Մեկնաբանություն

07.02.2017 09:40


«Ռեյտինգային» մանիպուլյացիան և «կառավարելի» քաոսը

«Ռեյտինգային» մանիպուլյացիան և «կառավարելի» քաոսը

Սահմանադրական փոփոխություններն ու Ընտրական նոր օրենսգիրքը պետության ներսում քաոսի «օրինական» հիմքեր են դրել:

Դատելով ամենից՝ Սերժ Սարգսյանն առաջնորդվում է «Ինձանից հետո թեկուզ բզկտված Հայաստան» սկզբունքով: Ծրագրված է կառավարելի քաոսի մոդել ներդնել, բայց կան բոլոր նախանշանները, որ քաոսը դառնալու է անկառավարելի և կուլ է տալու հենց քաոսի պատվիրատուին:

Հայաստանում փաստացի անցում է կատարվել 100 տոկոս մեծամասնական ընտրակարգի, թեև իշխանական խոսնակներն ու իշխանամերձ դեմագոգները փրփուրները բերաններին պնդում էին, թե բա՝ «արդար է, արդա՜ր», թե բա՝ մենք անցնում ենք 100 տոկոս համամասնական ընտրակարգի, ֆլան, ֆստան...

Նոր ընտրակարգի պայմաններում գրեթե զրոյացվել է կուսակցությունների դերը, չորրորդական նշանակություն է ստացել քաղաքական ուժերի ծրագրագաղափարական բաղադրիչը:

Եթե նախկինում կար 41 մեծամասնական տեղ Ազգային ժողովում և 41 «մեծամասնականով քվե բերող տղա», ապա այժմ 41-ին փոխարինել են 164 «ռեյտինգային» թեկնածուներով, որոնք 13 ընտրատարածքի բաժանված Հայաստանում պետք է պայքարեն պատգամավորական մանդատի համար, կռիվ տան իրար դեմ ու քվե բերեն Սերժ Սարգսյանի համար: Ավելի բզկտված և ականի վրա նստած Հայաստան դժվար էր պատկերացնել:

ՀՀԿ ղեկավարը շատ լավ գիտի, որ իր ու իր ղեկավարած կուսակցության վարկանիշը տատանվում է 5 տոկոսի շրջանակներում: Նա 164 «ռեյտինգայինների» միջոցով փորձում է բառի բուն իմաստով ձայն գնել հանրությունից և այդպիսով բարելավել վարկանիշը:

Սարգսյանը թաքնվում է «ռեյտինգային» թեկնածուների հետևում: Թեկնածուներ, ովքեր արդեն իրար «միս» են ուտում: «Ռեյտինգային» մանիպուլյացիան, ըստ այդմ, շրջվելու է քաոսի ռեժիսորի դեմ, քանզի հայտնի դասական խոսքի համաձայն՝ խիարը թարս բուսնելու հատկություն ունի:

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը