Կարծիք

09.02.2017 14:55


Այսօր կա քաղաքական ուժ, որը գիտակցում է, թե որտեղ ինչ պետք է անել

Այսօր կա քաղաքական ուժ, որը գիտակցում է, թե որտեղ ինչ պետք է անել

Սեյրան Օհանյանն իր ելույթներում կարողանում է շատ դիպուկ և կետային մատնանշել Հայաստանում առկա խորքային խնդիրները, դրանց պատճառները և ներկայացնում է այդ խնդիրների լուծման իր տեսլականը։ Այսօր նա խոսել է երիտասարդների դերի, պետության կողմից նրանց անտեսված լինելու մասին։

Մասնագիտական ու բարձրագույն կրթության ոլորտներից մինչև նորմալ աշխատանք գտնելու, սեփական երկրում ինքնադրսևորվելու, կայանալու ճանապարհին ամենուրեք երիտասարդները բախվում են լուրջ արգելքների, որոնք շատ ժամանակ արհեստական են։ Երբ ասում ենք, որ երիտասարդները երկրի շարժիչ ուժն են, դա լոկ խոսքեր չեն, դա իրականություն է, և կարևոր է, որ այսօր իշխանությունը, գալիք իշխանությունը դա գիտակցի։

Շատ կարևոր է, որ մոտեցումն այս խնդրին լինի տարբերակված։ Երիտասարդությունը չի կարելի պատկերացնել որպես մեկ միավոր, այն բազմաշերտ է, և յուրաքանչյուրն ունի իր կարիքները։ Սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին այլ մոտեցում է պետք, գիտությամբ զբաղվել ցանկացողին՝ այլ, հասարակական ակտիվ կյանքով զբաղվել ցանկացողի համար այլ պայմաններ է պետք ստեղծել։

Օհանյանը խոսեց նաև սահմանամերձ բնակավայրերում կյանքի համար հարմարավետ պայմաններ ստեղծելու մասին։ Իսկապես, պետք է ձերբազատվենք այն արատավոր երևույթից, որ ամեն «լավ» բան կենտրոնացնում ենք Երևանում և, լավագույն դեպքում, շրջկենտրոններում։ Եվրոպայի փորձը նայեք՝ «ամենախուլ» գյուղին նայում ես, կարծես դրախտային պատկեր լինի։ Եվ դա նրանից չէ, որ եվրոպացիներն ավելի աշխատասեր կամ հայրենասեր են։ Պետությունն է նրանց համար պայմաններ ստեղծում, որ իրենք նաև այդպես ինքնադրսևորվեն։

Այն, որ ներդրումների մասին են խոսում, տնտեսության զարգացման, միայն փող բերելով ու բանկում դնելով կամ արտադրություն հիմնելով չէ։ Պետք են մարդիկ, գրագետ մարդիկ, որ այդ ամենը կարողանան աշխատացնել։ Եվ մենք այսօր թույլ ենք տալիս, որ վաղվա այդ լավագույն մասնագետները հեռանան և ուրիշ երկրներին հարստացնեն։ Դրա համար կարևոր է ոչ միայն բարձրացնել մասնագիտական կրթության որակը, այլ նաև պայմաններ ստեղծել, որ մարդ ուզենա սեփական երկրում մնալ։

Ինչևէ, ուրախ եմ, որ այսօր կա քաղաքական ուժ, որը ոչ միայն խոսում է համակարգային փոփոխությունների մասին, այլ նաև գիտակցում է, թե որտեղ ինչ պետք է անել։

Անդրանիկ վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը