Մեկնաբանություն

04.02.2017 00:05


Փետրվարյան թեզիսներ

Փետրվարյան թեզիսներ

Վաղուց հայտնի է, որ Սերժ Սարգսյանը, «գիշերային» քաղաքական գործիչ լինելով, իր բոլոր կարևորագույն որոշումները կայացնում է «մթության քողի տակ»: Նույն կերպ տարիներ շարունակ նա վարվում է երկրի քաղաքական դաշտի հետ ու հրապարակային ելույթներ գրեթե չի ունենում, այլ ջրի հերթական «վինտիլը փակելու» առիթով իր «ոսկեղենիկ» հայերենով դարակազմիկ մտքեր է հայտնում: Բայց դրանք հիմնականում հակառակ ազդեցությունն են ունենում, որից հետո «ռազվեդցենտրի» լավագույն ուղեղները մեկնաբանում են իրենց կուսակցական «գենսեկի» մտքի գոհարները, որ երբեմն իրար չեն էլ համընկնում:

Նախընտրական այս ժամանակահատվածում էլ Սերժ Սարգսյանն ամեն պատեհ ու անպատեհ առիթներով փորձելու է որոշակի մեսիջներ ուղարկել ընտրազանգվածին ու իր քաղաքական ընդդիմախոսներին, որ կրկին տարբեր մեկնաբանություններ են ստանալու: Այդպիսի մի առիթ էլ Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոցի ունկնդիրների հետ հանդիպումն էր, որտեղ նրա արտասանած ճառը պատմության մեջ հավակնում է մնալ «Փետրվարյան թեզիսներ» անվանումով:

Լսում եմ, ու ակամա ականջիս զնգում է. «Էս ի՞նչ ա ասո՜ւմ, էս ի՞նչ եմ լսո՜ւմ»:

Հիմա՝ ըստ հերթականության:

Նկատառում 1

Նա ժամանակակից քաղաքական գործչի համար կարևորել է «կրթվածությունը, անընդհատ սովորելու ձգտում և ամենատարբեր ոլորտներից որոշակի գիտելիքների պաշար ունենալը, հատկապես իրավաբանության և տնտեսագիտության ոլորտում»: Մի քիչ հայտնի հերոսի ասածի պես է հնչում՝ թե արևը թող արևելքից դուրս գա…

Լավ, դեմ չեմ, բայց, օրինակ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորներից ու Սարգսյանի թիմակիցներից քանի՞սն են օրենքի պրեամբուլան ու դիսպոզիցիան իրարից կարողանում տարբերել կամ գոնե արտաբերել այդ բառերը: Սա խիստ կարևոր է, որովհետև Սերժ Սարգսյանը նույնիսկ մասնավորեցնում է, որ քաղաքական գործիչը պետք է կարողանա «իրավաբանական ձևակերպումները լավ հասկանալ, այդ ձևակերպումները հանրամատչելի ներկայացնել ու բացատրել հանրությանը»: Դրա համար հիմա հայոց լեզվի «լիկբեզ» են անելու:

Նկատառում 2

Սերժ Սարգսյանը պնդում է, որ «մեր ժառանգության իմացությունն ուղղակի կապ է անցյալի, ներկայի և վաղն էլ՝ ապագայի հետ»: Ես ուղղակի համոզված եմ, որ ինքը հենց այս ելակետից է հայտարարում, որ «Աղդամը մեր հայրենիքը չէ»: Նույնքան էլ համոզված եմ, որ մեր մշակութային ու պատմական ժառանգության հենց իր գիտակցությամբ սկսեց հայ-թուրքական «ֆուտբոլային տուրնիրն», ու արդյունքում պատրաստվում է ազատագրված տարածքները փոխանակել Մեհրիբանի սիրուն աչքերի հետ:

Նկատառում 3

«Առանց հայոց լեզուն լավ իմանալու՝ դու չես կարող հայերեն մտածել»:

Ներքուստ համաձայն եմ, բայց այս միտքը ՀՀԿ շարքերում ուղղակի կոնֆուզ կառաջացնի, ու չի բացառվում, որ եթե պետբյուջեի՝ առանց այդ էլ սուղ միջոցներով պահվող բազմաթիվ խորհրդականներն ու օգնականները սրա մասին Գալուստ Սահակյանի մոտ «բերանից բան թռցնեն», մաեստրոն, առանց վարանելու, կլքի հարազատ կուսակցության շարքերը: Թե դրանից ՀՀԿ-ն ի՞նչ կշահի, դժվարանում եմ ասել, սակայն ֆեյսբուքահայության մի ստվար զանգված դեպրեսիայի մեջ կընկնի: Սիրուն չի …

Բացի այդ, «թարս բուսած խիարի» պատմությունից հետո դժվար է ասել, թե ինչ լեզվով է մտածում այդ խոսքերի հեղինակը:

Նկատառում 4

«Դուք պետք է կարողանաք այդ ժխորում (իսկ քաղաքական դաշտում հաճախ ժխոր է լինում) իրոք տարբերակել կարևորը երկրորդականից: Ցավոք, մեր հասարակությունը հիմա գտնվում է մի այնպիսի փուլում, երբ ժխորն իսկապես մեծ է, և այդ ժխորի մեջ գտնել կարևորը, ճիշտը, սա միայն հեղինակություն է բերում քաղաքական գործչին»:

Սա ուղղակի հարված է հայ քաղաքական մտքին: Մինչև հիմա մեր քաղաքագետները գիտեին, թե երկրում «գաղջ մթնոլորտ» է: Հիմա «շեֆը» փոխում է դրվածքը: Այսուհետ իշխանական «քաղծեխնոլոգները» պարտավոր են ամեն երկրորդ նախադասության մեջ օգտագործել «ժխոր» եզրույթը:

Իսկ եթե ավելի լուրջ, ապա քաղաքական դաշտում ստեղծված «ժխորը» մեծապես հենց իր՝ Սերժ Սարգսյանի ու իր վարչակլանի ագահ ու ապաշնորհ կառավարման արդյունքն է: Քաղաքական դպրոցի ունկնդիրների առաջ նման հայտարարություն անելն ուղղակի փարիսեցիություն է: Եթե այդ լսարանում իսկապես կիրթ երիտասարդներ են, և նրանց կյանքի վարդագույն երազանքը Հանրապետության հրապարակում փուչիկ գմփացնելը չէ, հաստատ գիտեն, որ գաղջն ու ժխորը հենց Բաղրամյան 26-ից են տարածվում:

Ինչ վերաբերում է կարևորին ու երկրորդականին, ապա քաղաքական դպրոցի սաներն այս ընթացքում պետք է որ հասկացած լինեն, որ, օրինակ, Հայաստանի ու Արցախի անվտանգությունը կարևոր է, իսկ Ալիևի հետ լայն ժպիտով լուսանկարվելը` երկրորդական: Երկրում տնտեսական ու քաղաքական իրական բարեփոխումներով տնտեսությունը վերականգնելն ու ճակատագրական գործազրկությունն ու արտագաղթը կանխելը կարևոր է, իսկ ձեռնասուն լրատվամիջոցներով ու երիտհանրապետականների ամառային ճամբարներով փիառվելը՝ երկրորդական:

Ամփոփում

Այս ելույթը մի դրական կողմ, այնուամենայնիվ, ունի: «Փետրվարյան թեզիսներից» հետո Հանրապետականում «թացը չորից» առանձնանալու միտումը ավելի մեծ թափ կհավաքի:

Մարտիկ Ֆիդանյան

Այս խորագրի վերջին նյութերը