Մեկնաբանություն

08.02.2017 00:20


Բոլորդ մեկ սուզանավում եք

Բոլորդ մեկ սուզանավում եք

Տարբեր հանգրվաններում գործած, իսկ ավելի հաճախ օգտագործված տարատեսակ կուսակցական հաճախորդներն այլևս շնչակտուր ու ուժասպառ հայտնվել են լիակատար անպիտանիության և արժեզրկման արժանի կարգավիճակում։

Քաղաքականությունն ամբողջովին ապաքաղաքականացրած, այլասերվածությունը համակարգի վերածած, տնտեսությունը կերակրատաշտ դարձրած ու միայն օրթախային բնազդներով շարժվող «էլիտան» ակնհայտորեն գնում է դեպի կործանում։

Լինելով փակ համակարգ այն իր մեջ կրում և բազմացնում է բոլոր այն արատները, որոնք հատուկ են «արյունակիցների» միջև բեղմնավորմանը։ Իսկ հաշվի առնելով անկախ Հայաստանի դեռևս երիտասարդ տարիքը, սրանց դեպքում անհնար է խոսել նույնիսկ «7 պորտի» մեղմացուցիչ հանգամանքի մասին։

Իշխանական, թե ընդդիմադիր, մունետիկներն ու թամադաները զբաղված էն միայն ու միայն ինքնագովությամբ ու մնացած բոլորի քննադատությամբ։ Քաղաքական գործընթացների, իհարկե ընդունված, բայց ոչ միակ այս բաղադրիչի բացարձակ կիրառմամբ, գրեթե ամբողջովին անտեսվել է ավելի կարևոր` ծրագրերի և կոնկրետ օրակարգի ներկայացման հրամայականը։ Սակայն, առավել ճշմարիտ և իրականությանը մոտ լինելու համար, ակնհայտ է, որ ծրագրերն ու օրակարգը չեն ներկայացվում ոչ թե մոռացության, այլ դրանց բացակայության և չկարևորելու պատճառով։ Չէ՞ որ «էլիտան», անկախ հանձնարարված դերից ու դիրքավորումից, հակված է ոչ թե ամբողջական համակարգային փոփոխությունների, այլ ընդամենը եղած համակարգում իր դիրքի փոփոխությանը։ «Էլիտան» հակված է ոչ թե օրթախային համակարգը վերացնելուն, այլ համակարգի ներսում օրթախության իր «փայն» ավելացնելուն։

Հիմա, երբ խոշոր համապետական «քաղաքական» գործընթացներում հիմնական գործը ծախսված գումարները հետ բերելն ու տարբեր խորության վերքերը բուժելն է, ու համեմատաբար քիչ են լինելու նրանց` ժողովրդի աչքին տեղի-անտեղի երևալու դեպքերը, ժամանակն է օգտվել այդ բացառիկ հնարավորությունից ու անվերադարձ մոռացության գիրկն ուղարկել բոլոր այն ժամկետանց գործիչ-գործիքներին, ովքեր իրենց ամբարտավանությամբ ու ապաշնորհությամբ, վախկոտությամբ ու մեծախոսությամբ, կեղծ արմատականությամբ ու սուտ հեղափոխականությամբ, անտրամաբանականությամբ, իսկ բոլորը միասին բացարձակ անպատասխանատվությամբ, երկիրն ու ժողովրդին հասցրեցին հուսախաբության և հուսահատության այսօրվա մակարդակին, երբ արտագաղթը դարձել է միակ միջոցը։

Այսօր անհետաձգելի, կենսական և ազգային անվտանգության հրամայական է դարձել որակապես ու բովանդակությամբ բոլորովին նոր քաղաքական ու հասարակական օրակարգի ձևավորման և իրագործման անհրաժեշտությունը։

Փտախտով հիվանդ բազմագույն ու բազմերես «էլիտայից» այն եզակիներն, ովքեր կխուսափեն համակարգի ներսում անխուսափելի դարձած խժռումից և կամք ու խելամտություն կունենան ինքնամաքրման ճանապարհով մասնակցել նոր օրակարգի ձևավորմանն ու իրագործմանը, կփրկվեն քաղաքական ինքնասպանությունից։

Հակառակ դեպքում, նույնիսկ արտագաղթող ժողովուրդն ինքնապաշտպանական բնազդով ու հավաքական իմաստնությամբ ստիպված է լինելու առաջադրելու նոր դեմքեր, նոր լուծումներ ու նոր համակարգ։

Երկիրը ՓԲԸ-ի վերածած օրթախների ամենաարժանի հանգրվանը քաղաքական աղբանոցն է, իսկ դրանից խուսափելու միակ ճանապարհը` օրթախությունից հրաժարվելը։

Արտակ Բշտիկյան

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության վարչության անդամ

Այս խորագրի վերջին նյութերը