Աշխարհ

04.02.2017 11:00


Աբդուլ Համիդի թոռը հետ է պահանջել պապին պատկանած տարածքները

Աբդուլ Համիդի թոռը հետ է պահանջել պապին պատկանած տարածքները

Օսմանյան սուլթան Աբդուլ Համիդի թոռ ներկայացող Նիլհան Օսմանօղլուն պահանջել է իր պապին պատկանած տարածքները, մասնավորապես Գալաթասարայի կղզին՝ հայտարարելով, որ դրանք անօրինական կերպով խլվել են իրենցից կայսրության տապալումից և Թուրքիայի Հանրապետության հռչակումից հետո:

Գալաթասարայի կղզին, որի հանդեպ հավակնություններ է ներկայացնում Նիլհան Օսմանօղլուն, դեռևս 1872թ.-ին օսմանյան սուլթան Աբդուլազիզի կողմից շնորհվել է հայտնի պոլսահայ Բալյանների տոհմի ներկայացուցիչ Սարգիս Բալյանին:

«Բիրգյունի» փոխանցմամբ՝ Օսմանօղլուն հեռուստահաղորդումներից մեկի ժամանակ հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում դատարանի միջոցով հետ կստանա «իր նախնիների ունեցվածքը»։ Նա նաև քննադատել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի իրականացրած բարեփոխումները՝ նշելով, որ դրանց հետևանքով Թուրքիայում ջնջվել է անցյալը, մոռացվել են կրոնն ու օսմանյան լեզուն:

Երբ հաղորդավարը հիշեցրել է, որ Թուրքիայի առաջին նախագահ Աթաթուրքն արևմտյան արժեքներին համապատասխան հասարակարգ է ստեղծել և բարձրացրել կրթության մակարդակը, Օսմանօղլուն պատասխանել է. «Փառք Աստծո, որ այդպես մտածող երիտասարդները գնալով քչանում են մեր երկրում»:

Հայտնի է, որ Նիլհանն ակտիվորեն աջակցում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը