Մեկնաբանություն

03.02.2017 15:50


«Հզոր կոմպրոմատ» Արսինե Խանջյանի դեմ

«Հզոր կոմպրոմատ» Արսինե Խանջյանի դեմ

Սփյուռքահայ հայտնի արվեստագետների նախաձեռնությամբ ձևավորված «Արդարություն Հայաստանում» շարժումը ՀՀ իշխանությունները ոչ մի կերպ չեն կարողանում մարսել: Ո՞նց կարելի է գալ Հայաստան ու վերահսկել առաջիկա խորհրդարանական ընտրությունները: Դա իշխանության ուղեղում չի տեղավորվում, որ կարող են հայտնի դեմքերը՝ Սերժ Թանկյանը, Ատոմ Էգոյանը, Արսինե Խանջյանը և էլի շատերը, որ միացել են արշավին, հանկարծ գան ու փորձեն դիտարկել ու վերահսկել ընտրական գործընթացը:

Այն, որ սփյուռքահայ գործիչների ձեռնարկից խանգարվել է իշխանության քունը, նկատելի է իշխանական տարբեր գործիչների հայտարարություններից, որոնք թթված դեմքով են լսում այդ թեմային վերաբերող հարցերը, ու պատասխանում են, թե մեզանում էլ լիքը վերահսկողներ կան, մենք ենք առաջինը ցանկանում, որ ընտրություններն անցկացվեն արդար ու ազատ, անբիծ ու անթերի: Ասածների ենթատեքստն այն է, որ «մեր գլխին թող վերակացու չկարգվեն»: Բայց բանը հայտարարություններով չի ավարտվում. հիմա արդեն սկսել են գործել, այն է՝ փորձում են «սևացնել» սփյուռքահայ մեր հայրենակիցներին:

Խավարամտության ռեկորդ է սահմանել լրատվամիջոցներից մեկը (բնականաբար, Բ26-ի ցուցումով), որը փորփրել է համաշխարհային կինոյի արխիվը, այնտեղ հայտնաբերել Արսինե Խանջյանի մասնակցությամբ մի ֆիլմ և գրել, թե. ««Արդար ընտրությունների» համար պայքարող կանադահայ դերասանուհի ԱՐՍԻՆԵ ԽԱՆՋՅԱՆԸ ամբողջովին մերկ նկարահանվել է «IRMA VEP» ֆիլմում (1996 թ.): Մանրամասները դիտե՛ք տեսանյութում»:

Մարդիկ որքան գավառամիտ ու ողորմելի պետք է լինեն, որ դերասանուհու կյանքում այլ «պիտնո» չգտնելով` փորձեն Արսինեի կինոդերը քաղաքական նպատակներով օգտագործել նրա դեմ: Կատարյալ սակավամտության դրսևորում է սույն «կոմպրոմատը», ինչով փորձում են, իբր, ստվեր նետել վերոնշյալ արշավի վրա:

Ի դեպ, էս «սարի չոբաններին» կարող ենք նաև նրա ամուսնու՝ Ատոմ Էգոյանի դեմ որպես «կոմպրոմատ» մի փաստ հուշել: Էգոյանի հայտնի «Արարատ» ֆիլմում սեքսի տեսարան կա: Դե, մի հատ էլ հարձակվեք հայտնի կինոռեժիսորի վրա, որն, ի դեպ, հայաստանյան «Ոսկե ծիրան» փառատոնի պատվավոր նախագահն է, իսկ ամուսնական զույգը բազմիցս է իր ներկայությամբ զարդարել այդ փառատոնը:

Ինչ վերաբերում է Արսինեի մերկ նկարահանվելուն, ապա այդ լրատվամիջոցը կարող է գնալ ու գործել աշխարհի ամենահետամնաց երկրներից մեկում, քանի որ եթե չգիտեք, թե հոլիվուդյան աստղերի ի՜նչ հրաշալի տասնյակ է տարբեր ֆիլմերում մերկ նկարահանվել (ոչ միայն հոլիվուդյան), ապա այդ լրատվամիջոցի գործելու տեղը գլոբուսից դուրս մի վայրում պետք է լինի: Յուեն ՄաքԳրեգոր, Ջուլիանա Մուր, Քեյթ Ուինսլեթ, Մարիսա Տոմեյ, Նիկոլ Քիդման, Անջելինա Ջոլի, Քոլին Ֆարել, Ջեյմս Ֆրանկո, Էն Հեթուեյ...Նրանք ֆիլմերում ամենաշատը մերկացած հոլիվուդյան աստղերն են... Պարզապես ամոթալի է Արսինեի դեմ նման նողկալի քայլեր անելը: Է՛հ, Քիմ Քարդաշյանն էլ է մերկացել ուզածի չափ: Հետո՞: Եթե նա էլ միանար այս արշավին, ապա կարելի էր պատկերացնել, թե ինչ քանակությամբ «կոմպրոմատներ» կտարածեին:

Ուրեմն, անցած տարվա հուլիսին՝ «Սասնա ծռերի» գործողության օրերին, երբ Խորենացի փողոցում ոստիկանները բռիություն դրսևորեցին, հարձակվեցին, քաշքշեցին ու Արսինեին մտցրին ոստիկանական մեքենա, տարան բաժին, դա՝ հեչ: Դա նորմալ է այդ լրատվամիջոցի և իշխանության համար: Իսկ ահա ընտրությունները վերահսկելու Արսինեի և մյուսների ցանկությունը մեծ հանցանք է, որի դեմն առնելու համար արդեն սկսել են նման քոսոտ ու ծիծաղելի «կոմպրոմատների» օգտագործումն ու տարածումը: Ռուբեն Հախվերդյանի դիպուկ բնութագրմամբ՝ «վառվռուն կոմսոմոլներից» չէինք էլ կարող այլ բան սպասել:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը