Մեկնաբանություն

08.02.2017 09:13


Քարոզարշավային հեքիաթներ՝ ՀՀԿ-ի շարֆերով զուգված

Քարոզարշավային հեքիաթներ՝ ՀՀԿ-ի շարֆերով զուգված

ԱԺ հայտարարությունների ժամին Էդուարդ Շարմազանովի ելույթը լսելիս ինձ համար արդեն պարզ դարձավ, թե ՀՀԿ-ն և նրա նախագահն առաջիկայում քարոզարշավին ինչպիսի հեքիաթներ են պատմելու: Բնականաբար, ՀՀԿ-ի շարֆերով զուգված:

Մի բան հաստատ է. նրանք հրաժարվել են «Ապահով Հայաստան» կարգախոսից (ինչն այդպես էլ կարգախոս մնաց) և ընտրել են այլ կարգախոսներ, բառեր ու բառակապակցություններ, որոնք, սակայն, պակաս զավեշտական կամ զվարճալի չեն, ինչպիսին էր «Ապահով Հայաստանը»:

Շարմազանովն ասում է՝ մենք պայքարելու ենք հանուն ուժեղ Հայաստանի, հանուն ազգային և հոգևոր Հայաստանի, հանուն համերաշխ Հայաստանի, հանուն անվտանգ Հայաստանի, հանուն արդար Հայաստանի, և վերջապես, հանուն ժողովրդավարական Հայաստանի: Լսում էի նրա ելույթն ու մտածում՝ ո՞ւմ է ասում, և ինչո՞ւ: Ավելի ճիշտ՝ մտածեցի, որ հիանալի ինքնախոստովանություն է:

Շարմազանովի բերանով Սերժ Սարգսյանը խոստովանում է, որ անցած ութուկես տարիներին ինքն ու իր թիմը ոչ մի բանի համար չեն պայքարել: Այդ պատճառով էլ Հայաստանը թուլացել է, երկրում համերաշխություն, արդարություն և ժողովրդավարություն չկա, ազգային և հոգևոր արժեքները չքվել-անհետացել են, ու մեր կյանքն էլ անվտանգ չէ: Հիմա նոր են սկսում պայքարել «հանուն» էս, էս, էս Հայաստանի:

Իսկապես, ժողովրդի համար անհասկանալի են ցինիզմով շաղախված այսօրինակ խոստումները, երբ նույն ժողովուրդն իշխող ուժի բազմամյա ապաշնորհ գործունեության հետևանքով դարձել է բնավեր, ընչազուրկ, մուրացիկ ու հուսահատ՝ կորցնելով անգամ երկրի ապագայի նկատմամբ հավատը: Ու հիմա դարձյալ ՀՀԿ-ն ու նրա ղեկավարը փորձում են նման նեյնիմներով «ապուշացնել» մարդկանց: Նման խոստումներ կարող է տալ ընդդիմությունը, բայց ո՛չ այն իշխանությունը, որը բառացիորեն տապալել է իր իսկ կողմից հռչակված ծրագրերը՝ կարճաժամկետ, երկարաժամկետ ու ամեն տեսակի ծրագրերը: Սակայն անհնար է չզարմանալ, թե հիմա սրանք ինչ հանդգնությամբ են խոսում «հանուն»-ի դիրքերից:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը