» վերածած քաղաքական բոմժերին ինչպես կարելի է հավատալ և հույսեր կապել նրանց հետ, երբ բյուջեն լափելու անթույլատրելիությունը մի կողմ թողած, առաջնային է դառնում լափածի շատ կամ քիչ լինելը ։

Այս ամենի ի ցույց դնելն ու բարձրաձայնելը ավելի շատ չեն հուսահատեցնում մարդկանց, քան հենց այս ամենով լցված իրականությունը։ Դատարկ գյուղերի, փակվող անաշակերտ դպրոցների, բուհերի ընդունելության գնահատականների անկման, ծնելիության նվազման, թունավորվող շրջակա միջավայրի, հարկային տեռորի, ստորագրումից անմիջապես հետո բացահայտված նախապայմաններով հայ-թուրքական արձանագրությունների, Եվրոպայի ու Ռուսաստանիի հետ և-և-ը տանուլ տալու և կամ-կամ-ի առաջ կանգնելու, ռազմավարական «գործընկերոջից» միլիարդանոց «ապտակ ուտելու» և որպես այս ամենի սահմռկեցուցիչ հետևանք, Հայաստանի հայաթափման մասին աղաղակելը չէ, որ սպանում է հույսն ու հավատը, այլ այն, որ այդ ամենն արվում է մեր երկրում, մեր ձևավորած «պետություն» գործիքի չկիրառմամբ ու… հայի ձեռքով։

Հայաստանն, իհարկե, մնալու է, «պետություն» գործիքը նույնպես բերելու է իր դրական ու արժեքավոր օգուտը և հույսը պահպանելու համար անհրաժեշտ է մնալ ու օրնիբուն անել ամեն ինչ, որպեսզի բացառվի այդ բացառիկ գործիքի նույն ապաշնորհ ու հոռի օգտագործողներից որևէ մեկի վերարարտադրությունը։

Արտակ Բշտիկյան

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության վարչության անդամ

Այս խորագրի վերջին նյութերը