Մեկնաբանություն

06.02.2017 10:15


Ընտրությունները լինում են կա՛մ արդար, կա՛մ ընդամենը մեկ քայլ առաջ

Ընտրությունները լինում են  կա՛մ արդար, կա՛մ ընդամենը մեկ քայլ առաջ

Արդար և թափանցիկ ընտրություններ անցկացնելու մասին ամեն կողմից հնչող կոչ-հավաստիացումները որքան «հուսադրող» ու խրախուսող, այնքան էլ զավեշտալի և ծիծաղելի են թվում։

Հայաստանի նորագույն պատմության ողջ ընթացքում քաղաքական դաշտի տարբեր անկյուններում ցրիվ եկած հիմնական դերակատարները և նրանց ձեռքի տակ գործող խամաճիկ-կեղծարարները, որոնց թեթև ու անպատիժ ձեռքով ապականվել են բոլոր ընտրությունները, հերթական անգամ անամոթ ու երեսպաշտ կեցվածքով թմբկահարում են արդար և թափանցիկ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությունը։

Տարրական հարց է առաջանում՝ պարոնա՛յք, արդյոք դուք գիտե՞ք, թե ինչ են արդար և թափանցիկ ընտրությունները, հետևաբար ունա՞կ եք արդյոք դրանք կազմակերպել և անցկացնել։

Դրական պատասխանի դեպքում անմիջապես առաջանում է քրեական պատասխանատվության հարցը, և խոսակցությունն ու գործընթացները տեղափոխվում են այլ` ենթադրաբար ու սահմանադրորեն ամրագրված, ամենքից ու ամեն ինչից «անկախ» դատական հարթություն։ Չէ՞ որ ամենահպանցիկ դիտարկումն իսկ ակնհայտ կդարձնի, որ իրենց իսկ կողմից տրված որակավորմամբ ու գնահատմամբ՝ նախորդ բոլոր ընտրությունները կեղծված են եղել, որոնց ամենագլխավոր ու ամենաակտիվ մասնակցությունն ունեցել ու կազմակերպել են նույն` այսօրվա պոռոտախոս գործիքները։ Այնպես որ, հազիվ թե վերոհիշյալ` գիտենալու և ունակ լինելու մասին տարրական հարցին որևէ մեկը սեփական անվտանգությունից դրդված և պատասխանատվություն ստանձնելու նույնիսկ տեսական հավանականության դեպքում իսկ դրական պատասխան տա։

Հետևաբար, միակ անշառ և իրենց նկատմամբ ներողամտության դուռը փոքր-ինչ բաց թողնելու հնարավորությամբ պատասխանը կարող է լինել բացասականը։ Այսինքն, ամենայն հավանականությամբ, պարոնայք քաղաքական գործիչներն ու գործիքները մինչ այժմ չեն տիրապետել արդար և թափանցիկ ընտրություններ անցկացնելու բարդ ու երկարատև «ժողովրդավարական» և «քաղաքակրթական» թիթիզությունների փորձառությամբ ձեռք բերվող հմտություններին։ Պատճառաբանությունն էլ իրենցից առաջ աշխարհն արդեն սեփական երկերեսանի և շահադիտական փորձով ձևակերպել և հրամցրել է համամարդկային օգտագործման. գտնվում էինք և´ ֆինանսական, և´ քաղաքական, և´ սոցիալ-մշակութային, և´ այլ տարաբնույթ ու տարատեսակ կապիտալի նախնական կուտակման փուլում։ Եվ քանի որ նույնիսկ «ամենաժողովրդավար» և «քաղաքակիրթ» աշխարհն է «բարիշել» նախնական կապիտալի կուտակման փուլում բոլոր այլանդակությունների ու հանցագործությունների վրա «աչք փակելու» հարցում, հետևաբար համընդհանուր համաներում կա բոլոր կեղծիքների, յուրացումների, «քցոցիների», իրար կոկորդ կրծելու, քվե ու վստահված անձ գողանալու, լցոնում անելու և քվեատուփ փախցնելու նկատմամբ։

Ասվածի ամենավառ ապացույցն են ժողովրդի աչքի առաջ տեղի ունեցած, մեկը մյուսից կեղծիքների հարցում ավելի կատարելագործված և համաժողովրդական բացարձակ անվստահության մթնոլորտը ձևավորած ու արտագաղթի խթան հանդիսացած «ընտրություններն» ու դրանց մասին անընդհատ դեպի առավել ժողովրդավարություն` «մեկ քայլ առաջ» լինելու մասին «քաղաքակիրթ», լավ կերած-խմացրած ու տեղը տեղին ճամփու դրված, գոհ ու շնորհակալ ժպտադեմ և բարեհամբույր դիտորդները։

Խնդիրը հետևյալն է՝ եթե պարոնայք քաղաքական գործիչներն ու գործիքները մինչև այժմ զբաղված են եղել նախնական քաղաքական և այլ, կամ, նախևառաջ, ֆինանսական և այլ, ու ձեռի հետ էլ՝ նաև քաղաքական կապիտալի կուտակմամբ և չեն հասցրել սերտել արդար և թափանցիկ ընտրություններ անցկացնելու տարրական գիտելիքները, այդ ինչպե՞ս և ինչո՞ւ պետք է հանկարծ սթափվեն ու գիտակցեն, որ այսպես այլևս չի կարելի։ Իրենք նույնն են։ Միջավայրն ու թիրախներն էլ են նույնը։ Վազեվազ եկող և գոհ ու կուշտ գնացող, և հայտարարություն անող «դիտորդներն» էլ են նույնը։ Նրանց էլ ավելի համար է արդեն ճանաչված և բավականին պատկառելի «դոսյե» ունեցողների հետ «արիշ-վերիշ» անելը։

Սակայն արդար և թափանցիկ ընտրություններ անցկացնելը հենց մեզ բոլորիս է հարկավոր։ Դրա միակ և ամենաշահագրգռված պահանջատերն ինքներս պետք է լինենք, որպեսզի վերականգնենք ինքներս մեր նկատմամբ վստահությունն ու կապվենք այս հողին։ Թե չէ արտագաղթը ելք չէ։

Արտակ Բշտիկյան

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության վարչության անդամ

Այս խորագրի վերջին նյութերը