Մեկնաբանություն

07.02.2017 00:10


Հարցը ջրվեց, գնաց

Հարցը ջրվեց, գնաց

Հերթական անգամ համոզվում ես, որ այն, ինչ ասում է Սերժ Սարգսյանը, պետք է դրա հակառակը հասկանալ: Այսինքն՝ հրապարակավ ասում է մի բան, անում՝ ճիշտ հակառակը: Օրինակները բազմաթիվ են և կարիք չկա հիշեցնելու:

Վերջին օրինակը կապված է խորհրդարանական ընտրությունների օրվա փոփոխության հետ, ինչի մասին առաջինը հիմնավորված արտահայտվել է «Համախմբում» կուսակցության փոխնախագահ, ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը, ով այդ թեմայով նաև բաց նամակ է հղել Սերժ Սարգսյանին:

Ընդամենը տասը օր առաջ ՀՀԿ ղեկավարը կուսակցության խորհրդի նիստում անդրադառնալով ընտրությունների օրը փոխելու հարցին նախ հայտարարեց, թե ինքն էր շատ ուզում ապրիլի 2-ը և հաջորդող մի քանի օրերը «նվիրել մեր հերոս տղաներին»:

«Բայց մի փոքր էլ սպասենք, երբ հայտնի կդառնան ընտրությունների բոլոր մասնակիցները, և մենք կկարողանանք նրանց հետ գալ համաձայնության՝ բոլորի հետ առանց բացառության, ես կարծում եմ՝ մեզ ոչինչ չի խանգարի, եթե ընդամենը մի քանի օրով հետաձգենք ընտրությունները: Եվ եթե գանք քաղաքական համաձայնության, ապա, վստահ եմ՝ մեր իրավաբանները դրա հիմնավորումները շատ հանգիստ կարող են տալ, և ընտրական պրոցեսը ոչնչով չի խաթարվի: Բայց համբերենք, սպասենք, տեսնենք՝ ի՞նչ է լինելու»,- ասաց ՀՀԿ ղեկավարը:

Այն, որ ապրիլի 2-ը ընտրությունների օր նշանակելու մասին Սարգսյանի հրամանագիրը հակասահմանադրական է, արդեն նշեցինք, որ Էլինար Վարդանյանը այդ մասին մանրամասն հիմնավորումներ է ներկայացրել: Սակայն ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանը զանց առնելով հակասահմանադրական լինելու փաստը՝ խոսեց միայն ձեռք բերվելիք քաղաքական համաձայնության մասին: Ինչից արդեն ենթադրելի էր, որ հարցը ջրվելու է, գնա: Այն է՝ ընտրությունների օրը չի փոխվելու:

ԱԺ հինգերորդ գումարման նստաշրջանի մեկնարկին ՀԱԿ խմբակցության ղեկավարը հայտարարեց, որ դիմելու են Սահմանադրական դատարան՝ վիճարկելու ընտրությունների օրվա հետ կապված հակասահմանադրականության հարցը, և ձևաթուղթ վերցրեց ու ստորագրահավաք կազմակերպեց (անհրաժեշտ 27 ստորագրություն հավաքելու համար): Պարզ է, ՀՀԿ-ն և ևս երկու խմբակցություն չմիացան ստորագրահավաքին: Մեկ-երկու ժամ անց ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը հայտարարեց, թե չի կարծում, որ օրը նշանակվել է Սահմանադրության խախտմամբ: Իսկ թե ինչո՞ւ նպատակահարմար չէ ապրիլից 2-ից մի քանի օր անց նշանակել խորհրդարանական ընտրությունների օրը, Հրայր Թովմասյանը պարզաբանեց. «Որքան ավելի ուշ նշանակվի, հնարավոր է՝ ընտրությունների երկրորդ փուլի անցկացման պարագայում համընկնում լինի Երեւանի ավագանու ընտրությունների հետ: Այդ դեպքում լրացուցիչ բարդություններ են առաջանալու՝ ընտրությունների կազմակերպման եւ քարոզչության հետ կապված»:

Ահա՛ Սերժ Սարգսյանի «իրավաբանները դրա հիմնավորումները շատ հանգիստ տվեցին»: Դե, քանի որ քաղաքական համաձայնության չեկան, ուրեմն՝ կարելի է ռեկոպալի «հիմնավորումներ» գտնել: Ափսոս, իսկ Սերժ Սարգսյանը շատ էր ուզում ապրիլի 2-ը և հաջորդող օրերը «նվիրել մեր հերոս տղաներին»: Թարսի պես «Տարոնի ընտրությունն» է մեջտեղ ընկնում, թե չէ...

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը