Քաղաքական

09.02.2017 16:25


Անդրանիկ Թևանյան. «Կոչ եմ անում տուն ուղարկել այս իշխանությանը, որը տապալվել է բոլոր ուղղություններով»

Անդրանիկ Թևանյան. «Կոչ եմ անում տուն ուղարկել  այս իշխանությանը, որը տապալվել է բոլոր ուղղություններով»

Այսօր՝ փետրվարի 9–ին, կայացել է ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության երիտասարդական միության հիմնադիր համագումարը, որին ելույթ է ունեցել նաև նույն կուսակցության խորհրդի համակարգող Անդրանիկ Թևանյանը։

. . .

Ես շնորհավորում եմ բոլորիս ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության երիտասարդական միության կազմավորման առիթով։ Շնորհավորում եմ ղեկավար կազմին, շնորհավորում եմ խորհրդի անդամներին և կոչ անում, որ դահլիճային հանդիպումից հետո բոլորս անցնենք մեր ծանր աշխատանքին։

Առջևում ընտրություններն են, և այս ընտրությունները շատ բախտորոշ և ճակատագրական նշանակություն են ունենալու Հայաստանի համար, քանի որ փոխվել է համակարգը, և փոխվել են նաև մոտեցումները։

Իշխանությունները՝ Հանրապետական կուսակցության և դրա ղեկավարի գլխավորությամբ, խնդիր են դրել վերարտադրվել, իսկ դա նշանակում է, որ նպատակ ունեն վերարտադրել բոլոր այն արատները, բոլոր այն թերությունները, որոնք Հայատսանը հասցրել են այս վիճակին։

ՀՀ իշխանությունը արտաքին և ներքին քաղաքական ոլորտներում տապալվել է, և դրա վերջին և ցայտուն օրինակներից մեկը Լապշինի հետ կապված պատմությունն էր։ Սա ցույց է տալիս, որ մեր պետությունը չի կարողանում պաշտպանել մեր երկրի շահերը։ Մենք միջազգային հարաբերություններում սուբյեկտից վերածվում ենք օբյեկտի։

Իշխանությունը բառիս բուն իմաստով քնած է, երբ Ղարաբաղի հետ կապված խնդիրներ կան. իշխանությունը քնով էր անցել Սաֆարովի գործի հետ կապված, իշխանությունը քնով էր անցել և բերանը ջուր էր առել, երբ Նազարբաևը Ադրբեջանի շահերն էր պաշտպանում, իշխանությունը քնած էր մնացել ապրիլյան պատերազմի ժամանակ, և իշխանությունը հիմա էլ է քնած, երբ մենք Լապշինի հետ կապված հարվածներ ենք ստանում։

Սա ոչ թե մեկ անձի արտահանձնման հետ կապված հարց է, այլ ուղղակիորեն առնչվում է Հայաստանի շահերին։ Այս ամենը հաշվի առնելով և հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀԿ–ական մենատիրությունը ՀՀ քաղաքացիներին և առաջին հերթին երիտասարդությանն առաջարկում է կա՛մ փոխել իր տեսակը, ձեռքը առնել օճառը և ինտեգրվել իշխող ուժին, կա՛մ արտագաղթել։ Բայց կա 3–րդ տարբերակը, որը մենք առաջարկում ենք՝ պայքարի տարբերակը, որը հնարավորություն կտա փոխել իրավիճակը Հայաստանում և փոխել այն մթնոլորտը, որը, այսպես կոչված, դասականը ձևակերպեց որպես գաղջ։

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունն առաջարկում է բոլոր քաղաքական ուժերին թիրախավորել մեկ ուղղությամբ իրենց հարվածները՝ դա գործող իշխանությունն է։ Անկախ նրանից, թե ընդդիմադիր քաղաքական ուժերը քանի շարասյունով կշարժվեն դեպի Ազգային ժողով՝ մենք պետք է այդ բոլոր այդ շարասյուների հարվածային ուղղությունը մեկ ուղղությամբ տանենք։

Եվս մեկ անգամ, շնորհավորելով բոլորիս միության ձևավորման կապակցությամբ, ես կոչ եմ անում ոչ միայն մեր կուսակցական շարքերին, այլ նաև ՀՀ ապագայով մտահոգ բոլոր քաղաքացիներին ակտիվորեն մասնակցել քաղաքական գործընթացներին և տուն ուղարկել գործող այն իշխանությանը, որը տապալվել է բոլոր ուղղություններով։ Բոլորիս հաջողություն և հաղթանակ եմ մաղթում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը